Նախ, գործող Սահմանադրությամբ, ԱԺ-ն լուծարվում է, երբ երկու անգամ անընդմեջ չի կարողանում երկրի վարչապետ ընտրել: Սակայն Փաշինյանն այդ նույն հանրահավաքում հայտարարել է նաև, որ չի պատրաստվում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, քանի որ չի վստահում ՀՀԿ-ականներին, որոնք իր հրաժարականի դեպքում արագ իրենց համար վարչապետ կընտրեն։ Ուստի՝ այդ տարբերակը բացառելու դեպքում, մնում է փոխել Սահմանադրությունը: Մայր օրենքի 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում Սահմանադրական փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով:
Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200,000 քաղաքացի:
Փաշինյանն առանց խորհրդարանական ուժերի, որոնք քվեարկել են իր վարչապետության օգտին, կարող է նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ, սակայն փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը. հաշվի առնելով, որ վեցերորդ գումարման ԱԺ-ն ունի 105 պատգամավոր, ուրեմն Թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հարկավոր է ԱԺ առնվազն 70 պատգամավորի քվեն:
Իսկ ԵԼՔ դաշինքում այս ուժը ներկայացնում է ընդամենը 5 պատգամավոր:
Եթե նույնիսկ Սահմանադրական փոփոխություններին աջակցեն բոլոր այն խմբակցությունները, որոնք կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, գումարած «Հանրապետական» խմբակցությունը լքած պատգամավորները, միևնույնն է, գործող կառավարությունը չի կարողանալու հավաքել Սահմանադրությամբ նախատեսված առնվազն 70 ձայնը:
Ուստի, Փաշինյանին, գործող կարգով, հարկավոր են նաև ՀՀԿ-ականների ձայները, այլապես նա պետք է մտածի ԱԺ արձակման որևէ այլ մեթոդ։