11 հուլիսի 2017 - 12:34 AMT
ՀՈԴՎԱԾ
«Եթե սպասարկումը չկարևորեք, երբեք արդյունքի չեք հասնի»
Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստանում մասնավորի ուժերով
Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցում են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացնում են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը հնարավորություն կստանա համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։

Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տալիս է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է ու պարբերաբար կներկայացնի՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել այս կարճ ժամանակի ընթացքում:

Սեդա Վանդունց | 4-րդ կուրս, հողային կադաստրի ապագա մասնագետ

Ինչքան ավարտական տարին մոտենում է, այնքան ավելի եմ մտածում՝ ինչ եմ անելու, երբ ավարտեմ, ինչով եմ զբաղվելու: Շատ եմ ուզում իմ մասնագիտությամբ շարունակել, ու հուսով եմ՝ կստացվի: Ագրարային համալսարանում եմ սովորում՝ Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետի 4-րդ կուրսում:

«Ռոստելեկոմի» ամառային այս ծրագրի մասին պատահաբար իմացա, Ֆեյսբուքից։ Երբ լրացնում էի հարցաթերթիկը, եթե անկեղծ, չէի սպասում, որ կընտրվեմ՝ մասնագիտությունս հեռահաղորդակցության ոլորտից շատ է հեռու: Բայց բախտս բերեց՝ զանգահարեցին, ես էլ, իհարկե, որոշեցի փորձել։ Հարցազրույցն էլ անցա, զանգեցին, ասացին՝ ընդգրկված եմ ծրագրում:

Ոգևորությունս հիմա մեծ է, դուրս գալիս է այն ամենը, ինչ կատարվում է: Ոլորտն ինձ համար նոր է, բայց շատ հետաքրքիր: Օրերս, օրինակ, թիմային մրցույթ էր կազմակերպվել, ու պետք էր սեփական ընկերությունը ձևավորել՝ կառուցվածքից ու գաղափարախոսությունից մինչև շուկայում աշխատանքը: H-Science անվանմամբ ընկերություն էինք «ստեղծել», որը տանը նոր տեխնոլոգիաներ է ներդնում ու աշխատում «խելացի տան» կոնցեպտի վրա։ Շատ հետաքրքիր գաղափար ստացվեց: Ես էլ կուզեի նման տանն ապրել, երբ առավոտյան դուրս ես գալիս, պատահաբար մոռանում անջատել հեռուստացույցը, ու հիշելուց հետո կարողանում անել դա սմարթֆոնի միջոցով։

Թեմատիկ դասընթացների շարքում, կարծում եմ, ինձ մարքեթինգն ավելի կհետաքրքրի. հաշվի առնելով մասնագիտությունս, դա ինձ համար բոլորովին նոր ոլորտ է, անծանոթ։ Սպասարկումն ու վաճառքն էլ է հետաքրքիր: Արդեն գիտեմ՝ ինչպես սպասարկել հաճախորդին, ինչ ասել նրան, ինչ՝ ոչ, որ չվիրավորեմ, ինչպես համոզեմ, որ օգտվեն հենց կոնկրետ ընկերության ծառայություններից: Շատ բան եմ իմացել, որ նախկինում չգիտեի, ու հետագայում էլ, անկախ նրանից՝ որտեղ կաշխատեմ, կկարողանամ կիրառել գիտելիքներս:

Դասընթացների ժամանակ ամենաշատն ինձ տպավորեց հետևյալ միտքը.

Վաճառքը կախված է սպասարկումից. բիզնեսում դա աքսիոմատիկ հասկացություն է։ Վաճառքն ու սպասարկումը փոխկապակցված, սերտաճած հասկացություններ են։ Դուք երբեք չեք ունենա վաճառքի բավարար, գոհացուցիչ մակարդակ, եթե սպասարկումը նույնքան չեք կարևորում, որքան վաճառված պրոդուկտի ծավալները։ Իսկ սպասարկումը ենթադրում է ամենօրյա բարդ աշխատանք հաճախորդի հետ` հասկանալով ու ընդունելով նրա պահանջները։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo