ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տվյալների համաձայն, 2018 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը մեր երկրում կազմել է 463,072 մարդ: Նրանցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 460,548, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներինը` 1866, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 658 մարդ:
Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40,477 դրամ:
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2018 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 1.164,5 մլն մարդ: Այս դեպքում ՀՀ-ում յուրաքանչյուր կենսաթոշակառուի բաժին է ընկնում 2.5 ախատող:
Զբաղվածների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ, սակայն, այս կատեգորիայի մեջ չեն ներառվում սննդամթերքի բնաիրային արտադրության գործունեություն իրականացնողները (հողագործներ, անասնապահներ և այլն). նրանց թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 208.400: Գործազուրկների քանակը 233,700 է:
Ստացվում է, որ նշված ժամանակահատվածում զբաղվածների իրական թիվը 930.800 է, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում մեկ թոշակառուի համար աշխատում է երկու մարդ:
Մինչդեռ միջազգայնորեն ընդունված նորմա է թոշակառու-աշխատող 1-3 հարաբերակցությունը: ՀՀ-ի հետ համեմատած, մտահոգիչ է իրավիճակը Ռուսաստանի դաշնությունում. թոշակառու-աշխատող հարաբերակցությունն այստեղ կազմում է 1-1.2, իսկ օրինակ ԱՄՆ-ն մոտ է նորմային՝ 1-2.9:
Նկատենք, որ 10 տարում ՀՀ-ում թոշակառուների թիվը նվազել է 12%-ով. 2008-ին նրանց թիվը կազմել է 523,839 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում զբաղվածների թիվը նույնպես նվազել է 14%-ով. 2008-ին ՀՀ-ում զբաղված է եղել 1.086,1 մլն մարդ:
Տասը տարի առաջ թոշակառու-աշխատող հարաբերակցությունը նույնպես կազմել է 1-2:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, 2018 թվականի տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 92.564, որի 73%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31.350 դրամ: