25 հոկտեմբերի 2017 - 20:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Երևանյան Իտալիան
Որտեղ մայրաքաղաքում փորձել համեղ պաստա
Ասում են՝ հայերն ու իտալացիները խառնվածքով շատ նման են՝ կրքոտ, կյանքը սիրող, աղմկոտ և էմոցիոնալ: Դա միակ բանը չէ, ինչ միավորում է այս երկու ազգերը: Թե՛ հայերը, թե՛ իտալացիները սիրում են իտալական պաստան: Հայաստանում վերջին տարիներին է մեծացել սերն առ այդ իտալական ավանդական կերակուր: Մեզ մոտ գրեթե ամեն սրճարանում և ռեստորանում կարելի է պատվիրել պաստա և ստանալ շատ համեղը:

PanARMENIAN.Net –ը ներկայացնում է մայրաքաղաքի այն վայրերը, որտեղ համեղ պաստա են մատուցում: Իհարկե, այդպիսի սրճարաններ ու ռեստորանները շատ են, մենք ընտրել ենք մի քանիսը մեր ճաշակով:

Cucina

«Կուչինա» իտալական ռեստորանը, որը գտնվում է Armenia Marriott հյուրանոցի երրորդ հարկում, իզուր չէ, որ համարվում է Երևանի լավագույն իտալական խոհանոց ներկայացնող վայրերից մեկը: Այստեղ կարելի է փորձել ոչ միայն տարատեսակ համեղ պաստաներ, այլև իսկական իտալական պիցցա: «Կուչինայի» առավելություններից է նաև պատուհաններից բացվող գեղեցիկ տեսարանը. այստեղ, համեղ պաստան պատառաքաղի վրա փաթաթելով, կարելի է հետևել Հանրապետության հրապարակի անցուդարձին՝ զգալով քեզ իտալացի Երևանի սրտում: Ի դեպ, ռեստորանը վերջերս վերաբացվեց բոլորովին նոր մենյուով, որում տեղ է գտել իտալական պաստաների էլ ավելի մեծ տեսականի: «Կուչինան» բաց է ամեն օր՝ 12:00-ից մինչև կեսգիշեր:

La Piazza

Հայաստանում սիրում են իտալական անվանումներ տալ տարբեր վայրերի, որոնք շատ հաճախ որևէ կապ չունեն Իտալիայի հետ, սակայն սա այդ դեպքը չէ: La Piazza-ում կարելի է հանդիպել մայրաքաղաքի լավագույն իտալական խոհանոցներից մեկը: Պաստաներն ու պիցցաները ևս այստեղ շատ համեղ են: Հյուսիսային պողոտայում գտնվող այս հաճելի սրճարանի, որն ամռանն ունի նաև բացօթյա հատված, առավելություններից է նաև գեղեցիկ մատուցումը. այստեղ բոլոր ուտեստները մատուցվում են Instagram-ի նկար դառնալուն արժանի տեսքով: Ի դեպ, գներն էժան անվանել դժվար է, բայց համեղ պաստայի ու գեղեցիկ ինտերիերի համար արժե վճարել մի քիչ ավել: La Piazza-ն բաց է առավոտյան 9:30-ից մինչ կեսգիշեր:

Ai Leoni

Երևանի կենտրոնում՝ Թումանյանի վրա է գտնվում մայրաքաղաքի մեկ այլ լավ իտալական ռեստորան՝ Ai Leoni-ն, որտեղ կարելի է համտեսել իսկական իտալական պաստա և ոչ միայն: Այստեղ էլ է ամռանը գործում բացօթյա հատված: Հաճելի ինտերիերով այս վայրում հոկտեմբերի 20-27 Իտալիայի դեսպանատան կողմից անցկացվում է իտալական որակյալ խոհանոցի շաբաթ, որի շրջանակներում ռեստորանն առաջարկում է հատուկ ճաշացանկ: Ai Leoni-ն նույնպես շատ մատչելիների ցանկում չէ: Այն բաց է առավոտյան 10:00-ից մինչև կեսգիշեր:

Epicure

Epicure գաստրոփաբում կարելի է ոչ միայն փորձել համեղ կոկտեյլներ, այլև վայելել հարուստ խոհանոց, որում իր ուրույն տեղն է զբաղեցնում պաստան: Տեսակներն այդքան էլ շատ չեն, բայց բոլորը շատ համեղ են: Ի դեպ, ուրբաթ կամ շաբաթ օրերին փաբում երաժշտությունն ապահովում են քաղաքի սիրված դիջեյները: Epicure-ի այլ առավելություններից է նաև աչքին հաճելի ինտերիերը՝ գեղեցիկ առանձին տարրերով: Ամեն հետաքրքիր բան լուսանկարող մարդիկ այստեղ անելու շատ բան կունենան: Պուշկինի վրա գտնվող այս գաստրոփաբը բացվում է առավոտյան 10:00 և աշխատում մինչև գիշերվա 01:00:

Cheesy

Եթե դուք սիրում եք պանիր պանրով պանրային սոուսի մեջ՝ համեմված մեկ այլ պանրով, ապա Cheesy սրճարանը ձեզ համար է: Այստեղ պանիրը դոմինանտ է, ինչպես պարզ է դառնում սրճարանի անվանումից: Cheesy-ում ամեն ինչի մեջ, այդ թվում և պաստայի, կա պանիր: Պանրային պաստաների սիրահարներն այս սրճարանից երջանիկ ու կուշտ կհեռանան, քանի որ չափաբաժիններն էլ փոքր չեն: Ի դեպ, պաստայի հետ նաև առաջարկվում է գինիների լայն տեսականի: Հյուսիսային պողոտայի և Տերյանի խաչմերուկում գտնվող այս հաճելի սրճարանից նաև գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի անցուդարձի վրա: Cheesy-ն բաց է առավոտյան 10:00-ից մինչև կեսգիշեր:

Aperitivo

Քաղաքի գրեթե բոլոր երիտասարդների ամենասիրելի սրճարաններից մեկում՝ Aperitivo-ում ևս կարելի է համտեսել պաստաների մի քանի տեսակ: Կասկադում գտնվող այս սրճարանի առավելություններից է նաև այն, որ այստեղ գրեթե բոլոր ուտեստներից կարելի է պատվիրել կես բաժին՝ թե՛ կազմվածքին հետևելու, թե՛ խնայելու, թե՛ ավելի շատ ուտեստներ համտեսելու նկատառումներով: Պաստաները ևս բացառություն չեն: Aperitivo-ն ունի նաև տարբեր երկրներից գինիների լայն ընտրանի, որոնք կարելի է համադրել իտալական պաստայի հետ: Սրճարանն ունի նաև բացօթյա հատված, որտեղ տաք եղանակին շատ աղմկոտ է և ուրախ, իսկ սեղաններն այնքան մոտ են իրար, որ անձնական տարածության մասին կարելի է մոռանալ, սակայն Aperitivo-ի սիրահարներին դրանով չես վախեցնի. այստեղ գալիս են ոչ թանկ ու համեղ ուտելու և օրն ընկերական միջավայրում ավարտելու համար: Սրճարանը քաղաքում ամենավաղ բացվողներից է. եթե վաղ նախաճաշերի սիրահար «արտույտ» եք, ապա կարող եք գալ Կասկադ առավոտյան 07:30-ից, Aperitivo-ն բաց է մինչև 02:00:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net