29 հունվարի 2019 - 15:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Զգույշ քշիր Հայաստանում
Հակառեկորդ՝ ՃՏՊ-ների ու զոհերի թվով
2008-2018 թվականներին Հայաստանում ՃՏՊ-ների թիվը մոտավորապես կրկնապատկվել է, հասնելով 4145-ի: Նախորդ տարին եղել է «պատմական»՝ վթարների, զոհերի ու վիրավորների քանակի տեսանկյունից: PanARMENIAN.Net ը ներկայացնում է կարևոր վիճակագրություն ՀՀ-ում ՃՏՊ-ների վերաբերյալ:

ՃՏՊ-ների հետևանքով 11 տարում զոհվել է ավելի քան 3500 մարդ։ Ամենաբարձր թիվը 2008-2018 թվականներին գրանցվել է 2008-ին՝ 407 զոհ, ամենցածրը՝ 2016-ին՝ 267 զոհ: Նախորդ տարում՝ 2017-ի համեմատ ՃՏՊ-ներում զոհերի թիվն աճել է մոտ 28%-ով. գրանցվել է համապատասխանաբար՝ 343 և 279 զոհ:

Մի քանի կարևոր տվյալ ՀՀ-ում ՃՏՊ-ների մասին՝ ստորև բերված ինտերակտիվ պատկերում․

Զոհերի թիվը բնակչության համեմատ Հայաստանում հսկայական է։ Եթե հիմք ընդունենք պաշտոնական տվյալները ՀՀ մշտական բնակչության մասին (2,969 մլն մարդ՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ), կստացվի, որ 2018-ին ՀՀ-ում զոհվել է 115 մարդ 1 մլն բնակչի շնչով։ Համեմատության համար, եվրոպական ամենավատ ցուցանիշներից մեկն ունեցող ՌԴ-ում 2018-ի 11 ամսում (դեկտեմբերյան տվյալները դեռ ամփոփված չեն) զոհվել էր 112 մարդ 1 մլն բնակչի շնչով։ Նույն ցուցանիշը 2017-ին ԵՄ-ում միջինը 50 էր․ զոհերի թիվը 2016-ի համեմատ պակասել էր 2%-ով, ամենավատ ցուցանիշն արձանագրած Ռումինիայում 1 մլն բնակչի շնչով 99 մարդ է զոհվել, իսկ ամենաանվտանգը (20 զոհ) Նորվեգիան է (տվյալները՝ Եվրոպական տրանսպորտային անվտանգության խորհրդի (ETSC)։

Քանի մեքենա կա Հայաստանում

ՃՈ-ումհաճախ կապում են վթարների աճն ու մեքենաների թվի աճը՝ վերջինս դրա հիմնական պատճառներից մեկը դիտարկելով։ Մեքենաների ստույգ թիվը ՀՀ-ում հայտնի չէ, պատկան մարմիններն այն չեն տրամադրում։ Այնուամենայնիվ, որոշ տվյալներ հայտնի են, օրինակ՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին ԱԺ-ում վարչապետ ընտրվելու նիստի ընթացքում որպես սեփական ժամանակաշրջանի ձեռքբերում նշել է մեքենաների թվի գրեթե կրկնապատկումը 2007-2017-ին՝ 333,000-ից 616,000։

Թիվը, սակայն, հակասում է պաշտոնական վիճակագրության այլ տվյալներին․ 2008-2017 թվականներին, ՊԵԿ տվյալներով, ՀՀ 327,700 ավտոմեքենա է ներմուծվել։ Այդ թվի ու Սերժ Սարգսյանի հայտնած 333,000 մեքենայի հանրագումարը կկազմի 660,000, ոչ թե 616,000։

ԱՊՊԱ տվյալները ևս վկայում են, որ ավտոմեքենաները ՀՀ-ում ավելի քիչ են։ 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրում մոտ 508,000 ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենա կա՝ բեռնատարները, ավտոբուսներ-միկրոավտոբուսներն ու այլ՝ ոչ թեթև մարդատար մեքենաները ներառյալ։

Այդ թիվը հիմք ընդունելով կպարզենք, որ 1000 բնակչի շնչով երկրում 171 մեքենա կա (կրկնենք՝ ներառյալ մարդատար և ոչ մարդատար տրանսպորտը)։ Սա կրկնակի ցածր է ԵՄ հետնապահի՝ Ռումինիայի ցուցանիշից (329 մեքենա 1000 բնակչի շնչով), որտեղ զոհերը, միևնույն է, ՀՀ-ից քիչ են։ Անգամ հայաստանյան վիճակագրությունը փաստում է՝ զոհերն ու մեքենաների քանակը կապված չեն ուղղակիորեն, քանի որ 2008-ին ՃՏՊ-ներում զոհվել է ավելի շատ մարդ, քան 2018-ին՝ ևս մոտ 400, 000 մեքենա ներմուծելուց հետո։ Մեքենաների քանակի ու զոհերի միջև ուղղակի կապ չկա նաև եվրոպական վիճակագրությունում։

Ի դեպ, համաձայն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացրած տվյալների՝ ՃՏՊ-ներն ավելի շատ գրանցվում են աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: 2015-18 թվականներին աջ ղեկով յուրաքանչյուր 7-րդ մեքենայի մեղավորությամբ առնվազն մեկ անգամ ՃՏՊ է գրանցվել, իսկ ձախ ղեկովների դեպքում՝ յուրաքանչյուր 12-րդի դեպքում:

«Ստացվում է, որ նշված ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների շարքում վարորդների մեղավորությամբ վթարների հաճախականությունը միջինում մոտ 68%-ով բարձր է ձախ ղեկով մեքենաների շարքում վարորդների մեղավորությամբ տեղի ունեցած վթարների հաճախականությունից», - նշում են բյուրոյում։

Աջ ղեկով յուրաքանչյուր 100 մեքենայից 3 տարում միջինը մոտ 13-ի վարորդի մեղավորությամբ է վթար լինում, ձախ ղեկով 100 մեքենայից մեղավոր է 8-ը:

Նիկոլայ Թորոսյան, Նանե Մանասյան / PanARMENIAN.Net