12 մայիսի 2018 - 12:27 AMT
ՀՈԴՎԱԾ
Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները
Մաս 1
Մայիսի 11-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանգրեր ստորագրեց՝ նոր կառավարության մի շարք անդամների նշանակելով: Մասնավորապես, առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը, փոխվարչապետերից մեկինը՝ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարարինը՝ Դավիթ Տոնոյանը, ԿԳՆ ղեկը կստանձնի Արայիկ Հարությունյանը, ՏԿԶ նախարարությունը կղեկավարի Սուրեն Պապիկյանը, իսկ սփյուռքին կներկայացնի Մխիթար Հայրապետյանը: Դրանից մեկ օր առաջ էլ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում էր նշանակվել Վալերի Օսիպյանը, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանը:

Հաշվի առնելով, որ արդեն ներկայիս պաշտոնյաներից ոմանց անունները կարող են շատերին անծանոթ լինել, PanARMENIAN.Net-ը որոշեց ներկայացնել նրանց կարճ կենսագրությունները:

Եվ այսպես, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է, ծնվել է Երևանում։ 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002-ին՝ մագիստրատուրան, 2004-ին՝ Կառավարման ակադեմիան։ Պետ.ծառայող է, պետ.կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան, պատմական գիտությունների թեկնածու է։

2003-2005-ին աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ. եղել Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետը։ 2007-2010թթ. HSBC բանկում մասնագետ էր, 2011-2012թթ.՝ «Ռեգնում» լրատվականում՝ վերլուծաբան: 2012-2013թթ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող էր, 2012-ի հոկտեմբերից մինչև 2013-ի փետրվար դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. ղեկավարել է IDEA հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խումբը:

2014-2017թթ. աշխատել որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016-ից նաև՝ կուսակցության վարչության անդամ:

2017-ի ապրիլի 2-ին ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան է, ծնվել է Երևանում։

2009-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011-ին նույն բուհի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում ստացել: 2014-ին ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ֆինանսների մագիստրոսի կոչմամբ։

2009-2013թթ․ աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։

2010-2011թթ. հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ 2014-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Այն հիմնականում գործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ սինգապուրյան ընկերությունների հետ։ 2014-2015թթ. համահիմնադրել և որպես ֆինանսական տնօրեն աշխատել է «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։

2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրումներ արել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։

2016-ի հոկտեմբերի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, նաև կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017-ից ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակն է, ԱԺ ընտրություններում նաև դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 29 տարեկան է, ծնվել է Երևանում։

2012-ին ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետի բակալավրիատը, 2016-ին մագիստրոսի կոչում ստացել նույն բուհի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետում:

2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

2017-ից Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ է։

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 48 տարեկան է, ծնվել է Երևանում:

2000-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ: 1988-1990 թթ. ծառայել է զինված ուժերում, 1991-1992 թթ. Եղել Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992-1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994-ին՝ ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994-2009թթ. ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում տարբեր պաշտոններ զբաղեցրել:

2009-2012թթ. ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար էր, ապօա՝ հասարակական կարգի ապահովման բաժնի պետ: 2012-ից մինչև պաշտոնում նանակումը Երևանի փոխոստիկանապետ էր:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 50 տարեկան է, ծնվել է Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկում: 1986-1988-ը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1991-ին ավարտել է ԵՊՀ-ն, 1997-ին՝ ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

1992-ից ՀՀ զինված ուժերում է. 1992-1994-ը ծառայել է նաև ՀՀ ՆԳՆ համակարգում, ապա 1994-ին զինծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ, 1997-ին՝ սպառազինության վարչությունում:

1998-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ, 2004-ին պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:

2007-ին. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, 2009-ին եղել ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը, 2010-ին պաշտպանության առաջին փոխնախարարը: 2017-ից զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը 38 տարեկան է, ծնվել է Երևանում։

1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2003-ին ավարտել է ԵՊՀ արաբագիտության բաժինը մագիստրոսի աստիճանով։ 2007-ին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ պատմական գիտությունների թեկնածուի աստիճանով։ 2007-ից դասախոսում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

2005-2006թթ. աշխատել է «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում, ապա 2013-15թթ.` Araratnews.am կայքում, որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008-ին «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր էր, 2011-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014-ից «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» անդամ է: 2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, 2015-2016թթ.՝ կուսակցության վարչության նախագահ:

2017-ին ԵԼՔ դաշինքի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 32 տարեկան էմ ծնվել է Ստեփանավանում:

2003-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: 2003-ին ավարտել է Ստեփանավանի համար 1 վարժարանն ու ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ընթացքում զորակոչվել է ՀՀ ԶՈւ՝ ծառայության: 2009-ին ընդունվել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Ուսումանը զուգահեռ 2010-2016թթ. որպես պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի համար 54 ավագ դպրոցում, 2011-ից՝ «Քվանտ» վարժարանում:

2012-2016թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2017-ից՝ կուսակցության վարչության անդամ, նաև կուսակցության վարչության փոխնախագահն է:

2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ, 2017-ին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու:

Այս պահի դրությամբ նոր կառավարության ամենաերիտասարդ պաշտոնյան սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան է:

2011-ին ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրը, 2013-ին նույն ֆակուլտետում մագիստրոսի կոչում ստացել: 2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում:

2011-2015թթ. եղել է երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ:

2012-ին թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը, ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկն է:

Աշխատել է HayNews, AraratNews և 1in.am լրատվականներում որպես վերլուծաբան:

Կառավարության նոր կազմի մյուս անդամների մասին կարդացեք այստեղ