30 մայիսի 2018 - 13:34 AMT
ՀՈԴՎԱԾ
Մաքուր օդի ձեր իրավունքը
Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից
Աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է ծխելու պատճառով, 900.000 էլ՝ պասիվ ծխելու: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ծխախոտ օգտագործողների թվով տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ որոշ ամերիկյան ուսումնասիրությունների արդյունքներով ծխող բնակչության քանակով 4-րդ հորիզոնականում է:

Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: PanARMENIAN.Net -ը զրուցել է մայրաքաղաքում գտնվող այն ժամանցի վայրերի սեփականատերերի և տնօրենների հետ, որտեղ ծխելն արգելված է առանց օրենքի ընդունման:

Այսպես, երևանյան Epicure բարում փետրվարի 7-ից սկսած չի թույլատրվում ծխել. համապատասխան որոշում են կայացրել ժամանցի վայրի սեփականատերերը: Բարի համահիմնադիր Գոռ Թադևոսյանի խոսքով՝ նման որոշում կայացվել էր հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի ընդունմանն ընդառաջ:

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար:

«Մենք վաղուց էինք մտածում Epicure-ում ծխելն արգելելու մասին: Խթան հանդիսացավ հենց այդ ծխելը սահմանափակող օրենքի քննարկումը: Որոշեցինք ներսում ծխելն արգելել, իսկ սրճարանի դիմաց՝ անմիջապես բարի պատուհանների մոտ, մեր ծխող հյուրերի համար հարմար պայմաններ ստեղծել: Այնտեղ դրեցինք հատուկ սեղաններ և աթոռներ, ցուրտ եղանակին այդ հատվածը նաև ջեռուցվում էր»,- պատմեց Գոռը՝ հավելելով, որ բողոքողներ չեն եղել, ընդհակառակը՝ հյուրերի մեծ մասը ողջունել է նման որոշումը:

Փետրվարին ծխելն արգելել են նաև The Basement դիջեյ բարում: Ակումբի սեփականատեր Շանթ Գոչեանի խոսքով՝ ակումբասեր հասարակությունը ողջունել է այդ որոշումը:

«Ծխողների համար առանձին հատված ենք հատկացրել, բոլորն այնտեղ են գնում ծխելու, իսկ պարահրապարակում վայելում են մաքուր օդն ու երաժշտությունը»,- ասաց Շանթն ու ավելացնում, որ այնուամենայնիվ նոր պայմանների դժգոհներ կան:

«Շատ մարդիկ սկսեցին մեզ մոտ չգալ այդ պատճառով: Կարող եմ ասել, որ մեր որոշումը վնասեց մեզ բիզնեսի տեսանկյունից. ոչ բոլորը հաշտվեցին ներսում չծխելու և այդ նպատակով դուրս գալու մտքի հետ: Բայց փոխարենը կան նաև շատ գոհ մարդիկ, նոր մարդիկ էլ սկսեցին գալ մեզ մոտ»,- պատմեց ակումբի սեփականատերը՝ վստահեցնելով, որ չի փոխելու իր որոշումը: Նա հավելեց, որ մայիսի 31-ին մեկ օրով ծխելն արգելված կլինի նաև իրեն պատկանող Paparazzi ակումբում և սրճարանում:

Ինքնազարգացման ու ժամանցի The LOFT կենտրոնում նույնպես չեն ծխում:

«Լոֆթի» կոնցեպտը մշակելիս՝ մի շարք հարցերում դրսևորել ենք շատ լուրջ շրջահայացություն։ Հիշում եմ, երբ քննարկվում էր «Լոֆթում» ծխելն արգելելու գաղափարը, հասկանում էինք, որ բիզնես տեսանկյունից պոտենցիալ այցելու կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Այդպիսի հարցերից էր նաև այն, որ «Լոֆթի» ահռելի տարածքում տեսախցիկներ չպիտի տեղադրվեին՝ հարգելով մարդու ազատ տեղաշարժման իրավունքը և ազատությունը»,- պատմեց կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ որոշվեց, որ «Լոֆթում» չեն ծխելու, ինչը շատերի համար չտեսնված և չլսված որոշում էր:

«է՛լ ընկերներ, է՛լ սրտացավ մարդիկ, է՛լ այցելուներ թերահավատորեն մոտեցան մեր որոշմանն ու ասացին, որ «մեկ է չի աշխատելու», բայց աշխատեց: 4 տարի առաջ չծխելու լավ մշակույթը մեզ համար դարձավ առաջնային ու սկզբունքային, և ես աննկարագրելի ուրախ եմ, որ հիմա սա մասսայական հարց է դարձել»,- ասաց Արևիկը, հավելելով՝ «Լոֆթի» 4 տարվա գործունեության արդյունքում կարելի է փաստել, որ դրա թիմի կայացրած ցանկացած «ոչ բիզնեսային» մոտեցում ավելացրել է կենտրոնի համակիրների քանակը:

Wine Republic գինու բարի և Asador ռեստորանի համասեփականատեր Արսեն Հովհաննիսյանը պատմեց, որ Wine Republic ցանցը բացելուց առաջ կանգնած են եղել հարցի առջև՝ թույլ տալ ներսում ծխել, թե ոչ, և ընտրել են երկրորդ տարբերակը:

«Մեզ մոտ գալիս են մարդիկ, որոնք ուզում են վայելել գինիները, ուտեստները, իրենց ժամանցը: Նրանց հաճելի չէ կողքից ծխախոտի հոտը: Մեր որոշման արդյունքը հետաքրքիր էր. մեզ մոտ սկսեցին գալ ընտանիքներով, սկսեցին գալ առողջ ապրելակերպի կողմնակիցները, նույնիսկ մեզ մոտ եկող ծխողները, որոնք ստիպված են ծխել դրսում, կողմ են մեր որոշմանը, քանի որ ներսում տհաճ հոտ չկա, այն չի կպնում հագուստին և այլն»,- նշեց Արսենը:

Նրա խոսքով՝ երկար ժամանակ Wine Republic-ը միակներից էր, որտեղ ծխելն արգելված էր, սակայն այժմ նման վայրերը շատանում են, ինչը գինու բարի համահիմնադիրը դրական գնահատեց: Նա նաև հավելեց, որ մի քանի ամիս առաջ բացված Asador-ում գործում է նույն սկզբունքը. ծխել կարելի է միայն դրսում, իսկ ներսում արգելված է ամեն տեսակի ծխախոտ և նույնիսկ էլեկտրոնայինները, քանի որ դրանք ևս արձակում են հոտ, որը կարող է խանգարել մարդկանց, բացատրեց Արսենը:

Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի 8-րդ հոդվածը նախատեսում է իրավական պարտավորություններ այն բոլոր երկրների համար, որոնք վավերացրել են այդ կոնվենցիան, կիրարկելու համար ազգային արդյունավետ հակածխախոտային քաղաքականություններ: Հայաստանը վավերացրել է այդ Կոնվենցիան 2004 թվականին: Կոնվենցիան վավերացրել են 181 երկրներ՝ ներկայացնելով աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը:

Retro café սրճարանի համասեփականատեր Տիգրան Դանիելյանը պատմեց, որ սրճարանի հիմնադրման պահից՝ շուրջ 10 տարի առաջ, մշտապես եղել է ցանկություն այն չծխողների համար դարձնելու:

«Նման պլաններ միշտ ունեցել ենք: Վերջերս էլ վերանորոգում անելուց հետո վերջնականապես որոշեցինք սրահն ամբողջությամբ չծխողների համար դարձնել: Արդեն տարուց ավելի է՝ մեզ մոտ չեն ծխում: Արձագանքները շատ լավն են, իհարկե, ծխողները պարբերաբար բողոքում են, բայց մենք ունենք նաև բացօթյա հատված, որտեղ նրանք կարող են ծխել»,- ասաց Տիգրանը՝ հույս հայտնելով, որ ծխելը սահմանափակող օրենքի ընդունմամբ ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա նույնպես նշեց, որ բիզնեսի տեսանկյունից սրճարանը որոշ կորուստներ ունենում է, քանի որ Հայաստանում բնակչության մեծ մասը ծխում է:

The Green Bean-ում ծխելն արգելված է սրճարանի հիմնադրման օրից: Սրճարանի Կասկադի մասնաճյուղի հիմնադիր Ավետ Ասլամազյանի խոսքով՝ երբ մոտ 6-7 տարի առաջ բացված սրճարանի հիմնադիրները որոշեցին, որ իրենց մոտ չեն ծխելու, Հայաստանում դեռ նման բան ընդունված չէր:

«Եղել են չծխողների համար նախատեսված սրահներ ունեցող սրճարաններ, բայց ամբողջովին չծխող վայրեր չեն գործել: Եվ Green Bean-ի հիմնադիրները, որոնք ընտանիքներով նոր էին տեղափոխվել արտասահմանից Հայաստան, որոշեցին իրենց պես՝ ծխախոտի հոտը չսիրող մարդկանց համար հարմար վայր բացել: Սկզբում բոլորին զարմացրել էր այդ գաղափարը, քանի որ մարդիկ չէին պատկերացնում՝ ինչպես կարելի է սուրճ խմել ու չծխել: Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա աշխատող գաղափար է, որի պահանջարկը կա: Այժմ արդեն հաճախորդների համար տարօրինակ չէ, որ սրճարանում չեն ծխում, մարդիկ արդեն պատրաստ են այդ գաղափարին»,- պատմեց Ավետը:

Իսկ երևանյան «Դոլմամա» ռեստորանում այլևս չեն ծխելու հենց մայիսի 31-ից՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրից սկսած: Ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի խոսքով՝ «Դոլմաման» միշտ բաժանված է եղել ծխողների և չծխողների համար նախատեսված սրահների, բայց մայիսի 31-ից ծխել կարգելվի ռեստորանի ողջ փակ տարածքում, բացի բացօթյա հատվածից:

«Այդ որոշումը բխում է սոցիալական պատասխանատվությունից: Ես ինքս շատ եմ ծխում, և այդ արգելքի որոշումն ընդունել եմ նաև ինքս իմ դեմ պայքարելու համար, որպեսզի ռեստորանի տարածքում չծխեմ»,- նշեց Ժիրայրը՝ հավելելով, որ ռեստորանի այցելուների մի մասը, հավանաբար, կդժգոհի, բայց շատերը միայն ուրախ կլինեն ու կողջունեն այդ որոշումը:

«Աշխատողներս էլ կսկսեն ավելի քիչ ծխել, ես էլ օրական 2 տուփի փոխարեն մեկուկես տուփ կծխեմ: Կարծում եմ, սոցիալապես օգտակար որոշում է բոլորի համար»,- ասաց «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրը:

Բացի այս վայրերից, որտեղ ընդհանրապես չեն ծխում, մայիսի 31-ին մեկ օրով ծխելուց կհրաժարվեն նաև հետևյալ սրճարաններում, բարերում ու ռեստորաններում. The Beatles, Stop Club, Paparazzi, Pos, August cafe, The Club, Mamoor, «Մեր գյուղը», Armat Lounge, Fish House, Astoria, «Էլիտա», «Հատիս», «Արգիշտի լիճ», «Հրուշակարան», PizzaToria, SushiToria, Kyoto Lounge, Givi 2 Me, Old Town, Tiziano:

Իսկ Շառլ Ազնավուրի հրապարակում այդ օրը տեղի կունենա «Մաքուր օդ» մանկական նկարչական միջոցառումը, որի շրջանակում թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները հնարավորություն կունենան ուրախ ժամանակ անցկացնելու խաղավարների, պղպջակների և փուչիկների օգնությամբ: Միջոցառման ընթացքում կլինի նաև մեծ կտավ, որի վրա երեխաները կնկարեն իրենց սիրելի Հայաստանը՝ առանց ծխախոտի և աղտոտված օդի:

Մարդկությունը սկսել է ծխել մոտ 400 տարի առաջ: Առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` որպես գլխացավի դեղ, բայց շուտով ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել առօրյայի բաղկացուցիչ մասը:

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է:

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ ԱՀԿ-ն հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net