31 հուլիսի 2017 - 13:25 AMT
ՀՈԴՎԱԾ
«Որքան պարզ ու հասկանալի լինի ընկերության լոգոն, այնքան հաճախորդը կսիրի այն»
Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով
Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն ստացավ համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը։

Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տվել է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է ու պարբերաբար կներկայացնի՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել այս կարճ ժամանակի ընթացքում:

Անի Սեդրակյան | 3-րդ կուրս, կառավարման ապագա մասնագետ

Սոցիալական ցանցերը ոչ միայն զուտ շփման, նոր մարդկանց ճանաչելու, այլև օգտակար ինֆորմացիայի աղբյուր են։ Հենց սոցիալական ցանցերի միջոցով եմ իմացել դասընթացների մասին։ Հետո անմիջապես լրացրել եմ հայտը։ Տպավորությունները բավականին դրական են։ Կարևորը, որ դասընթացների ժամանակ մասնագետներն անընդհատ մեզ մոտիվացնում էին։ Նոր բան իմանալը, իհարկե, միայն դասընթացներով չի սահմանափակվում, սակայն այստեղ տրվում է այն նախնական ինֆորմացիան, որից հետո ես ինքնուրույն ուսումնասիրում էի թեմատիկ նյութեր։

Եթե ընտրել եմ կոնկրետ մասնագիտություն, նշանակում է պետք է հենց այդ ուղղությամբ ներդնեմ բոլոր ջանքերս։ Կառավարման ոլորտի ապագա աշխատակցի համար մարքեթինգը, PR-ը, աշխատանքային օրենսգրքի իմացությունը խիստ կարևոր է։ Կարելի է երկար խոսել PR-ի ու մարքեթինգի առանձնահատկությունների, մոտեցումների մասին, սակայն հենց կոնկրետ ընկերության ներսում դրանց առանձնահատկություններին ծանոթանալն անգնահատելի փորձ է։ Ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել։

PR-ն ու մարքեթինգային քաղաքականության իրականացումն ինձ համար մասնագիտական են։ PR-ն ավելի լայն իմաստ է կրում. այն ընկերության, ծառայությունների, արտադրանքի մասին հասարակական կարծիքի ձևավորման գլխավոր գործիքն է։ Իսկ մարքեթինգն ապրանքանիշի, կամ կոնկրետ ծառայության՝ թիրախային շուկայում առաջխաղացումն է։ Տարբերությունը հասկանալուց հետո միայն հնարավոր է կազմակերպել համապատասխան աշխատանքները։ Երբեք ընկերության մարքեթինգի բաժինն ու PR-ի բաժինը չպետք է նույնացվեն։

Ինձ համար շատ հետաքրքիր էր խմբային աշխատանքը, որի ընթացքում ներկայացրեցին մեր ընկերությունը՝ «խելացի» տան կոնցեպտի շուրջ աշխատող Hscience կազմակերպությունը։ Հետո իմացանք, որ մյուս խմբերից մեկը ևս նմանատիպ նախագիծ է առաջարկում։ Մրցակցությանը դիմանալու համար հայտարարեցինք, որ մեր ընկերության գաղափարախոսության հիմքում հաճախորդակենտրոնությունն է՝ «Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին»։ Արդյունքում գրավեցինք երկրորդ տեղը․ առաջինը զբաղեցրած թիմը բոլորովին այլ նախագիծ էր ներկայացրել, հետևաբար, կարելի է ասել, որ մեր ապրանքային նիշայում մրցակցին հաղթեցինք։

Դասընթացների ընթացքում ինձ հատկապես տպավորել է հետևյալ միտքը․

ընկերության տարբերանշանի՝ լոգոյի ստեղծումը ոչ միայն ստեղծագործական բարդագույն պրոցես է։ Դա նաև տվյալ ընկերության մարքեթինգային քաղաքականության ամբողջական արտացոլումն է։ Ձևի, գույների, տառերի համադրությունը, դրանց սիմվոլիկ նշանակությունը՝ կարևոր է ամեն ինչ։ Լոգոն պետք է արտացոլի կազմակերպության ամբողջ փիլիսոփայությունը՝ միաժամանակ չլինելով «կպչուն» հաճախորդի համար։ Այն պետք է ճանաչելի, ընկալելի դառնա, սակայն ոչ երբեք հոգնեցնող, բարդ։ Ի վերջո, մենք արտադրանքի հետ ծանոթանալու ընթացքում առաջինը տեսնում ենք տարբերանշանը։ Այն ենթագիտակցական մակարդակով հայտնվում է մեր հիշողության մեջ, ու որքան պարզ, հասկանալի ու հիշվող լինի, այնքան ընկերությունը հաճախորդի կողմից կսիրվի։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo