4 հուլիսի 2017 - 12:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Ջրի բերած, ՀԷԿ-ի տարած
Ինչու է Կառավարությունը փորձում ավելացնել Սևանից ջրառը և ինչու են դեմ բնապահպանները
Ազգային ժողովը հուլիսի 4-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկում է Կառավարության մշակած նախագիծը, ըստ որի նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 270 խմ-ի։

ը պատմում է Կառավարության ներկայացրած օրինագծի մասին, ներկայացնում՝ ինչու են դեմ բնապահպաններն ու իրականում ով է այս ամենից շահում:

Թարմացում. Սևանից ջրառը 100 մլնխ/մ-ով ավելացնելու օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Նախագիծը

Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը:

ԱԺ ուղարկված նախագծում կառավարության մասնագետները եզրակացրել են, որ լրացուցիչ ջրառը Սևանա լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Սակայն բնապահպաններն ու ափամերձ համայնքի բնակիչները վստահ են՝ ջրազրկված տարածքներում կսկսվի նեխման պրոցես, կվտանգվի ձկների գոյությունը։

Օրենքը

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված է, որ լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է: Օրենքը սահմանում է նաև լճից տարեկան ջրառի առավելագույն շեմը՝ 170 մլն խմ:

Բնապահպանները

«SOS Սևան» նախաձեռնությունը, որը 72 կազմակերպություն է միավորում, Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ ստորագրահավաք է սկսել Change.org կայքում: Բնապահպաններն ահազանգում են, որ լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին:

Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:

Ռուսական ՀԷԿ-երը

Սևանա լճից տարեկան լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը, բնապահպանների պնդմամբ, ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելն է: Նրանք պնդում են, որ իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին։

Այն, որ լրացուցիչ ջրառի շնորհիվ ռուսական ընկերությունում մոտ 100 միլիոն կՎտ ավելի էլեկտրաէներգիա կարտադրվի, արձանագրված է նաև օրենքի նախագծում։ Դրա հեղինակ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, սակայն, վստահեցնում է՝ ազգային հարստության հաշվին առաջացած շահույթը ռուսական ընկերությանը չեն թողնելու:

«Եթե նույնիսկ շահույթ առաջանա, ակնկալում ենք, որ դա գալու է պետությանը, որևէ մեկին հաճոյանալու խնդիր չունենք»,- ասել է Հարությունյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ Սևանի առափնյա հանգստյան գոտիների ու շքեղ առանձնատների մասին, որոնց նույնպես «սպառնում է» Սևանի ջրի՝ տարեցտարի բարձրացող մակարդակը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net