3 հոկտեմբերի 2019 - 15:45 AMT
ՀՈԴՎԱԾ
«Խավարամտությունը գլուխ է բարձրացնում, անկեղծ պիտի խոստովանեմ»
Տիկնիկայինի տնօրենը՝ թատրոնում ռոք-համերգի չեղարկման մասին
Տիկնիկային թատրոնը չեղարկել է լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվեց ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։ Համերգի կազմակերպիչ Zhesht Events-ն ի պատասխան մեջբերել է երաժիշտների խոսքերը․ «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն»։ Համերգն, այնուամենայնիվ, կկայանա, սակայն դրա տեղը դեռ չի նշվում։

Տիկնիկայինում համերգի չեղարկման մասին PanARMENIAN.Net-ը խոսել է արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

Տիկնիկայինը և ռոքը

Թատրոնը միշտ աջակցել է ռոք համերգներին, և՛ հայկական, և՛ արտերկրի խմբերին։ Բայց այս տարիների ընթացքում, երբ ես եմ ղեկավարում թատրոնը, կտրականապես արգելված է որևէ քարոզչություն՝ լինի դա կուսակցական, թե կրոնական: Ցավոք սրտի, այս ռոք խումբն ունի բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն, որի մասին իր հարցազրույցներում բազմիցս ասել է խմբի ղեկավարը: Եվ այստեղ իրար բախվեցին երկու սկզբունք: Մեկը՝ տալ հնարավորություն, որ ռոքը զարգանա Հայաստանում, որպեսզի նոր խմբեր երևան, և երկրորդը՝ խախտել թատրոնի կողմից ընդունված սկզբունքը: Ես գերադասեցի այդ սկզբունքը չխախտել. այստեղ, երևի իմ մեղքն է, որ նախօրոք չեմ ծանոթացել՝ ինչ խումբ է: Ես ինքս էլ ծանր մետալի սիրահար չեմ, այդքան էլ տեղյակ չեմ խմբերից:

Ռոքը, արվեստը և սատանան

Ես բացարձակապես չեմ բացառում, որ սատանիզմը որպես ըմբոստության սիմվոլ է օգտագործվում՝ ընդդեմ ամեն վատի: Բոլոր դեպքերում, այդտեղ կա որոշակի քարոզչություն՝ էլի կրոնական. աստված է, սատանա է՝ իրականում ի՞նչ տարբերություն, քարոզչությունը մնում է քարոզչություն: Բացարձակապես չեմ բացառում նման արվեստի առկայությունը. այն ունի բազմադարյա պատմություն և՛ գեղարվեստի մեջ, և՛ գրականության մեջ, եթե մենք նայեք Գյոթեի «Ֆաուստը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և շատ այլ գործեր: Այս ձևը՝ ես նկատի ունեմ «դիվային մոտեցումը», արվեստի ասպարեզում եղել է մշտապես, և դա չի բացառել արվեստի մեծ գործեր ստեղծելը:

Սատանան և մենք

Ես շատ քիչ բան գիտեմ սատանիզմի մասին, բայց կարծում եմ կա ևս մի շատ կարևոր բան. մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, տարօրինակ պատկերացումներ կան ամեն ինչի մասին: Ես կարծում եմ, որ այսօր լուսավորության և կրթության մեջ մենք մեծ պրոբլեմ ունենք: Այն ինչ ասում եք, ոչ թե պետք է մակերեսային մակարդակով մատուցվի, այլ խորանալ, որպեսզի հասկանալ, որ արվեստը շատ ավելի լայն և շատ ավելի բազմագույն երևույթ է, քան պարզունակ ճշմարտությունները։ Ու սա պետք է սկսվի դպրոցից: Եթե չլիներ հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը, համերգի՝ Տիկնիկայինում չեղարկում չէր լինի. Գիտե՞ք՝ ինչ խոսակցություններ են․ «Ինչպե՞ս կարող է մի տեղ նման համերգ լինել, որտեղ գալիս են մեր երեխաները»: Բայց համերգը տեղի էր ունենալու երեկոյան, ի՞նչ կապ ունի երեխաների այստեղ գալը, որոնք, պարզ է, էդ համերգին չեն գալու: Մի խոսքով՝ դեմագոգիայի բազմաթիվ շերտեր կային, բայց ես ասեմ, բազմաթիվ ծանր մետալի խմբեր, հիմնականում հենց այդ ուղղությունն ունեն, որքանով ես եմ տեղյակ, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս:

Թատրոնը հարվածի տակ չդնել

Խմբին ես ծանոթ չեմ, բայց թատրոնը հարվածի տակ դնել չեմ կարող: Որովհետև, բոլոր դեպքերում, թատրոնն ունի իր խաղացանկը, տարեկան գրեթե 70 000 հանդիսատես: Ես կարծում եմ, որ մեծ պրոբլեմ ունենք հանրության կրթության հետ: Այս խումբը, երևի, մի քիչ չափից ավելի վառ արտահայտված էր մեր հասարակության համար: Ես պարզապես որպես թատրոնի տնօրեն ունեի մի մտավախություն. սա կարող էր դառնալ նախադեպ, որ քարոզչական տարբեր խնդիրներով տառապող խմբեր փորձեին օգտագործել այս թատրոնի բեմը: Սահմանափակումը սա էր, կազմակերպիչների հետ կապված որևէ կոնֆլիկտ և խնդիր չի եղել, առաջին դեպքը չէ, որ նրանք ռոք համերգ են կազմակերպում:

Անկեղծ ասած, ես որոշակի ուղղվածություն, ուղղորդում եմ տեսնում այս ամենի մեջ: Երկու շաբաթ առաջ Կոնսերվատորիայի միջոցառումը, որը մեծ աղմուկ հանեց (Կոնսերվատորիայում անցկացվող ուսանողական միջոցառումը դադարեցվել էր «ստանիստական» լինելու կասկածների պատճառով-խմբ.): Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խավարամտությունը գլուխ է բարձրացնում, պիտի անկեղծ դա խոստովանեմ:

Vader խումբը համարվում է Լեհական դեթ մետալի վետերաններից: Խումբը Երևանում պատրաստվում է ներկայացնել գործեր նոր լույս տեսած Thy Messenger EP ալբոմից և հիթեր խմբի 35-ամյա պատմությունից։ Vader-ը ստեղծվել է 1983 թվականին՝ անունը վերցնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից։ Երգերի թեմատիկան հիմնականում 2-րդ համաշխարհային պատերազմն է, սարսափ ֆիլմերը և հանրահայտ գրող Հովարդ Լավքրաֆթի ստեղծագործությունները։

PanARMENIAN.Net / Անահիտ Հակոբյան