21 հուլիսի 2017 - 17:27 AMT
ՀՈԴՎԱԾ
«Փիարն ու մարքեթինգը տարբեր հասկացություններ են, չնայած մեզանում դրանք հաճախ նույնացվում են»
Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով
Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն կստանա համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։

Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տվել է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է ու պարբերաբար կներկայացնի՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել այս կարճ ժամանակի ընթացքում:

Միքայել Նարինյան | 3-րդ կուրս, Սպորտային մանկավարժություն և կառավարում, բռնցքամարտիկ

Կարելի է մտածել, որ մարզաշխարհի ներկայացուցիչն առավելագույնս հեռու է տեխնոլոգիաներից, կորպորատիվ կառավարումից և այլն: Իրականում դա այդպես չէ: Սպորտով զբաղվելը ոչ մի կերպ չի խոչընդոտում այլ ոլորտներով հետաքրքրվելուն: Ոչ միայն հետաքրքրվելուն, այլ կոնկրետ այդ ոլորտներում խորանալուն, ուսումնասիրելուն: Անգամ հնարավոր է, որ բռնցքամարտիկ լինելու հետ մեկտեղ զբաղվեմ այլ բնագավառներով: Անցկացված դասընթացները ցույց տվեցին մի պարզ բան. եթե կա ցանկություն նոր բան սովորելու, դիմեք մասնագետներին: Նրանք հաճույքով կկիսվեն իրենց գիտելիքներով:

Ինքս բնույթով շատ հետաքրքրասեր եմ: Ինձ հաճույք են պատճառում նոր բացահայտումները, որևիցե նոր բան իմանալը: Գիտեք, հայտնի հասկացություն կա. չիմանալն ամոթ չէ, չհարցնելը, սովորել չուզելն է ամոթ: Նույն սկզբունքով էլ առաջնորդվում եմ: Երբ դիմում էի դասընթացներին մասնակցելու, մտքովս անգամ չէր անցնում, որ ինձ կարող է չհայտավորեն միայն այն պատճառով, որ մասնագիտությունս, մեղմ ասած, չի համապատասխանում: Վստահ էի, որ անցնելու եմ, ու անցա:

Բնականաբար, հաղթելը կարևոր է: Բայց սպորտը նաև սովորեցնում է, որ հաղթելուց կարևոր մասնակցությունն է: Մրցութային ծրագրերին ակտիվորեն եմ մասնակցել՝ փորձելով ուժերիս ներածի չափ օգնել մեր թիմին: Թիմի հաղթանակը նաև իմ հաղթանակն է, ի վերջո անցկացված դասընթացների զգալի մասը հենց թիմային աշխատանքի հետ էր կապված: Մեզ սովորեցնում էին ինչպես փոխլրացնել միմյանց, ինչպես զարգացնել մեր գաղափարները: Ցանկացած գաղափար ունի իր սկզիբը, երբ այն ծնվում է, ու տրամաբանական ավարտը՝ երբ այն հասունանում է վերջնական նախագծի տեսքով: Այդ սկզբի ու ավարտի միջև շղթա է՝ բաղկացած տարբեր մարդկանց մտքերից, ու շատ կարևոր է, որ դրանք ոչ թե միմյանց հակասեն, այլ փոխլրացնեն:

Մրցույթի ընթացքում մեր ներկայացրած ընկերությունը բավականին ունիկալ էր: Բոլորը գիտեն, որ այսօր աշխատանքի տեղավորվելը բարդ է, հաճախ կազմակերպությունները նոր աշխատակցից պահանջում են, որ նա փորձաշրջան անցնի: Երբեմն, այդ փորձաշրջանը չի վարձատրվում: Մեր ընկերությունն առաջարկում էր այլ կազմակերպություններին իրենց փոխարեն փորձաշրջան կազմակերպել նոր աշխատակիցների համար՝ խնայելով թե աշխատակցի նյարդերը, թե կազմակերպության ռեսուրսները:

Դասընթացների ժամանակ ամենաշատն ինձ տպավորեց հետևյալ միտքը. եթե ընկերության ղեկավարությունը հասկանում է, թե ինչում է փիարի ու մարքեթինգի տարբերությունը, հնարավոր է դառնում նաև տվյալ ընկերության ճիշտ թիրախավորումը շուկայում: Փիարն ու մարքեթինգը բոլորովին տարբեր հասկացություններ են, չնայած մեզանում դրանք հաճախ նույնացվում են: Մարքեթինգը վերաբերում է ընկերության կոնկրետ արտադրանքը, կամ ծառայությունը հանրության լայն շերտերին հասցնելուն: Ընդ որում՝ անհրաժեշտ է ընդգծել դրա առավելությունները թե որպես առանձին արտադրանք, կամ ծառայություն, և թե մրցակիցների հետ համեմատության առումով: Փիարն, իր հերթին, արդեն ամբողջ ընկերության որդեգրած ռազմավարական մոտեցումն է շրջակա միջավայրի՝ գնորդի, այլ ընկերությունների, պետության հետ շփվելու հարցում: Հետևաբար, ցանկացած իրեն հարգող ընկերություն պետք է ի սկզբանե տարանջատի այս հասկացություններն ու ունենա յուրաքանչյուրի համար առանձին, իրենց առջև դրված խնդիրները լավ գիտակցող թիմեր: