2 մայիսի 2019 - 15:29 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հանձնվելուց» մեկ տարի անց
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի ԶԼՄ-ներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը: Այն պետք է տեղադրվի նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո փոխվել նախկին և ներկա իշխող կուսակցությունների՝ Հայաստանի հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ֆինանսական կարողությունը:

«Քաղաքացիական պայմանագիր»

Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության, նախորդ տարում 2017-ի համեմատ անդամակցության վճարները գրեթե եռապատկվել են՝ 4.17 մլն դրամից 11.58 մլն դրամի հասնելով:

2017-ին՝ մինչև իշխանության գլուխ անցնելը, ՔՊ-ն ֆիզիկական անձանցից նվիրատվություններ չի ստացել, իսկ ահա նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո կուսակցությունն ունեցել է 23 անհատ նվիրատու. նրանք 2018-ին, ընդհանուր առմամբ, իշխող ուժի հաշվեհամարին են փոխանցել ավելի քան 81.4 մլն դրամ:

Իրավաբանական անձանց կողմից արված նվիրատվությունները նախորդ տարում կազմել են 9.6 մլն դրամ: Նրանց թվում են այժմ խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ID բանկը, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն «Զիգզագ», «Ավանգարդ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Իմիջ ՄԳ» և «Գապէքս» ՍՊԸ-ները:

Իսկ Հեղափոխությանը նախորդած տարում` 2017-ին, փոխանցումներ իրավաբանական անձանց կողմից չեն եղել: Ինչպես իշխանություն ունենալուց առաջ, այնպես էլ դրանից հետո կուսակցությունը նոր գույք ձեռք չի բերել:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցմամբ, ապրիլյան իրադարձություններից հետո նախկին իշխող ուժը, պաշտոնապես լքել է ավելի քան 8000 մարդ. այսինքն՝ այդքան մարդ կուսակցության գրասենյակ դիմում է ներկայացրել անդամակցությունը դադարեցնելու մասին:

Սրան զուգահեռ 2017-ին 2018-ի համեմատ կրկնակի նվազել են անդամավճարից գոյացող միջոցները՝ 433.1 մլն դրամից 215.4 մլն դրամի հասնելով:

Ըստ նախկին իշխող ուժի՝ 2017-ին կուսակցությունը Ֆիզիկական անձանց կողմից նվիրատվություններ չի ստացել, իսկ ահա 2018-ին նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 26 մլն դրամ: Նախորդ երկու տարում, եթե հավատանք հաշվետվությանը, իրավաբանական անձինք նույնպես գեթ մեկ լումա չեն փոխանցել այն ժամանակվա իշխող ուժին:

Կուսակցությունը ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին, ունեցել է ավելի քան 60 անշարժ գույք՝ այդ թվում հաղոտարածքներ և շենքեր, ինչպես նաև ավելի քան 7 միավոր շարժական գույք:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net