Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը։ Վերջին տարիներին սելեկտիվ աբորտների պատճառով առաջացած հարաբերակցության խախտումը նվազում է․ 2014-ին 100 աղջկա դիմաց ծնվում էր 113 տղա, 2015-ին՝ 112 տղա, 2016-ին՝ 111,8 տղա։ Եթե 2014-ին ՀՀ-ն խախտել էր նորմը մոտ 9 տղայով, 2017-ի առաջին կիսամյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա։ Ստացվում է, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի արդյունքում նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44%-ով։
Մարզից մարզ իրավիճակը, սակայն, կտրուկ տարբերվում է։ Այսպես, 2017-ի առաջին կիսամյակում Երևանում ծնվել է 6807 երեխա, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց՝ 111 տղա:
Նորածինների սեռերի անհամամասնության ցուցանիշով առաջին տեղում Տավուշի մարզն է: Այստեղ 100 աղջկա դիմաց ծնվել է 122,5 տղա (ընդամենը՝ 652 նորածին, երկու սեռերի): Երկրորդ տեղում Արագածոտնի մարզն է՝ 120,9 տղա, երրորդում՝ Վայոց Ձորի մարզը՝ 120 տղա (համապատասխանաբար երկու մարզերում 769 ու 275 երեխա է ծնվել):
Արմավիրի մարզում ծնված տղաների և աղջիկների թիվն, ընդհակառակը, գրեթե հավասար է․729 տղա, 714 աղջիկ։
Իրավիճակը մոտ է նորմալին Շիրակում՝ 104,6, Արարատում՝ 105,7, Կոտայքում՝ 106 տղա 100 աղջկա դիմաց։
Լոռու մարզում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում է մոտ 115 տղա, Գեղարքունիքում՝ 114, Սյունիքում՝ 110։
Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին: 2008-2012թթ. հասնելով վտանգավոր սահմանագծի՝ այն դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։
2014-2016 թվականներին Հայաստանում ծնելիությունն անկում է ապրել 5%-ով: