5 հոկտեմբերի 2017 - 15:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Տարվա «ամենալուսնային» միջոցառումը
9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար
Հայաստանում էլեկտրոնային երաժշտության սիրահարները այդքան էլ հաճախ չեն ունենում հնարավորություն միջազգային մասշտաբի դիջեյների մեզ մոտ լսելու: Դրա համար կան շատ պատճառներ՝ թե՛ այդ երաժշտության սիրահարների ոչ մեծ քանակը, թե՛ միջազգային հայտնի արտիստների թանկ լինելը, թե՛ երկրում որակյալ միջոցառում կազմակերպելու դժվարությունները և թե՛ մի շարք այլ խոչընդոտներ:

Սակայն այս անգամ, կարծես, բոլոր դժվարությունները հաղթահարված են, և էլեկտրոնային երաժշտության ու որակյալ փարթիների սիրահարներին սպասվելու է տարվա «ամենալուսնային» միջոցառումը: Absolut-ը PAN Media-ի աջակցությամբ կազմակերպում է Absolut Moon Stage-ը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին:

PanARMENIAN.Net – ը պատմում է՝ ինչով է այս միջոցառումն աննախադեպ, և ինչու այն չի կարելի բաց թողնել:

1. Աննախադեպ լայնափ

Արտասահմանյան շատ արտիսներ են նվագել հայաստանյան բեմերում, բայց երբևէ չի եղել, որ ողջ լայնափը կազմված լինի միմիայն միջազգային ճանաչում ունեցող դեմքերից: Absolut Moon Stage-ի հարթակում հավաքվելու է միանգամից 4 հայտնի դիջեյ՝ Viken Arman-ը, Lum-ը, Powel-ը և Jacob Groening-ը, որոնց մի մասն ունեն իրենց լեյբլներն ու կազմակերպում են փառատոններ: Դիջեյների այդ ընտրությունը պայմանավորված է նաև այն կարևոր հանգամանքով, որ նրանք բոլորը նվագել են աշխարհի ամենահայտնի արվեստի փառատոնի՝ Burning Man-ի (որի մասին PAN-ն արդեն պատմել է) գլխավոր բեմերում:

2. Վիկեն Արմանը՝ որպես երաժշտական պրոդյուսեր

Միջոցառման առավելություններից է նաև այն, որ ֆրանսահայ հայտնի երաժիշտ Վիկեն Արմանը հանդես է եկել նաև երաժշտական պրոդյուսերի դերում՝ անձամբ ընտրելով դիջեյներին ըստ իրադարձության կոնցեպտի:

3. Live երաժշտություն

Absolut Moon Stage-ը տարբերվում է նրանով, որ բոլոր դիջեյները live են նվագելու, այսինքն՝ հանդես են գալու կենդանի կատարմամբ: Դիջեյների՝ տարատեսակ գործիքների միջոցով երաժշտությունը տեղում «հավաքելն» և իմպրովիզ անելը շատ ավելի բարդ է, քան պատրաստի կատարումներից սեթեր հավաքելը:

4. Վայր

Միջոցառման անցկացման վայրի ընտրությունը շատ հետաքրքիր է. Absolut Moon Stage-ը կանցկացվի Տերյան 91 հասցեում գտնվող հին տպարանի շենքում, որը չի գործել ԽՍՀՄ-ից ի վեր: Այդ վայրում առաջին անգամ է անցկացվում նման միջոցառում և ընդհանրապես՝ որևէ միջոցառում:

5. Լուսային տեխնիկա

Կազմակերպիչները վստահեցնում են, որ միջոցառման համար բերվելու է լավագույն լուսային տեխնիկան, և, ինչն ավելի կարևոր է, հատուկ այդ նպատակով ընտրված լուսային ինժեները տեղում կստեղծի «լուսնային» մթնոլորտ:

6. Surround ձայն

Լավ երաժշտությունը բարձր մակարդակով մատուցելու համար առաջնային խնդիր է որակյալ ձայնային տեխնիկան: Ասում են՝ Absolut Moon Stage-ի շրջանակներում բարձրորակ (չշփոթել բարձրաձայնի հետ) ձայն է հնչելու: Կարևոր է, որ ձայնային տեխնիկան բաշխված է լինելու շատ ճիշտ՝ ապահովելով surround sound (տարածական ձայն) և լավ հնչողություն այդ ոչ փոքր տարածքի բոլոր հատվածներում:

7. Շատ մեծ բար հատուկ պատրաստված կոկտեյլներով

Դե ի՞նչ մեծ փարթի առանց լավ խմիչքի. Absolut Moon Stage-ի համար հավաքել են բացառիկ մեծ բար՝ շուրջ 40 քառակուսի մետր ալկոհոլ և ոչ միայն: Տեղում աշխատելու են քաղաքի լավագույն բարմենները, պատրաստելու են նաև հատուկ այդ օրվա համար ստեղծված կոկտեյլներ, դե իսկ Absolut-ի մասնակցությունն էլ որոշիչ դեր է խաղալու այս հարցում:

8. Նախնական facecontrol-ով ընտրված մարդիկ

Վստահորեն կարելի է ասել, որ Absolut Moon Stage-ին մասնակցելու են միայն ընտրյալները: Տոմսեր և հրավիրատոմսեր ձեռք բերել հնարավոր չէ, մուտքը միայն նախնական facecontrol-ով է՝ գրանցմամբ: Փարթիի բոլոր մասնակիցներին անձամբ ընտրելու են կազմակերպիչները, և «լավ ախպեր», մոտ ընկեր, դիջեյի ծանոթի խնամի, հայտնի մարդու թիկնապահ լինելն այդ դեպքում որոշիչ դեր չի խաղալու և չի բացելու ձեր առջև միջոցառման դռները, ուստի շտապեք գրանցվել, գրանցումը շուտով կավարտվի:

9. Բացառիկ կադրեր PAN Photo-ից

Իրադարձությունը բաց չթողնելու ևս մեկ առիթ է PAN Photo-ի կողմից արված բացառիկ լուսանկարներ ունենալու հնարավորությունը: Այդ օրը PAN Photo-ն լուսանկարելու է 50-60-ականների տեխնիկայով, ինչ դեռ չի արել, և փարթիի մասնակիցները հնարավորություն կունենան տարիներ անց՝ նայելով այդ օրվա լուսանկարներին, մտովի վերադառնալ այդ օր և վերապրել «լուսնային» տրամադրությունը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net