23 հոկտեմբերի 2018 - 11:59 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀՀ-ում 1 կալանավոր պահելը ծրագրավորող կրթելուց թանկ է
Որքան է ծախսվում կալանավորների վրա
2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծախսը կազմել է ավելի քան 4.5 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, ՔԿՀ-ներին 2018 թվականի պետբյուջեով հատկացվել է 8.3 մլրդ դրամ: Այս մասին, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին նախարարությունից:

Ընթացիկ տարվա ութ ամսում ՔԿՀ-ի վրա ծախսված գումարից 910.4 մլն դրամը հատկացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգսերը հոգալուն, այդ թվում՝ էներգետիկ և կոմունալ ծախսեր, հագուստ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղեր:

Իսկ ծախսերի հսկայական հատվածը՝ ավելի քան 3.4 մլրդ դրամը, բաժին է ընկել քրեակատարողական հիմնարկների անձնակազմի աշխատավարձին և դրան հավասարեցված վճարներին: 225.7 մլն դրամ են կազմել անուղղակի ծախսերը՝ գործուղումներ, տրանսպորտ, կապի, կենսաթոշակային և անվտանգության ապահովման ծախսեր:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ դրությամբ ՀՀ ԱՆ ենթակայության տակ գտնվող ՔԿՀ-ներում պահվում է 3065 կալանավորված անձ և դատապարտյալ: Ստացվում է, որ պետությունը ընթացիկ տարում մեկ կալանավորի կամ դատապարտյալի համար ծախսելու է 2,707,993 դրամ` ներառյալ բանտային համակարգը պահելու ծախսերը: Հունվար-օգոստոսին մեկ կալանավորի վրա արդեն իսկ ծախսվել է 1,468,189 դրամ:

Հատկանշական է, որ այս գումարով կարելի էր Հայաստանում ամենաբարձր վարձատրվող ոլորտի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավրի կրթություն ստանալ ՀՀ բուհերից որևէ մեկում. օրինակ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան մասնագիտացում առաջարկող ֆակուլտետներում ուսման տարեկան վարձավճարը չի գերազանցում 550,000-ը:

Գործող կառավարությունն արդեն հայտարարել է համաներում իրականացնելու մասին. առաջիկայում համապատասխան նախագիծը քննարկվելու է օրենսդիր մարմնում, սակայն ում վրա և քանի հոգու վրա է այն տարածվելու դեռևս հայտնի չէ. միայն նշվում է՝ համաներումն իր ծավալներով աննախադեպ է լինելու:

Համաձայն Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին զեկույցի՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում 3536 կալանավոր կար (ներառյալ՝ քննության կամ դատավարության ընթացքում կալանավորվածները), 100,000 բնակչի հաշվով՝ 118 կալանավոր։ Ցուցանիշը համեմատելի է Լյուքսեմբուրգի կամ Ավստրիայի և Իսպանիայի ցուցանիշների հետ։ Համեմատության համար՝ հարևան Ադրբեջանում և Վրաստանում 23,320 և 9280 կալանավոր կար՝ 235 և 249 հոգի յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կարող է տեղավորվել առավելագույնը 5424 կալանավոր, ապա ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ՔԿՀ-ները ծանրաբեռնված են ընդամենը 56.5%-ով:

Ըստ նախարարության պատասխանի, 2018 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ պրոբացիայի ծառայությունում հաշվառված են թվով 3833 շահառու: Ծառայությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, իսկ պրոբացիայի շահառուների նկատմամբ վերասոցիալականացման ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 404-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net