23 հոկտեմբերի 2017 - 18:59 AMT
ՀՈԴՎԱԾ
«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը
Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են
Green Card-ի խաղարկության մեկնարկը տրված է, այն կավարտվի նոյեմբերի 22-ի կեսօրին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ժամանակով:

Բազմաթիվ հայաստանցիների համար ԱՄՆ-ն այս տարի ևս շարունակում է մնալ թիվ մեկ երազանքների երկիրը, սակայն Ամերիկային նույնպես այլընտրանք կա, դրանցից մեկը Ավստրալիան է: Այս երկիր մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը նույնպես բարդ և բազմաքայլ գործընթաց է:

Ավստրալիայում հայտնվելու համար գոյություն ունեն վիզայի ավել քան 10 տեսակներ՝ իրենց ենթատեսակներով՝ կրթական, բիզնես, ընտանեկան, մշտական բնակության և այլն: Ավստրալիա արտագաղթելու, իսկ հետո նաև աշխատելու և քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ստանալ սքիլդ վիզա, որին կարող են դիմել մինչև 50 տարեկան, մասնագիտական անգլերենին տիրապետող անձինք: Դիմողը պետք է ունենա նաև Ավստրալիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտացումներից մեկը, ինչպես նաև լինի առողջ և լավ բնավորություն ունենա:

Մեծ Բրիտանիայում մշտական բնակության վիզայի համար անհրաժեշտ է ունենալ Եվրոպական տնտեսական գոտու որևէ երկրի կամ Շվեյցարիայի քաղաքացի ընտանիքի անդամ և ապրել այս երկրում առնվազն հինգ տարի:

Կանադայում մշատական բնակության համար փաստաթղթերի մի ամբողջ կույտ է հարկավոր ներկայացնել: Սրանից զատ PR (permanent residency) քարտ ստանալու համար հարկավոր է առավելագույնը հինգ տարվա ընթացքում նվազագույնը 730 օր լինել Կանադայում:

Մշտական բնակության վիզա ստանալու համար Ճապոնիայում պետք է ապրել առնվազն 10 տարի, իսկ եթե ունեք ճապոնացի ազգական, ապա այս ժամկետը կրճատվում է մինչև երեք տարի: Ծագող արևի երկրում մշտական բնակության ակնկալիքներ չի կարելի ունենալ, եթե քրեական անցյալ ունես:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net