22 սեպտեմբերի 2017 - 12:22 AMT
ՀՈԴՎԱԾ
Երբ սիրտդ անքուն գիշեր է ուզում
Որտեղ «տժժալ» Երևանում գիշերվա 2-ից հետո
Երևանն իրավամբ կարելի է հանգիստ քաղաք համարել, երբեմն նույնիսկ չափից ավելի հանգիստ: Երիտասարդները երբեմն բողոքում են, որ բացակայում է ակտիվ գիշերային կյանքը, քանի որ ժամանցային հաստատությունների մեծ մասը փակվում է կեսգիշերին, որոշ դեպքերում՝ 02:00-ին: Եվ այն մարդիկ, որոնք «պահանջում են, որ բանկետը շարունակվի», ուղղակի դա անելու տեղ չունեն:

PanARMENIAN.Net-ն առանձնացրել է մի քանի փաբ ու բար, որտեղ կարելի է ուրախ անցկացնել գիշերային ժամանցը և տուն չգնալ 2-ից հետո:

Երևանի ամենահայտնի փաբերից է Hemingway’s-ը: Հայտնի ամերիկացի գրողի պատվին անվանակոչված, Երևանի կենտրոնում, Կասկադում (Թամանյան 1) գործող փաբը գրավում է առաջին հերթին նրանով, որ ամեն օր է աշխատում, և ինչն ավելի կարևոր է՝ մինչև լուսաբաց: Աչքի է ընկնում լավ երաժշտությամբ, որն ապահովում են ճաշակով բարմենները: Բարմենների փոփոխությամբ պայմանավորված՝ փաբում կարելի է գերազանց տեխնո լսել կամ օլդսքուլային ռեփ:

Ամռանը փաբի առջև նաև բաց սրճարան է գործում, որն աշխատում է մինչև կեսգիշեր, որից հետո այցելուներին առաջարկում են ներքև իջնել: Բոլորի կողմից սիրված հին ու բարի «Հեմի» առանձնահատկությունը ոչ միայն մինչև լույս խմելու հնարավորությունն է, այլ նաև մի բան ուտելու՝ փաբը բավականին լուրջ ճաշացանկ ունի բազմապիսի ուտեստներով, իսկ խոհանոցն աշխատում է մինչև առավոտվա 4-ը: Դա հատկապես ուրախալի է, եթե վաղ նախաճաշ եք պլանավորել: Երբեմն փաբում կարելի է նաև հայտնի հայ դիջեյների լսել, որոնք բարեկամաբար գալիս են նվագելու հաստատության մշտական այցելուների համար: Սակայն դա հաճախ չի լինում, քանի որ փաբը գտնվում է բնակելի տան նկուղում:

Նույն Կասկադում է գտնվում (Թամանյան 1) ևս մեկ սիրված փաբ-սրճարան՝ Eden-ը, ուր նույնպես կարելի է գիշերվա 2-ից հետո գնալ: Սակայն այնտեղ շատ երկար մնալ չի հաջողվի՝ միայն մինչև 03:00-ը: Ամռան ամիսներին այս փաբի առջև նույնպես բացօթյա սրճարան է գործում, որտեղ սովորաբար ազատ տեղ չի լինում: Փաբը մի քանի տարի առաջ սիրիահայերն են բացել, աշխատակիցներն էլ հիմնականում հայրենադարձներ են, ինչը շատ գրավիչ է անգլալեզու զբոսաշրջիկների համար, քանի որ լեզվի խնդիր չի առաջանում: Փաբն իր խոհանոցն ունի, որը փակվում է 23:00-ին: Փաբի առավելություններից է նաև նկուղային հարկի առկայությունը. առաջին հարկը լուսավորված է և այնտեղ կարելի է ժամանցը վայելել սրճարանում, իսկ ներքևի հարկն ավելի քիչ է լուսավորված, երաժշտությունն ավելի բարձր է, մթնոլորտն էլ՝ ավելի ակտիվ:

Փաբերով ու բարերով ամենահարուստ երևանյան Պուշկին փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում է գտնվում Liberty փաբը: Այստեղ գիշերային ժամանցի սիրահարները կարող են մնալ մինչև 04:00-ն: Փաբն առաջարկում է խմիչքի լայն տեսականի բավականին մատչելի գներով: Այստեղ կարելի է ամենատարբեր ժանրերի երաժշտություն լսլել, իսկ երբեմն միջոցառումներ են կազմակերպվում դիջեյների և բենդերի մասնակցությամբ: Փաբը մեծ չէ, ոչ այնքան տարողունակ, բայց այստեղ կարելի է տարբեր դասի մարդկանց տեսնել՝ գրասենյակային աշխատողներից մինչև հիփսթերներ: Liberty-ն աշխատում է ամեն օր, բացի ապրիլի 24-ից:

Եվս մեկ հետաքրքիր վայր է Աբովյան 3 հասցեում գործող The Basement դիջեյ բարը: Բարն առանձին շենքի նկուղային հարկում է, այդ շենքում են գտնվում նաև Paparazzi ակումբն ու սրճարանը: The Basement-ը բաց է ամեն օր մինչև առավոտյան 03:00-04:00-ը, կախված այցելուների քանակից: Շաբաթվա տարբեր օրերին բարում երեկույթներ են կազմակերպվում տեղացի և արտասահմանցի դիջեյների մասնակցությամբ: Բարի առավելություններից մեկն այն է, որ այն բնակելի շենքում չէ գործում, ինչը հնարավորություն է տալիս բարձր լսել որակյալ երաժշտությունը:

Մինչև ուշ ժամն աշխատող հաստատությունների թվում հարկ է նշել նաև Before Room դիջեյ բարը, որը գործում է Տերյան 105/1 հասցեում: Բարի միակ թերությունն այն է, որ այն ուրախացնում է իր հաճախորդներին հիմնականում միայն ուրբաթ և շաբաթ օրերին: Սակայն, չմեղանչելով ճշմարտության դեմ, պետք է ասել, որ դա միանգամայն բավարար է, քանի որ բարում բարձրակարգ միջոցառումներ են անցկացվում լավագույն հայ դիջեյների և արտերկրից ժամանակ սաունդ արտիստների մասնակցությամբ: Մելոմանների համար նախատեսված Before Room-ն այդպիսի միջոցառումների օրերին աշխատում է մինչև ատավոտյան 04:00-05:00-ը: Այս բարը նույնպես բնակելի տան նկուղում չէ գտնվում, ուստի կարելի է աղմկել, որքան ուզես:

Հատուկ միջոցառումների օրերին գիշերվա 02:00-ից հետո աշխաում է նաև Սայթ-Նովա 6 հասցեում գործող Green Dragon Distillery բարը: Այլ օրերին հաստատությունը բաց է մինչև կեսգիշեր: Բարի անվանումը պատահական չէ ընտրված, դա իրոք «խմիչք քաշելու» տեղ է, Հայաստանում բացված առաջին արհեստավարժ թորանոցը, որտեղ այցելուները կարող են անձամբ մասնակցել համեղ ու մաքուր թորվածքների, մրգային օղիների և թուրմերի պատրաստմանը նույնիսկ սեփական բաղադրատոմսով: Բարը վերջին շրջանում ակտիվացրել է աշխատանքը՝ աղմկալի երեկույթներ կազմակերպելով տեղացի և հրավիրված դիջեյների մասնակցությամբ: Green Dragon Distillery-ն բնակելի շենքում է գտնվում, հայտնի «Էնոտեկա» գինետան տակ, ինչն էլ հնարավորություն է տալիս աղմկել գիշերը՝ չանհանգստացնելով շենքի բնակիչներին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net