23 հոկտեմբերի 2019 - 14:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Անցյալի Հայաստանին ապագա է պետք
ԽՍՀՄ ինտերակտիվ թանգարանը հրդեհից հետո տանիք է փնտրում
Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը 2000-ից Հայաստանի խորհրդային անցյալին վերաբերող իրեր է հավաքում: Ցուցանմուշների մի մասը մինչև վերջերս ներկայացված էր «Չաո ԽՍՀՄ» թանգարանում, որը գտնվում էր Երևանի «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում:

Օգոստոսի 24-ին խանութում մեծ հրդեհ բռնկվեց: Բարեբախտաբար, ցուցանմուշներից ոչ մեկը չի վնասվել, սակայն թանգարանն առանց տանիք է մնացել:

PanARMENIAN.Net-ը խոսել է Բիանջյանի հետ «խորհրդային Հայաստանի» անցյալի, ներկայի և ապագայի մասին: «Թանգարանը տասնյակ հազարավոր ցուցանմուշներ ունի: Ես դրանք հավաքել եմ 15 տարի շարունակ, վերջին 4 տարին՝ ներդրողի օգնությամբ: Հավաքածուում 14 ավտոմեքենա կա, ԽՍՀՄ ժամանակների ատրակցիոններ, 18 արխիվ, այդ թվում երևանյան կրկեսի, «Հաղթանակ» զբոսայգու արխիվները, Երևանի ավտոմոբիլային ԵրԱԶ գործարանի, ժամացույցի գործարանի արխիվներն ու ցուցանմուշները և այլն:

Բոլոր ցուցանմուշները գերազանց վիճակում են, վերականգնված են և պատրաստ են օգտագործման, քանի որ մենք ցանկանում ենք ինտերակտիվ թանգարան բացել: Այդ ձևաչափը ենթադրում է, որ թանգարանի այցելուները կկարողանան տեղում օգտվել բոլոր ցուցանմուշներից, վերադառնալ ԽՍՀՄ տարիների Երևան, ճաշել խորհրդային ժամանակների ճաշարանում: Մենք նույնիսկ գնել ենք հայտնի հայկական ռեստորաններից խորհրդային շրջանի ամբողջ սպասքը: Ամեն ինչ արդեն պատրաստ է, միայն հարմար տարածք չկա»,-պատմել է Բիանջյանը:

Ըստ նրա, ամբողջ հավաքածուի համար կարող է պահանջվել 10,000 քմ, բայց սկզբնական շրջանի համար 500 քմ-ն էլ է բավական: Սակայն, Երևանում շատ բարդ է նման տարածք գտնել մատչելի գնով, պարզաբանել է լուսանկարիչը:

«Այժմ նախագիծը նոր ներդրող ունի: Սակայն, այժմ մենք մի մեծ խնդրի առջև ենք կանգնել՝ մեզ տարածք է հարկավոր: Շուտով անձրևներ կսկսվեն, կցրտի և հավաքածուն ուղղակի կփչանա: Մենք շատ քիչ ժամանակ ունենք: Սա շատ թանկարժեք հավաքածու է, դրա վրա մեծ գումարներ են ծախսվել: Իսկ հիմա մեր տաքսիներն ուղղակի փողոցում են կայանած»,-ասել է լուսանկարիչը:

Հավաքածուի բոլոր մեքենաները սարքին են: Նախաձեռնողը մեծ ջանքեր է գործադրել հաշվիչներով հագեցած իսկական սովետական տաքսի գտնելու համար՝ նման ցուցանմուշներ նորից գտնել հնարավոր չի լինի:

«Ես նույնիսկ կառավարությանն եմ դիմել, քանի որ թանգարանը մեծ զբոսաշրջային գրավչություն կունենա, իսկ Հայաստանն այժմ միտված է զարգացնելու զբոսաշրջությունը: Բոլորը խոսում են զբոսաշրջության մասին, սակայն այսպիսի պատրաստի նախագծի համար, որն իրապես կգրավի զբոսաշրջիկներին, հատկապես ՌԴ-ից, տեղ չի գտնվում, իսկ ցուցանմուշների ոչնչացման վտանգ կա»,-ասել է Բիանջյանը՝ կատակելով, որ վերջին հույսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Ըստ թանգարանի տիրոջ, սկզբի համար լավ կլիներ հարմար տարածք գտնել Երևանում, որտեղ հիմնականում կենտրոնանում են զբոսաշրջիկները, իսկ ապագայում նման թանգարաններ կազմակերպել նաև Հայաստանի մյուս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, չէ որ յուրաքանչյուր քաղաք իր խորհրդային անցյալն ունի: Սակայն, հնարավորինս արագ է պետք գործել, հակառակ դեպքում Հայաստանի անցյալը կարող է զրկվել ապագայից:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net