Բաղրամյան 26-ը՝ ներսից
Փաշինյանը Բաղրամյան 26-ում իր առաջին աշխատանքային օրը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացրեց արդեն նախկին նախագահականի սենյակները, վարչապետի աշխատասենյակը՝ այն, ինչ տարիներ շարունակ անհասանելի ու փակ էր և լրագրողների, և քաղաքացիների համար: Հետագա օրերին Փաշինյանը ուղիղ եթերով ցուցադրեց նաև կառավարության աշխատասենյակը, նախագահի ուղղաթիռը, ինքնաթիռի մի մասը, ինչպես նաև կառավարական առանձնատունը:
Մաքսազերծում «ռեկորդային արագությամբ»
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հանձանրարականը վերաբերվում էր սահմանին ներկրվող ապրանքների մասքազերծման գործընթացի տևողության էական կրճատմանը, մաքսային ձևակերպումների պարզեցմանը:
«Ներկրում ենք՝ ինչ ուզում ենք, երբ ուզում ենք»
Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարական տվեց նաև ներկրվող ապրանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ «որևէ ապրանքատեսակի մուտք Հայաստան չի կարող սահմանափակվել»:
Փաշինյանի՝ ԼՂ խնդրի «նոր մոտեցումը»
ՀՀ նորընտիր վարչապետը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում առաջարկեց: Նրա խոսքով, ՀՀ-ն ղարաբաղյան հակամարտության կողմ է, և երկրի անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի։ Այս հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում հեռակա բանավեճերի տեղիք տվեց, որին ներքաշվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Չուգասզյանն ազատ արձակվեց
Մայիսի 11-ին ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց երաշխավորությամբ: Դրանից 1 օր առաջ ազատ էր արձակվել նաև Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունների ժամանակ ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը։
Գործի՝ ոտքով և ուսապարկով
Փաշինյանը գործադիրի մայիսի 10-ի՝ իր գլխավորությամբ գումարվող առաջին նիստին գնաց ոտքով: Երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո էլ նա չի հրաժարվել իր ուսապարկից, որը, սակայն, այժմ թիկնապահն է կրում։
Հանդիպում Պուտինի հետ
Վարչապետն իր առաջին աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Սոչի քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագրագույն տնտեսական խորհրդի նիստին: Այստեղ նրան առանձնակի ջերմությամբ դիմավորեց հայ համայնքը: Մայիսի 14-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը ընդգծեցին հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնեցին, որ դրանք «նույնքան դրական կլինեն, որքան մինչև օրս էին»: Փաշինյանն ակնարկեց նաև ռուսական նոր զինատեսակների վերաբերյալ հայակական կողմի հետաքրքրության մասին։
Ամենաերիտասարդ գործադիրը, հայ առաջին աթեիստ նախարարն ու Օսիպյանը
Իր պաշտոնավարման առաջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը հիմնովին փոխեց կառավարության կազմը: Նրա որոշ նշանակումներ՝ մասնավորապես առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակումը, հանրային դժգոհություն առաջացրեց. պատճառը սոցիալական ցանցերում Թորոսյանի որոշ գրառումներն ու մեկնաբանություններ էին պատվաստումների մասին։ Նա, ի դեպ, աթեիստ է։
Փաշինյանն ու Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք շարժման ողջ ընթացքում փշալարերի հակառակ կողմերում էին, այժմ նույն թիմում են: Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում Փաշինյանի՝ հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված որոշումներից էր:
Նորընտիր վարչապետի կառավարության կազմում է ՀՀ երբևէ ամենաերիտասարդ նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը. նա զբաղեցնում է Սփյուռքի նախարարի պաշտոնը: Հայրապետյանն առաջարկում է խորհրդարանում սփյուռքի գործիչներից կազմված երկրորդ պալատ ստեղծել: Նա նաև Գյումրիից Երևան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախձեռնած քայլարշավի գաղափարի հեղինակն է:
Վարչապետը մտադիր է փոխել նաև ՀՀ բոլոր մարզպետներին:
Դարոն Աճեմօղլուն հրավիրվեց ՀՀ
Փաշինյանը ՀՀ հրավիրեց հայազգի աշխահահռչակ տնտեսագետ,Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողվում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Դարոն (Տարոն) Աճեմօղլուին: Նա էլ պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու գործում:
Հետաձգված քննություններ, ՀԵՀ, «ռազմահայրենասիրական հայեցակարգ»
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հետ կանչեց նախորդ կառավարության մշակած Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը: Նրա որոշմամբ, հետաձգվեցին նաև ավարտական և միասնական քննությունները՝ պատճառաբանությամբ, որ շարժմանը մասանակցած աշակերտներն ու ուսանողները դրանց պատրաստվելու համար լրացուցիչ ժամանակի կարիք ունեն:
Նախարարը հրաանգեց դադարեցնել դրամահավաքները դպրոցներում, սակայն ոչ բոլորը հետևեցին այդ հրահանգին. Հարությույանն ահազանգի հիման վրա անսպասելիորեն հայտնվեց Երևանի դպրոցներից մեկում և դրամահավաքի դեպք բացահայտեց: Միջադեպից հետո էլ հայտարարեց, որ հրահանգին չենթարկվողներին համարժեք արձագանք կտրվի:
Հարությունյանը նաև հայտարարեց, որ բուհերն այսուհետ պարտադրված չեն լինի գումար վճարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
Դեղատոմսեր, կասկածելի հատկացումներ
ՀՀ առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ նախարարությունում քննարկվում է դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցների կարգի ներդնումը մեկ տարով հետաձգելու հարցը:
Նա նաև ուշագրավ տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն առողջապահության նախարարությունը տարեկան խոշոր գումարներ է հատկացրել մասնավոր մի շարք ընկերությունների՝ չարդարցված կամ կասկածելի նպատակներով: Օրինակ՝ տուբերկուլոզով և այլ հիվանդություններով տառապող երեխաներին սանատոր-կուրորտային ծառայություններ մատուցող ընկերությանն ավելի քան 270 մլն դրամ է հատկացվել:
150.000 դրամ նպաստ՝ 3-րդ երեխային
ՀՀ նորանշանակ սոցապ նախարար Մանե Թանդիլյանն առաջարկեց 2018թ. հուլիսի 1-ից 2-րդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ:
Նախկինում կուտակային կենսաթոշակային պարդատիր համակարգի դեմ պայքարող Թանդիլյանը հայտարարեց, որ համակարգը «Հայաստանին պետք է, ինչն ամենևին չի նշանակում, որ նա կողմ է պարտադիր բաղադրիչին»: