27 ապրիլի 2018 - 15:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Նիկոլի ուսապարկը, Քիմն ու ՀՀԿ տատիկը
«Թավշյա» հեղափոխության «բոցերը»
Ապրիլի 13-ից Հայաստանում մեկնարկած հանրային ընդվզման միջոցառումներն աննախադեպ էին իրենց թափով, ծավալով, բողոքի արտահայտման կրեատիվ տեխնոլոգիաներով և իհարկե զավեշտալի պահերով, որոնք մանրապատումների տեսքով դեռ երկար կշրջանառվեն հանրության շրջանում: PanARMENIAN.Net ը մեկտեղել է «թավշյա» հեղափոխության ամենադրական և զավեշտալի պահերը:

«Իռա, 1-ի կողմերը կգամ»

Ազատության հրապարակում կայացած ընդդիմադիր ուժերի հավաքից հետո ապրիլի 13-ին ցուցարարները շրջափակել էին Ֆրանսիայի հրապարակը և նստացույց սկսել այստեղ: Ուղիղ հեռարձակմամբ այդ իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի եթերում նստացույցի մասնակիցներից մեկը մոտեցավ տեսախցիկին և իր տիկնոջը տեղեկացրեց՝ «Իռա 1-ի կողմերը կգամ»:

«Աշո՜տ, տատդ էլ ա ստեղ»

Ապրիլի 16-ին, երբ իրավիճակը լարված էր ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև բախումներից հետո, և երբ դեպի ԱԺ ու Բաղրամյան 26 տանող ճանապարհները արգելափակված էին փշալարերով, ցուցարարներից մեկը որոշեց դիմել պատնեշ կազմած ոստիկաններից մեկին՝ Աշոտին. «Աշո՜տ, այ, Աշո՜տ, տատդ էլ ա ստեղ, եկել ես կանգնել ստեղ, որ խփե՞ս տատուդ: Հիմա՞ ինչ անենք, տատուդ հետ ո՞ւր գնանք»:

«Երազից» փախչող բերման ենթարկվածները

Ապրիլի 20-ին՝ խաղաղ ընդվզման յոթերորդ օրը, ցուցարարների մի հսկայական խումբ արգալափակել էր Ազատության պողոտան: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց մի մասին՝ նստեցնելով «Երազ» մակնիշի ավտոմեքենան: Նրանք, սակայն, մոռացել էին ամուր փակել մեքենայի հետևի դուռը, ինչից օգտվեցին բերման ենթարկվածները. հնամաշ «Երազի» հետնամասից փախուստի դիմեց նրանցից մի քանիսը:

Որոնվում է Փաշինյանի ուսապարկը

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շարժման մեկնարկից ի վեր մի քանի անգամ կորցրել է իր ուսապարկը և հայտարարել դրա մասին: Facebook-ում նույնիսկ «Նիկոլի ուսապարկը» անունով էջ է բացվել:

Փողոցն անցնող ցուցարարները

«Թավշյա» հեղափոխության մեկնարկից ի վեր երիտասարդ ցուցարարները կիրառել են ընդվզման մի շարք ինքնատիպ՝ հայաստանյան իրականության համար նոր տեխնոլոգիաներ: Մաշտոցի պողոտայում ցուցարարները լուսաֆորի կանաչ լույսի տակ որոշում էին փողոցն անցել, սակայն կեսից կանգնում էին անցման միջնամասում, և մինչև ոստիկանները ազատում էին ճանապարհի երթևեկելի հատվածը ցուրցարարներից՝ նրանք դարձյալ կանաչ լույսի տակ արգելափակում էին փողոցը, և այսպես մի քանի ժամ շարունակ՝ մինչև, որ ուժայիններն իրենք էլ հասկացավ, որ «իրավիճակին չեն տիրապետում»:

Գոռ Վարդանյանը նշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Ապրիլի 23–ին պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը, ով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու առթիվ նրան առաջինը շնորհավորողների շարքում էր, ամենից շատն էր սպասում Սարգսյանի հրաժարականին: Սոցցանցերում տեսանյութ հրապարակվեց, որտեղ նա տոնում էր Սարգյանի հրաժարականը:

Հրաժարականին «5 պակաս» միացան «Ծառուկյան դաշինքն» ու Արթուր Բաղդասարյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից բառացիորեն րոպեներ առաջ հայտարարեցին հանրային պայքարին միանալու մասին: Իսկ Արթուր Բաղդասարյանը նույնիսկ «պատրաստ էր հանդիպել Փաշինյանին և քննարկել նրա հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»:

Քիմն ու «ՀՀԿ տատիկը»

Շոու բիզնեսի հայտնի դեմք, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել էր Հայաստանում հանրային ընդվզմանը: Նա լուսանկար էր հրապարակել «ՀՀԿ տատիկի» հետ, որն արվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի ընթացքում, և գրել, որ «այս կինը հուզել է» իրեն:

Ոստիկանները «ճոճում էին» Մաշտոցի պողոտան արգալափակած ակտիվիստ աղջիկների մեքենան՝ փորձելով հեռացնել այն երթևեկելի հատվածից:

Ռուս ծաղրանկարիչ Սերգեյ Յոլկինը հայաստանյան իրադարձությունները պատկերող ծաղրանկարներ է հրապարակել:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net