31 մայիսի 2017 - 17:58 AMT
ՀՈԴՎԱԾ
Ծխել չի կարելի թարգել
Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից
Մայիսի 31-ին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց ՀՀ-ում հասարակական վայրերում ծխելն արգելելու գալիք հեռանկարի ու այդ նպատակով օրենսդրական բազա նախապատրաստելու մասին:

PAN-ը հակիրճ պատմում է, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական ծխախոտագործությունն ու ծխախոտի շուկան և ովքեր են նորամուծության պոտենցիալ շահողներն ու պարտվողները:

Ծխախոտը Հայաստանում եկամտաբեր է թե ներմուծողների, թե արտահանողների համար

2016-ին Հայաստան է ներմուծվել մոտ $40.5 մլն մաքսային արժեքի 3 մլրդ հատ սիգարետ, սիգար և սիգարիլա: Նույն տարում ՀՀ-ում արտադրվել է 137.255 մլրդ դրամի (տարեկան միջին փոխարժեքով՝ մոտ $286 մլն-ի) 23.7 մլրդ հատ սիգարետ: Մոտ 20.9 մլրդ հատ սիգարետ՝ $209 մլն-ի, արտահանել ենք: Արտահանման գլխավոր ուղղությունն Իրաքն է (այդ մասին նախկինում գրել ենք):

Փաստորեն, ՀՀ-ում տարեկան ծխվում է մոտ 5.8 մլրդ հատ սիգարետ՝ 3 մլրդ հատ ներմուծված ու 2.8 մլրդ հատ տեղական արտադրության: Մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հայերն օրական 794 հազար տուփ սիգարետ են գնում:

Ծխախոտի հայկական շուկայում խոշորագույն խաղացողներն են Philip Morris-ը, JTI International-ը, «Դիսթիմէքս»-ը, «Ավերս»-ը, Վարդանյանների ընտանիքի «Գրանդ Հոլդինգի» ընկերությունները, «ՍՊՍ Սիգարոն»-ը:

Բոլորն էլ խոշոր հարկատուներ են: Philip Morris-ն 2016-ին վճարել է 9.2 մլրդ դրամ հարկեր, JTI-ը՝ 9.3 մլրդ դրամ, «Դիսթիմէքս»-ը՝ 3.2 մլրդ դրամ, «Ավերս»-ը՝ 5 մլրդ դրամ: Իսկ «Գրանդ Տոբակոն», որը նաև խոշորագույն արտահանող է, վճարել է ավելի քան 22.5 մլրդ դրամի հարկեր, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 9.4 մլրդ, «Գրանդ Մաստեր»-ը (զբաղվում է ծխախոտի փաթեթավորմամբ)՝ 4.3 մլրդ դրամ, գումարային միայն այդ երեք հայկական ընկերությունները՝ 36.2 մլրդ դրամ: Մոտ 814 մլն դրամ հարկեր է վճարել «Սիգարոնը»: Համեմատության համար՝ ամենամեծ հարկատու «Գազպրոմ-Արմենիան» 2016-ին վճարել է մոտ 42.4 մլրդ դրամի հարկեր:

Ով կշահի, ով՝ ոչ

Օրենքների փաթեթն ԱԺ կուղարկվի 2017-ի աշնանը: Ընդունվելուց բացի, այն պետք է նաև իրականում գործի (իսկ ինչպես է պետությունը անտեսում սեփական իսկ որոշումները՝ տես այստեղ): Բնական է, որ եթե թանկացումներն ու արգելքներն ուժի մեջ մտնեն, առաջին տուժողը լինելու են ներմուծողներն ու արտահանողները: Կշահի հասարակությունը՝ կառավարությունը նախատեսում է 40 տարում 18700 ծխելուց առաջացած հիվանդությունների հետևանքով մահվան դեպք կանխել, ինչպես նաև էլեկտրոնային սիգարետների արտադրողներն ու ներմուծողներն, ում վրա նորամուծոթյունը չի տարածվի: Ի դեպ, դրանց վնասակարության մասին բազմաթիվ հետազոտություններ ևս կան:

Հ.Գ. 2017-ի մարտին ՀՀ-ն ու «Philip Morris International»-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, հայտարարվեց, որ երկրում ընկերության հետազոտությունների ու մշակումների կենտրոններ կկառուցվեն:

Մասնակցեք PAN-ի հարցմանը. Կո՞ղմ եք, թե՝ դեմ ծխելն այսքան կտրուկ կերպով սահմանափակելուն

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net