Վերջին շրջանում, սակայն, բազմաթիվ նոր նշանակումներ և հրաժարականներ են եղել, որոնց հետևանքով իշխանության օղակների մի մասը մնացել է առանց ղեկավար կազմի: PanARMENIAN.Net-ը ի մի է բերել պահի գլխավոր «թափուր հաստիքները»:
ԱԱԾ պետ
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պաշտոնից հեռացել է սեպտեմբերի 16-ին՝ ասելով, թե սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ-ում պետի թափուր հաստիքը ժամանակավորապես զբաղեցնում է Էդուարդ Մարտիրոսյանը: Արթուր Վանեցյանը այժմ զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
ՀՀ Ոստիկանապետ
Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո Ոստիկանապետի պաշտոնում ևս վերջնական նշանակում չկա, պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Օսիպյանն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերի 18-ին՝ նույն օրը նշանակվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: 20 օր անց նա ազատվել էր նաև այդ պաշտոնից:
Կադաստրի պետ
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր գրել հոկտեմբերի 18-ին՝ որպես պատճառ նշելով, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: Պետրոսյանի հրաժարականից հետո դիմում է գրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, ով կատարում էր Կոմիտեի ղեկավարի պարտականությունները:
Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Մնացականյանն ասել էր, թե պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի և բացառապես անձնական որոշում է։ Մնացականյանը նշել էր, որ հրաժարական է ներկայացրել, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ՝ այդ կերպ ավելի օգտակար լինելով Երևանին:
ՊՎԾ պետ
Պետական վերահսկողական ծառայության պետի՝ Դավիթ Սանասարյանի լիազորություններն ապրիլի 20-ից դադարեցված են: ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Սանասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ համարելով այն շինծու և նշելով՝ ինքը պատրաստ է ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում: ՊՎԾ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արգիշտի Քյարամյանը:
Կենդանաբանական այգու տնօրեն
Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրել է նոյեմբերի 1-ին՝ այգու տարածքում թափառող շների հարձակման հետևանքով գրանցված անկումների պատճառով: Կենդանաբանական այգու 8 տարվա տնօրենը լիազորությունները դադարեցնելու որոշումը կայացրել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով՝ նշելով, որ շարունակելու է լինել Կենդանաբանական այգու կողքին:
Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հոկտեմբերի 18-ին հրաժարվեց այդ պաշտոնից՝ որպես պատճառ նշելով այն, որ Հայաստանի հավաքականը չկարողացավ նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո ՀՖՖ-ում նոր մարզչի ընտրության մասին քննարկումներ են ընթանում և չկա որոշում:
ԵՊՀ ռեկտոր
Երևանի պետական համալսարանի 13 տարվա ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 19-ին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդ դիմումը համարել էր ուշացած՝ պնդելով, որ Սիմոնյանի օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել: Մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը: Վերջինս մարտի սկզբին ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից Սիմոնյանի հրամանով:
ՀՊՏՀ ռեկտոր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը թողեց օգոստոսի 21-ին, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հայրապետյանը չի նշանակվի ռեկտոր: Հայրապետյանը պաշտոնը թողել էր իր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով: Ռեկտորի հեռանալուն կողմ դասախոսները նշում էին, որ ատենախոսության մեջ բազմաթիվ հատվածներ copy-paste են արված: ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը:
Իջևանի քաղաքապետ
Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքապետ Վարդան Ղալումյանը իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել սեպտեմբերի 6-ին՝ չնշելով պատճառը: Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին քաղաքապետի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը: