12 հունիսի 2017 - 13:25 AMT
ՀՈԴՎԱԾ
Դանակը ոսկորին չհասած
Ինչ արժե առողջության անհատական ապահովագրությունը
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանում կմշակվի առողջապահական պարտադիր ապահովագրության օրենք, և 2020 թվականին քաղաքացիներին կառաջարկվի պարտադիր ապահովագրության փաթեթը: Իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ն առաջարկում է ծանոթանալ, թե ներկայումս որ ապահովագրական ընկերություններն են Հայաստանում իրականացնում առողջության անհատական (ոչ կորպորատիվ) ապահովագրություն և ինչ պայմաններով:

Առողջության անհատական ապահովագրությունը հատուցում է բժշկական հաստատությունների և ատամնաբուժարանների կողմից ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինանսական ծախսերը:

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների մեծ մասը՝ «Ռոսգոսստրախ», «Սիլ», «Արմենիա Ինշուրանս» և այլն, անհատի առողջության ապահովագրության փաթեթներ չեն առաջարկում. գործում են միայն կորպորատիվ փաթեթները, այն էլ՝ հիմնականում 20-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար:

Սակայն 3 ընկերություն, այնուամենայնիվ, առաջարկում է նաև առողջության ապահովագրության անհատական փաթեթներ:

Նաիրի ինշուրանս

Անհատական ապահովագրության առումով ամենաճկունը, թերևս «Նաիրի ինշուրանս» ընկերության վարած քաղաքականությունն է: Այս ընկերույթունն իր հաճախորդներին առաջարկում է առողջության անհատական ապահովագրության 4 փաթեթ՝ ստանդարտ, օպտիմալ, կոմպակտ և սոլիդ՝ համապատասխանաբար 20-ից 70.000 դրամ տարեկան ապահովագրական վճարով: Առողջության անհատական ապահովագրության շրջանակում «Նաիրի ինշուրանսի» կողմից, կախված ընտրված փաթեթից, հատուցման ենթակա են կանխարգելիչ բուժզննումը (բոլոր փաթեթների դեպքում), ամբուլատոր ծառայությունները, ատամնաբուժական և այլ ծառայություններ:

4 պայմանագրի դեպքում էլ ապահովագրական ծածկույթը կազմում է 8 մլն ՀՀ դրամ, սակայն էականորեն տարբերվում է մատուցվող ծառայությունների քանակը: Եթե ստանդարտ փաթեթի դեպքում խոսքը միայն կանխարգելիչ բուժզննման, բժշկական խորհրդատվության ու զեղչերի մասին է, ապա սոլիդ փաթեթն ապահովում է ամբուլատոր ծառայությունների գրեթե ամբողջական ծածկույթ:

Բացի այդ, կնքելով վկայագիր այս ընկերության հետ, ապահովագրված անձը կստանա զեղչ վկայագրի գործողության ամբողջ ընթացքում գործընկեր բժշկական հաստատություններում ստացիոնար ծառայություններ ստանալու համար և դեղատներում:

Ինգո Արմենիա

Ապահովագրական այս ընկերությունն անհատներին առաջարկում է փաթեթի միայն մեկ տեսակ, այն էլ՝ 4 տարի ժամկետով: Ընդհանուր արժեքը 4 տարվա համար կազմում է 250.000 դրամ, որը հնարավոր է վճարել ինչպես միանգամից՝ պայմանագրի կնքման պահին, այնպես էլ տարաժամկետ վճարման եղանակով՝ 30-50%-ը սկզբում, մնացած մասը՝ հետագա ամիսների ընթացքում:

Իսկ ինչ է առաջարկում ընկերությունն այս գումարի դիմաց. ապահովագրական ծածկույթը տարեկան կկազմի 5 մլն դրամ, իսկ մատուցվող ծառայությունների ցանկը տարեցտարի կընդլայնվի: Առաջին իսկ տարում ապահովագրվող անձը կարող է անցնել անսահմանափակ թվով բուժզննումներ, օգտվել բազմաթիվ ստացիոնար ու ամբուլատոր, լաբորատոր-գործիքային ծառայություններից, ինչպես նաև՝ ահազանգել դժբախտ պատահարների և անհետաձգելի բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում:

Բացի այդ, ընկերությունն ունի սեփական ամբուլատոր կենտրոն և ապահովում է շուրջօրյա դիսպետչերական ծառայություն, ինչպես նաև՝ խոստանում ծառայությունների մատուցման և հատուցումների իրականացման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն քանակ ապահովել:

Ռեսո

«Ռեսո» ապահովագրական ընկերությունը ևս առողջության անհատական ապահովագրության շրջանակում առաջարկում է ընդամենը 1 փաթեթ՝ տարեկան 36.000 դրամ ապահովագրական վճարով և 2 մլն դրամ ապահովագրական ծածկույթով: Սրա դիմաց ընկերությունն առաջարկում է ամբուլատոր ծառայությունների ընդլայնված ցանկ, ինչպես նաև՝ բազմաթիվ զեղչեր ստացիոնար բուժման համար:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net