20 հուլիսի 2017 - 12:10 AMT
ՀՈԴՎԱԾ
«Կգա մի օր, երբ համակարգչային արդյունաբերությունը կհայտնվի մեծ խնդրի առաջ»
Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով
Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ:

Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն կստանա համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։

Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տվել է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է ու պարբերաբար կներկայացնի՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել այս կարճ ժամանակի ընթացքում:

Հակոբ Թարփոշյան | 4-րդ կուրս, կառավարման ոլորտի ապագա մասնագետ

Դասընթացները մտովի բաժանել էի երկու մասի՝ մասնագիտությանս հետ ուղիղ կապ ունեցող եւ չունեցող: Նրանք, որոնք կապ ունեին մասնագիտությանս հետ, թույլ էին տալիս ավելի խորացնել գիտելիքներս ու հմտացնել՝ գործնականում տեսնելով, թե ինչպես է աշխատում խոշոր ընկերությունը, ինչպես են բաժանված տարբեր ստորաբաժանումների ֆունկցիաները: Ընդ որում՝ այդ ամենն իմանալ անմիջապես մասնագետներից՝ իրենց աշխատանքային միջավայրում: Իսկ դասընթացները, որոնք կապ չունեին իմ մասնագիտացման հետ, թույլ էին տալիս ինձ իմանալ այն, ինչի մասին նախկինում անգամ չեմ էլ կասկածել:

Սպասարկումն ու վաճառքը ընկերության անկյունաքարերն են. առանց դրանց նրբություններին տիրապետելու կառավարման ոլորտի մասնագետ չես դառնա: Համալսարանում ևս սովորում ենք, թե ինչ է սպասարկումը, ինչ է վաճառքը: Սակայն այդ ամենը գրված է գրքի մեջ: Գործնական աշխատանք է պետք, պարզ օրինակներ, որպեսզի ուսանողի համար ավելի հասկանալի դառնա: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է, եթե կարող ես տարանջատել կարևորը երկրորդականից: Եթե ես լինեմ որևիցե ընկերության մարքեթինգային ստորաբաժանման ղեկավար, ես հստակ կիմանամ իմ քայլերի հաջորդականությունը: Առաջին հերթին՝ գտնել շուկայի բոլոր առկա հնարավորությունները, այսպես ասած՝ նիշաները: Դրանք վերլուծելուց հետո արդեն ինձ համար հասկանալի կդառնա, թե իմ կազմակերպության համար կոնկրետ որ նիշան եմ թիրախավորում: Միայն դրանից հետո կաշխատեմ զարգացնել պրոդուկտներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ այդ սեգմենտին:

Մասնակցել եմ մրցույթին, որը հնարավորություն էր տալիս, վերոնշյալ օրինակով, սեփական ընկերությունը ձևավորել: Մեր խումբն առաջարկել էր SmartHome ընկերությունը՝ հիմնված նորարար տեխնոլոգիաների վրա:

Այն առաջարկում էր «խելացի տան» կոնցեպտ, որը թույլ է տալիս գաջեթների միջոցով կառավարել տունն ամբողջությամբ, կամ մասնակի: Կոնկրետ այս նիշան Հայաստանի համար դեռ նորություն է, սակայն հաշվի առնելով ՏՏ ոլորտի ահռելի ներուժը մեր երկրում, ցանկալի կլիներ, որ նորաստեղծ ընկերությունները ուշադրություն դարձնեին հենց այս, առայժմ բավականին «ազատ» սեգմենտին:

Դասընթացների ժամանակ ամենաշատն ինձ տպավորեց հետևյալ միտքը. Ինտերնետային կապի տեխնիկական կողմին ծանոթանալուց հասկանալի է դառնում այդ մոտեցման ահռելի ներուժը նաև համակարգչային տեխնիկայի հետագա զարգացման համար: Պատկերացրեք, օպտիկամանրաթելային մալուխով ինֆորմացիան հաղորդվում է լույսի միջոցով՝ հնարավոր առավելագույն արագությամբ: Օպտիկական ալիքատարը ֆոկուսացնում է լույսը, որն արդեն համակարգչի մեջ վերափոխվում է էլեկտրոնային ազդանշանների ու երևում, որպես որևիցե ինտերնետ կայք: Բայց էլեկտրոնների հիմքով աշխատող պրոցեսորների արագությունը խիստ սահմանափակ է: Կգա մի օր, երբ դրանցում առկա տրանզիստորների չափերի ավելի փոքրացումն անհնարին կդառնա ու համակարգչային արդյունաբերությունը կհայտնվի մեծ խնդրի առջև: Միակ լուծումը՝ համակարգչի աշխատանքներում կիրառել նույն մոտեցումները, որոնք արդեն իսկ կիրառվում են ինտերնետ կապի ապահովման ոլորտում: Այսինքն, ստեղծել պրոցեսորներ, որոնք աշխատում են ոչ թե էլեկտրոնային, այլ լուսային տրանզիստորներով: Դա կլինի առավելագույնս արագ աշխատող համակարգիչ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo