9 ապրիլի 2018 - 13:38 AMT
ՀՈԴՎԱԾ
«Դրայվով» վարչապետի 19 ամիսը
Ինչ արեց հեռացող կառավարությունը
Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ դարձավ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ մինչև այդ մոտ 2,5 տարի պաշտոնավարած Հովիկ Աբրահամյանի անսպասելի հրաժարականից հետո: Վարչապետ նշանակվելուց հետո Կարապետյանը ձեռնամուխ եղավ մի շարք ոլորտներում կտրուկ փոփոխությունների իրականացման գործին. այդ փոփոխություններից շատերը միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից: PanARMENIAN.Net ն ամփոփում է Կարապետյանի պաշտոնավարման մոտ 19 ամսվա ընթացքում ՀՀ-ում գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները, օրենսդրական փոփոխություններն ու արգելքները, անկումներն ու ձեռքբերումները հասարակական ոլորտներում:

Մակրոտնտեսական ցուցանիշներ

2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 7,5%-ով՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով ՀՀ պետբյուջեով նախատեսված 3,2% ՀՆԱ աճը: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017-ի ՀՆԱ աճի ցուցանիշը վերջին 10 տարում` 2008-ից ի վեր, ամենաբարձրն է: Մինչդեռ 2016-ին՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության վերջին տարում, ՀՆԱ աճը կազմեց 0,2%:

Արդյունաբերությունն աճեց 12,6%-ով, շինարարությունը՝ 2,2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14,0%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2,9%-ով: Արտահանումն աճեց 25,2%-ով՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ գերազանցելով $2 մլրդ-ի շեմը: Հայաստանի պետական պարտքը փետրվարին կրճատվեց 0,6%-ով՝ կազմելով $6,851 մլրդ: 0,2%-ով նվազեց արտաքին պարտքը՝ հունվարի $4,963 մլրդ-ի փոխարեն կազմելով $4,950 մլրդ:

Գրանցված աճը պայմանավորված էր, մասնավորապես, 2017 թվականին պղնձի գների շարունակական աճով: Նախորդ տարվա վերջին մեկ տոննա պղնձի գինը հատեց $7000 սահմանը, ինչը տնտեսական ցուցանիշների աճի համար նպաստավոր պայմաններ ստեղծեց:

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք չբարձրացավ կենասաթոշակի չափը և գրանցվեց 4%-անոց գնաճ:

Ջուրը թանկացավ, գազն էժանացավ

Կարապետյանի կառավարության երրորդ ամսում «կապույտ վառելիքի» սակագինն իջեցնելու որոշում կայացվեց. 2017 թվականի հունվարի մեկից սակագների բաշխումը կատարվեց ըստ սոցիալական ու բիզնես խմբերի։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի 1 խմ-ի արժեք սահմանվեց 100 դրամը։ Փոխարենը 11,4 դրամով թանկացավ ջրի սակագինը: Չնայած կառավարությունը որոշեց, որ մինչև 2019 թվականը կսուբսիդավորի ջրի թանկացումը, այնուամենայնիվ, մեկ տարի անց բաժանորդներն ավելի շատ ստիպված կլինեն վճարել:

Հյուսիսից եկած վարչապետն ու հնաբնակների պաշտոնանկությունները

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման սկզբնական շրջանն ուղեկցվեց պետական համակարգում կադրային մի շարք ուշագրավ փոփոխություններով: Սպասված պաշտոնանկություններից էին Սյունիքի մարզի նախկին մազպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը: Տրանսպորտի նախարարի աթոռը լքեց Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Հասմիկ Պողոսյանը, Ֆինանսների «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես լքեցին կառավարության կազմը:

Պաշտոնանկ արվեց նաև 2008 - 2016 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, ով հաջորդող խորհրդարանական ընտրություններին միացավ իրեն ընդդիմադիր հռչակած ՕՐՕ դաշինքին: Նրան փոխարինելու եկավ համեմատաբար երիտասարդ գործիչ Վիգեն Սարգսյանը: Սա սկիզբ դրեց նաև ՊՆ-ում կադրային փոփոխությունների. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և նրա տեղակալը լքեցին երկրի պաշտպանական գերատեսչությունը՝ տեղափոխվելով ՀԱՊԿ:

Պաշտապանության ոլորտ. «Ազգ-բանակ»

Երկրի թիվ մեկ պաշտպանական գերատեսչությունը 2017 թվականին ներկայացրեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի «փիլիսոփայությունը» տևական ժամանակ անհասականալի մնաց հանրության շրջանում՝ ոչ այնքան հստակ պաշտոնական մեկնաբանությունների պատճառով: Հայեցակարգի մասին հայտարարելուց հետո, նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց հայեցակարգից բխող՝ ՀՀ զինված ուժերի համալրման նոր տեսակները, որի համաձայն տարկետում կստանան միայն «Պատիվ Ունեմ» ծրագրում ընդգրկված ուսանողները։ Մնացած ուսանողները կզորակոչվեն բանակ նախկինում սահմանված՝ 2 տարի ժամկետով։

Զինծառայության համակարգում նախատեսված «Պատիվ ունեմ» ծարգրի գաղափարախոսությունը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է: «Ես եմ» ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:

Պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում իրականացվող մյուս նախագծերից է «Դիտակետը», որի շնորհիվ, առաջին անգամ, բոլոր զորացրված զինծառայողները մասնակցելու են բազմաշերտ ու ընդգրկուն սոցհարցման՝ գնահատելու ծառայության պայմանների, արդյունավետության և ձեռք բերած փորձի հետ առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաև համակարգն առհասարակ։ Հարցման ընդհանրացված արդյունքները հենք կդառնան նպատակաուղղված բարեփոխումների համար։

2017 թվականին Հայաստանը ՌԴ-ի հետ կնքեց $100 մլն-ի նոր վարկային պայմանագիր, որով կստանա արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա: Նախորդ կատավարության օրոք ՌԴ-ի հետ կնքված $200 մլն վարկի պայմանագրով մատակարարվելիք սպառազինության մի մասը 2017-ին հասել էր ՀՀ:

Ֆինանսների նախկին նախարարի Դիլիջանում ավելի քանի 19 մլրդ դրամով կառուցած՝ Պետական եկամուտների կոմիտեի համար նախատեսված թանկարժեք ուսումնական կենտրոնը փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը:

Ներկայացվեց նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագիրը, որով զինծառայողները բնակարան գնելու նպատակով երկարաժամկետ 5% տոկոսադրույքով հիփոթեք կվերցնեն, իսկ բնակարանի արժեքի 10% կանխավճարը կտրվի պետության կողմից:

Արգելող-տուգանող կառավարությունը

Հայաստանի գործադիր մարմինը 2017-ին մշակեց, ընդունեց երկրի առողջապահական, պաշտպանական, կրթական և այլ ոլորտներին վերաբերող մի շարք նախագծեր, որոնք արգելքներ, սահմանափակումներ և բարձր տուգանքներ են նախատեսում ՀՀ քաղաքացիների համար: Արգելվեց բացօթյա տարածքներում, վերելակներում ու մեքենաներում ծխելը, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելը, չնախատեսված վայրում աղբ թափելը, առանց բժշկի դուրս գրած դեղատոմսի մի շարք դեղամիջոցներ գնելը, աջ ղեկով մեքենա ներմուծելը: Հայաստանում չափահաս տղաներին արգելվեց տարկետում ստանալ՝ քանի դեռ չեն ծառայել բանակում: Մյուս արգելքները՝ այստեղ:

Ներդրումներ, զբոսաշրջություն, ավիացիա

Կարեն Կարապետյանի վարչապետությունը նշանավորվեց Հայաստանի ներդրումային միջավայրի առողջացման վերաբերյալ խոստումներով: Գործարկվեց Invest in Armenia հարթակը, որտեղ օտարերկրյա ներդրողներին ներկայացվեցին Հայաստանի մրցունակ ուղղությունները, զարգացման ներուժը: Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվեց մի շարք հայ գործարարների միավորող ներդրողների ակումբը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում, կառավարության պնդմամբ, ներդրվել է $856,5 մլն: Սակայն դրանց 68%-ն է իրականացվել մասնավոր հատվածի կողմից․ մնացածը վարկերից ներգրավված միջոցներ են և պետական ծախսեր։

Ամենից խոշոր ներդրումներն իրականացվեցին էներգետիկ ոլորտում՝ $293,5 մլն: Երկրորդ տեղում տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտն է՝ $175,2 մլն, երրորդում՝ քաղաքաշինության ոլորտը՝ $99 մլն, չորրորդում՝ արդյունաբերության ոլորտը՝ $78,9 մլն:

Կառավարության ներկայացրած թվերին զուգահեռ, ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազեցին 27,5%-ով կամ $92,4 մլն-ով՝ կազմելով $245,7 մլն 2016-ի՝ $338,1 մլն-ի համեմատ:

2017-ին Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմեց 2,55 մլն մարդ, ինչը 20,6%-ով գերազանցեց 2016-ի ցուցանիշը: Զբոսաշրջությունն աճեց 21%-ով, նախորդ տարի Հայաստան այցելեց մոտ 1,5 մլն զբոսաշրջիկ: Կառավարությունը նկարահանեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող մի շարք պրոմոհոլովակներ, մշակեց Հայաստանի քաղաքների զբոսաշրջային զարգացման հայեցակարգեր:

Վարչապետի ուշադրության կենտրոնում հայտնվեցին «անթրաշ և չստիկով տաքսիստները», որոնք անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորում ՀՀ այցելող զբոսաշրջիկների նկատմամբ: Նա հանձնարարեց կարգի բելեր ոլորտը: Սրան գումարած գործարկվեց Երևան-«Զվարթնոց» առաջին երթուղային ավտոբուսը:

Թանկ տոմսով Երևան-Գյումրի ճեպընթաց, ձախողված «Հյուսիս-Հարավ»

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի երկու ամենախոշոր քաղաքներն իրար կապող ճեպընթացը գործարկվեց: 1 ժամ 58 րոպեում Երևանից Գյումրի հասցնող էլեկտրագնացքն իր առաջին չվերթն իրականացրեց մարտի 4-ին: Գնացքի մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ 2500 դրամ է. սակագինը, սակայն, դատելով հանրային արձագանքից, այս ուղությամբ հաճախակի երթևեկող քաղաքացիների գրպանին հարմար չէ:

Կարապետյանի պաշտոնավարման օրոք անորոշ հայտարարություններ հնչեցին Հայաստանի ամենախոշոր տրանսպորտային նախագծի ճակատագրի վերաբերյալ: Նախարար Վահան Մարտիրոսյանը պնդեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու նախագիծը ձախողված չէ, չնայած նրան, որ որոշ հատվածների կառուցումը հետ է մնում պայմանագրում նշված ժամկետներից, առկա են խնդիրներ: Նա ասում էր, որ նախագիծը նախկինում «սխալ են ղեկավարել և այդ ուղղությամբ դեռ պետք է շատ աշխատել»:

Արդեն նախկին կառավարությունը, կարծես թե վճռական էր երևանյան հանրային տրանսպորտի «մղձավանջին» վերջ դնելու ուղղությամբ: 2017-ին քաղաքապետարանը հանրությանը ներկայացրեց քաղաքակիրթ և արժանապատին տրանսպորտի հավակնոտ նախագիծ, որը դեռևս քննարկման փուլում է: Այն առաջարկում է մոտ 3 անգամ կրճատել ներկայիս տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, 115 գծի փոխարեն 42 երթուղի թողնել, իսկ առկա 2039 փոխադրամիջոցի փոխարեն՝ 939-ը։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

Նախատեսվում է, որ նոր երթուղային ցանցը կսկսի գործել ընթացիկ 2018-ի վերջից:

Արևային էներգիայի «բումը»

Հայաստանում մինչև 150 կՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրողների քանակը 2018 թվականի հունվար ամսվա դրությամբ կազմեց 274:

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017 թվականի օգոստոսին մեկնարկեց «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակում տեղադրվեց թվով 298 արևային ջրատաքացուցիչ և 8 արևային ֆոտովոլտային համակարգ: 2017 Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվեց «Գրին Էներջի» արևային էլեկտրակայանը: Նույն թվականի հունիսին Երևանում բացվեց «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանը:

Գեղարքունիքում նախատեսվում է կառուցել 1 արևային և 2 հողմային էլկայան:

Կառավարությունը հաստատեց նաև Լոռու մարզում Դեբեդ գետի վրա «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծը: Այն կառուցելու է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ընկերությունը:

Կարկուտ, ոռոգման ջուր. Հին խնդիրներ և նոր լուծումներ

Գյուղատնտեսությունը 2017-ին բացասական ցուցանիշներ ունեցող ոլորտներից էր ՀՀ-ում: 2016-ի նկատմամբ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 3%-անոց անկում է գրանցել:

Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց ախտորոշել ոլորտում տասնամյակներ շարունակ առկա խնդիրները: Գործադիրը մշակեց ոռոգման ջրի կորուստները նվազագույնին հասցնող կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող մի շարք նախագծեր: Որոշվեց, որ հողը կաթիլային մեթոդով ոռոգելու համակարգ ներդնողներին կտրամադրվի տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկ: Ինչպես նաև պետությունը կաջակցի կաթիլային ոռոգման համար նախատեսված խողովակների արտադրությանը:

Կառավարության որոշմամբ՝ 2018 թվականին կմեկնարկի հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման գործընթացը: Նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանի տեղադրման վայրերի որոշում, հրթիռային արձակիչ կայանի ձեռքբերում ու տեղափոխում: Ոլորտում մյուս ծրագիրն ուղղված էր ինտենսիվ պտղատու այգիների ստեղծմանը, որի շրջանակում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող պտղատու այգիների հիմնման համար տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր:

Կառավարությունը չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի առջև կամ հողը մշակելու կամ այն պետությանը վերադարձնելու պայման դրեց, ինչը թույլ կտա արդյունավետ տնօրինել գյուղատնտեսական նշանակության հողերը:

Շինշիլաբուծությունն ու ջայլամները

2017-ին Կարեն Կարապետյանի կատավարությունը ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվեց մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ: Մի շարք մարզերի համար ներկայացվեց 44 ծրագիր, որից 34-ը ստացավ դրական եզրակացություն: 2017-ին պետություն-մասնավոր գործակցությամբ մարզերում իրականացվեցին $170,9 մլն-ի ներդրումային ծրագրեր:

Հայաստանում խրախուսվեց շինշիլաբուծությունը. գյուղատնտեսության ոչ ավանդական այս ճյուղին հարկային արտոնություններ տրվեցին: Ներկայումս երկրում գործում է շինշիլաբուծության մոտ 60 տնտեսություն, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա: Հայաստանում արդեն շինշիլաբույծների հայկական միություն է նույնիսկ գործում: Երկրում 2017-ի վերջին ջայլամի մսամթերքի արտադրություն սկսվեց. ջայլամի մսից արտադրվում է բաստուրմա, սուջուխ, տհալ և մատակարարվում տեղական սուպերմարկետներին:

Արդեն նախորդ կառավարությունը որոշեց մաքրել Հայաստանն աղբից: Գործարկվեց հատուկ հավելված, որը թույլ տվեց քաղաքացիներին ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում՝ օժանդակելով լիազոր մարմիններին հայտանբերել չնախատեսված վայրում թափված աղբն ու մաքրել այն: 2018 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագրի շրջանակում Հայաստանում արձանագրված 2031 աղբանոցից մաքրվեց կամ կոնսերվացվեց 1622-ը, ստեղծվեց 117 արտոնագրված աղբավայր:

Կրթություն ու մշակույթ

Կրթական ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները հիմանկանում օրենսդրական էին: Նոր կառավարությունը, ինչպես նախորդները, մշակեցին կրթական ոլորտի բարեփոխումների հերթական հայեցակարգը, սակայն դժվար է ասել՝ կվերացնի այն ոլորտում առկա խնդիրները, թե՝ ոչ: Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մի շարք փոփոխություններով սահմանվեց բակալավրիատում կրթության նոր մեթոդաբանություն: Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ինքը կընտրի՝ ինչ ժամկետում կկազմակերպի իր կրթությունը: Առկայի համար նախատեսվում է 4-6 տարի, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողի համար՝ 4-8 տարի:

Պետությունն ուսանողին բուհ ընդունվելու համար միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորություն տվեց: Քննություններն անցկացվելու են տարեկան երկու անգամ՝ հունվար և հունիս ամիսներին:

Հայաստանի մշակութային հաստատությունների, թանգարանների համար կգործի մեկ միասնական էլեկտրոնային տոմսային համարգ: Կարեն Կարապետյանի կառավարությունը գումար է հատկացրել նաև Ամբերդ միջնադարյան ամրոցի ենթակառուցվածքների բարեկարգման համար:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net