26 փետրվարի 2018 - 16:46 AMT
ՀՈԴՎԱԾ
Ճամպրուկային տրամադրություն
Ով ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա
Հայաստանի 2018 թվականի պետբյուջեով գերատեսչությունների ներկայացուցիչների գործուղումների և շրջագայությունների համար 2,6%-ով ավելի շատ գումար է նախատեսվում հատկացնել, քան 2017 թվականին:

2018 թվականին պետական պաշտոնյաների և աշխատողների համար պետության միջոցներից կհատկացվի 3,9 մլրդ դրամ՝ 2017-ի 3,8 մլրդ դրամի փոխարեն: Գործուղումների և շրջագայությունների համար նախատեսվող ծախսերը կազմում են ընթացիկ տարվա պետբյուջեի ընդհանուր ծախսերի 0,2%-ը: PanARMENIAN.Net ը պարզել է, թե որ գերատեսչություններ են ամենից շատ ճամփորդում և ծախսում շրջագայությունների վրա:

Ամենից շատ ճամփորդող պետկառույցը օրենսդիր մարմինն է: ԱԺ աշխատակազմի գործուղումների համար ընթացիկ տարում պետական միջոցներից կհատկացվի 650 մլն դրամ կամ ընդհանուր գործուղումների ծախսերի 16,6%-ը:

Երկրորդ տեղում գործադիր մարմինն է: Կառավարության աշխատակազմը 2018-ին կծախսի մոտ 518 մլն դրամ կամ ընդհանուր գործուղումների ծախսերի 13,2%-ը: Երրորդ տեղում՝ 254 մլն դրամով արտաքին գործերի նախարարությունն է, չորրորդում՝ նախագահականի աշխատակազմը՝ 182 մլն դրամով:

Գործուղումների և շրջագայությունների ծախսերի թվով նշված գերատեսչություններին հաջորդում են ֆինանսների նախարարությունը՝ 80,4 մլն դրամ, պաշտպանության նախարարությունը՝ 67,4 մլն դրամ, Երևանի քաղաքապետարանը՝ 62,7 մլն, և ՀՀ դատական դեպարտամենտ՝ 28,2 մլն դրամ:

Գործուղումների համար ամենափոքր գումարը նախատեսված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար՝ 1,93 մլն դրամ:

2018 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասը կազմել է 1,46 տրիլիոն դրամ, նախորդ տարվա 1,36 տրիլիոն դրամի փոխարեն: Ծախսային մասն ավելացել է 100 մլրդ դրամով:

Զգալի ավելացել են պաշտպանությանը և տնտեսական հարաբերություններին հատկացվող գումարները, նվազել առողջապահության և կրթության ոլորտի ծախսերը: Պետական պարտքի գծով ծախսերը կազմել են 140 մլրդ դրամ՝ 20 մլրդ-ով ավելի, քան նախորդ տարի:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net