18 փետրվարի 2019 - 16:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
2018 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են պետբյուջե մոտ 926․5 մլրդ դրամ 2017-ի 807․4 մլրդ դիմաց։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն, ընդ որում, կազմել են 1.306 մլրդ դրամ նախորդ տարվա 1․158 մլրդ դիմաց։ Այսինքն, 1000 խոշոր ձեռնարկությունները ապահովել են հարկերի 70․9 տոկոսն 2018-ի 69․7 տոկոսի դիմաց։ Առավել հետաքրքրիր են մեծահարուստ գործարարների վճարած հարկերի ծավալի փոփոխությունները։

Մասնավորապես, քննարկվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից հարկերի նվազման փաստը․ 2017-ի մոտ 21․470 մլրդ դրամի դիմաց 2018-ին ընկերությունը մոտ 16․2 մլրդ դրամ է վճարել, անկումը՝ մոտ 24%։ Սակայն 1000 խոշոր հարկատուների ցանկում առկա են Ալեքսանյանին պատկանող նաև այլ ընկերություններ։

Նախ հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը կտրուկ աճել էր, ինչի մասին գրել էինք 2018-ի ամռանը։ Սակայն Ալեքսանյանը սովորություն ունի հաճախ վերանվանել, տրոհել, փոփոխել ընկերությունների անունները՝ դրանցից խոշորագույնները ժամանակին կոչվել էին «Սալեքս Գրուպ», «Ալեքս Գրիգ», «Ա և Գ» և այլն։ Այժմ Սամվել Ալեքսանյանն, ըստ ամենայնի, կրկին վերակազմավորում է իր ընկերություններից ոմանք․ «Ալեքս Հոլդինգը», որի աշխատողների թիվն ապրիլին 4310-ի դիմաց հունիսին արդեն մոտ 5200 էր, դեկտեմբերին մնացել է 144 աշխատողով։ Փոխարենը, օրինակ, հայտնվել է «Սիթին»՝ 4428, ու «Ալեքս էնդ հոլդինգը» 160 աշխատողով։

Ալեքսանյանի կամ իր ընտանիքի հետ կապվող ընկերություններից են 2017-ի կամ 2018-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում առկա «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Գրիգ», «Ալեքս տեքստիլ», «Ալկո իմպորտ-էքսպորտ», «Ալեքս էնդ հոլդինգ», «Վեգա», «Նատալի ֆարմ», «Սիթի», «Ալկո իմպորտ էքսպորտ», «Բաղրամյան» ընկերությունները։

2018-ին Այդ ընկերությունները վճարել են մոտ 33․8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր 2017-ի մոտ 30․2 մլրդի դիմաց։ Աճը կազմել է մոտ 3․66 մլրդ դրամ կամ մոտ 12%։ Սակայն առավել հետաքրքիր է նշված ընկերությունների կողմից ուղղակի հարկերի ու այլ հարկատեսակների վճարման փոփոխությունը․ եթե, օրինակ, ԱԱՀ-ն տնտեսվարողը փաստացի, շատ կոպիտ ասած, պարզապես ստանում է գնորդից ու պետությանն է փոխանցում, իսկ տարատեսակ տուրքերն ու այլ հարկատեսակները ներառում է վաճառվող ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա շահութահարկը վճարվում է արդեն ընկերության շահույթից, իսկ եկամտային հարկը թույլ է տալիս պատկերցում կազմել գրանցվող աշխատողների վերաբերյալ։

Այսպես, նշված ընկերությունները 2017 թվականին վճարել են համարյա 3 մլրդ դրամ ուղղակի հարկեր։ 2018-ին նրանց ուղղակի հարկերը կազմել են համարյա 7 մլրդ (6.935 մլրդ դրամ), ուղղակի հարկերն աճել են մոտ 2․3 անգամ։ Նշված ընկերություններից միայն «Ալեքս Հոլդինգի» շահութահարկը կազմել է ավելի մեծ գումար, քան նշված բոլոր ընկերությունների վճարած շահութահարկն ու եկամտային հարկը 2017-ին։

Հավանական է, որ թե ընդամենը հարկերի, թե ուղղակի հարկերի թիվն ավելի մեծ է, պարզապես դրանք չեն երևում նոր ընկերությունների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառով։

Ի դեպ, Ալեքսանյանը, որը հայտնի էր, մասնավորապես, շաքարավազի դաշտում մենաշնորհային դիրքով, թուլացրել է է նշված շուկայում դիրքերը։ ՏՄՊՊՀ տվյալներով, եթե մինչև հեղափոխություն նրան էր բաժին հասնում շաքարավազի շուկայի 98 տոկոսը, հեղափոխությունից հետո՝ նոյեմբերի դրությամբ, ցուցանիշն իջավ մինչև 78 տոկոս։

Հայաստանում սպառվող շաքարավազի ծավալներն 2018-ին աճել են, իսկ գինը՝ հակառակը, ընկել։ ԱՎԾ տվյալներով, 2018ին երկրում սպառվել է 81.7 հազար տոննա շաքարավազ՝ կգ-ն 330 դրամ միջին գնով, իսկ 2017-ին՝ 72․5 հազար տոննա՝ կգ-ն 398 դրամով։