15 նոյեմբերի 2017 - 13:41 AMT
ՀՈԴՎԱԾ
«Մի բաժակ ջուր» տվողները շատանում են
Տղա-աղջիկ խախտված հարաբերակցությունը Երևանում և մարզերում
2017 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա: 17.169 ծնունդներից 9006-ը տղա է եղել, 8163-ը՝ աղջիկ:

Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը։ Վերջին տարիներին սելեկտիվ աբորտների պատճառով առաջացած հարաբերակցության խախտումը նվազում է․ 2014-ին 100 աղջկա դիմաց ծնվում էր 113 տղա, 2015-ին՝ 112 տղա, 2016-ին՝ 111,8 տղա։ Եթե 2014-ին ՀՀ-ն խախտել էր նորմը մոտ 9 տղայով, 2017-ի առաջին կիսամյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա։ Ստացվում է, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի արդյունքում նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44%-ով։

Մարզից մարզ իրավիճակը, սակայն, կտրուկ տարբերվում է։ Այսպես, 2017-ի առաջին կիսամյակում Երևանում ծնվել է 6807 երեխա, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց՝ 111 տղա:

Նորածինների սեռերի անհամամասնության ցուցանիշով առաջին տեղում Տավուշի մարզն է: Այստեղ 100 աղջկա դիմաց ծնվել է 122,5 տղա (ընդամենը՝ 652 նորածին, երկու սեռերի): Երկրորդ տեղում Արագածոտնի մարզն է՝ 120,9 տղա, երրորդում՝ Վայոց Ձորի մարզը՝ 120 տղա (համապատասխանաբար երկու մարզերում 769 ու 275 երեխա է ծնվել):

Արմավիրի մարզում ծնված տղաների և աղջիկների թիվն, ընդհակառակը, գրեթե հավասար է․729 տղա, 714 աղջիկ։

Իրավիճակը մոտ է նորմալին Շիրակում՝ 104,6, Արարատում՝ 105,7, Կոտայքում՝ 106 տղա 100 աղջկա դիմաց։

Լոռու մարզում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում է մոտ 115 տղա, Գեղարքունիքում՝ 114, Սյունիքում՝ 110։

Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին: 2008-2012թթ. հասնելով վտանգավոր սահմանագծի՝ այն դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։

2014-2016 թվականներին Հայաստանում ծնելիությունն անկում է ապրել 5%-ով:

Նանե Մանասյան/PanARMENIAN.Net