Ալկոթեստերները որոշում են մարդու արտաշնչած 1լ օդի մեջ էթիլ սպիրտի պարունակությունը: Այն հաշվում է տոկոսային տրամաբանությամբ, սակայն քանի որ օդի մեջ էթիլ սպիրտի պարունակությունն անգամ բավական թունդ արբածության դեպքում շատ փոքր թիվ է կազմում, կիրառվում է պրոմիլ հասկացությունը. 1 պրոմիլը տոկոսի տասնորդական չափն է, այսինքն՝ 1/10 %:
Սթափ է/չէ
Հայաստանում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 պրոմիլից ավելի է:
Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:
Համացանցում տարբեր աղյուսակներ կան, որոնց միջոցով կարելի է հաշվել, թե, օրինակ, որքան պրոմիլ է կազմում ալկոհոլի քանակն արյան մեջ 1 շիշ գարեջուր կամ 0.5 լ օղի խմելուց հետո:
Այսպես, արյան մեջ ալկոհոլի քանակի որոշման աղյուսակները ցույց են տալիս, որ, օրինակ, 0.5 լ օղի խմելուց անգամ 15 ժամ անց արյան մեջ ալկոհոլի քանակը կամում է 0.48 պրոմիլ, իսկ մեքենա կարելի է վարել 17 ժամից ոչ շուտ: Ստացվում է, որ եթե երեկոյան ժամը 21:00-ին կես լիտր օղի եք խմել, ղեկին կարող եք նստել ոչ շուտ, քան հաջորդ օրը ժամը 14:00-ն, քանի որ առավոտյան ժամը 9-ին արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կլինի դեռևս մոտ 0.7 պրոմիլ, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:
0.33լ օղու դեպքում ղեկին կարելի է նստել ալկոհոլ օգտագործելուց նվազագույնը 14 ժամ անց:
Գարեջրի թույլ տեսակների դեպքում, եթե օգտագործել եք 0.5 լ և կշռում եք մոտ 80 կգ, ղեկին կարող եք նստել 3 ժամից ոչ շուտ, իսկ դրա թունդ տեսակների դեպքում ստիպված կլինեք սպասել նվազագույնը 4.5 ժամ:
Ի դեպ, օրգանիզմից ալկոհոլի դուրս գալու ժամանակահատվածը հակադարձ համեմատական է մարդու քաշին. որքան նիհար է անձը, այնքան երկար ժամանակ է պահանջվում, և հակառակը: Օրինակ՝ 0.5 լ օղի խմելու դեպքում մոտ 60 կգ կշռող տղամարդը ղեկին կարող է նստել 29 ժամից ոչ շուտ, իսկ 100 կգ-ից ավելի դեպքում՝ «ընդամենը» 17.5 ժամ: Ի դեպ, կանանց մոտ այս գործընթացն ավելի դանդաղ է ընթանում՝ մոտ 1 ժամ ավելի երկար ժամանակ է պահանջվում:
Տուգանքները
ՀՀ-ում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100.000 դրամով: Եթե վարորդի՝ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը(պրոմիլը), տուգանքը կկազմի 150.000 դրամ: Ի դեպ, զննությունից խուսափելը ևս տուգանվում է նույն չափով՝ 150.000 դրամ, իսկ տուգանվելուց հետո մեկ տարվա ընթացքում հանցանքը կրկնելու դեպքում կզրկվեք վարորդական իրավունքից՝ 12 ամսով:
Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն: Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (բուժհաստատություն) կողմից:
Սթափեցնող վիճակագրություն
Ամբողջ աշխարհում ավտոտրանսպորտային միջոցների վթարների ավելի քան մեկ երրորդը տեղի է ունենում վարորդների ոչ սթափ լինելու պատճառով: Հետազոտություններով պարզված է, որ 150-200գ օղի օգտագործելու դեպքում աշխատանքային առաջին ժամվա ընթացքում վարորդի կատարած սխալների թիվը ավելանում է 30%-ով, իսկ երկրորդ ժամվա ընթացքում՝ 50%-ով: