13 նոյեմբերի 2019 - 16:46 AMT
ՀՈԴՎԱԾ
Սատանա կա քաղաքում
Վհուկաորսը միջնադարյան Եվրոպայից մինչև մերօրյա Հայաստան
Փոքրիկ պատմական էքսկուրսը երբեք չի խանգարի, հատկապես այս դեպքում, երբ խոսքը «սատանիզմի» մասին է։

Մի քանի օրվա ընթացքում Երևանի ու Հայաստանի անդորրը խախտվեց սատանայապաշտների մասին լուրերով, շատերի մոտ բուն քննարկումը ծավալվում էր միայն պերֆորմանսի ու դրանց օպոնենտների որպիսության շուրջ։ Մի առանձին մարդկանց խումբ էլ առհասարակ ծաղրում էր «սատանայապաշտական պերֆորմանս» եզրույթի հնարավորությունը։ Մյուսն էլ ծաղրում էր ծաղրողներին՝ պնդելով, որ կազմակերպիչների ընդդիմախոսներն իրենց հերթին ավելի հետադեմ հայացքների տերեր են, քանի որ արվեստի դրսևորման դեմ պայքարել են խնկարկությամբ, իսկ մինչ այդ ավելի երկրային միջոցներով՝ «զիլյոնկայով»։

Էրքարդ Շյոն․ «Սատանայի պարկապզուկը» 1530-ականներ։ Մարտին Լյութերը պատկերված է որպես խեղկատակ, ումով նվագում է սատանան, նրան օգտագործելով որպես միջոց մարդկանց վրա ազդելու համար:

«ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացումը լուրջ աժիոտաժի առիթ դարձավ։ Տասնյակ լրատվամիջոցներ սկսեցին քննարկել պերֆորմանսի գեղագիտական կողմը, մշակութաբանները փորձեցին քննադատել կամ հասկանալ նրա բովանդակությունը։ Երևանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հեռուստաեթերում տվեց լավագույն բնորոշումը՝ ընդգծելով, որ Սատանիզմի դեմ պայքարը ապացուցում է, որ․ «․․․հայերս եվրոպական ազգ ենք։ Միայն թե 500-600 տարվա տարբերությամբ։ Միջնադարյան Եվրոպայում էին վհուկներ փնտրում, իսկ մեզ մոտ հիմա»։

Միխայիլ Վոլգեմուտ․ Վասն Հակաքրիստոսի «Նյուրնբերգյան քրոնիկոնը» գրքից 1493. Սատանան շշնջում է Հակաքրիստոսին, ով էլ սատանայական խոսքը փոխանցում է մարդկանց

Սատանայի ընկալումը որպես ակտիվ գործող հասարակական, քաղաքական «կերպարի» բնորոշ է եղել հենց Եվրոպային։ Հատկապես միջնադարում ամեն անհասկանալի երևույթ այսպես, թե այնպես կապ ուներ սատանայի, չարքերի հետ։ Երկար ժամանակ աշխարհի քրիստոնեական ընկալման քարոզչական մեքենայի դրոշակակիրը Հռոմն էր՝ կաթոլիկ եկեղեցին ու Հռոմի Պապերը։ Կաթոլիկ եկեղեցին էր որոշում, թե ինչպես դավանել Աստվածուն և ինչու հենց իրենց միջոցով։

Մարտին Լյութեր «Ընդդեմ Հռոմի» 1545 թ․ Չարքերը կարգում են նոր Հռոմի Պապի որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ

X-րդ դարում կաթոլիկ եկեղեցին առավել քան երբևէ նախկինում թուլացավ ու շեղվեց իր ճանապարհից։ 900-ականներին մեկը մյուսի հետևից Հռոմի Պապեր էին դառնում հայտնի քաղաքական գործիչների սիրեկաններն ու մերձավորները։ «Պորնոկրատիա»՝ ահա այս տերմինով է հայտնի Կաթոլիկ եկեղեցու այդ շրջանը։ Խաթարված վարկանիշը հիմք էր, որ մարդիկ փորձեին հասկանալ եկեղեցու նման այլասեռվածության իրական պատճառները։

Հիերոնիմոս Բոսխի «Երկրային վայելքների այգի» կտավից մի հատված, 1490 թ․ Ավելի ծավալուն կտավի մի հատվածը որտեղ պատկերված է, թե ինչպես է թռչնի դեմքով սատանան խժռում մեղսավորներին ու արտաթորում նրանց դժոխքի ջրհոր, ուր փսխում են այլ չարքեր։

Լայն մասսաներին, թերևս ամենահեշտը կարելի էր այդ ամենը բացատրել սատանայի միջոցով։ Ո՞վ եթե ոչ հենց ինքը «Լյուցիֆերն» է թիրախավորել եկեղեցու գլխավոր հիմքերից մեկը՝ Հռոմի Կաթոլիկ կղերականությանը։ Խաթարված հեղինակությունը վերականգնել հարկավոր էր, մանավանդ, որ քննադատողներին կարդինալներն ու պապերը հիմնականում ոչնչացնում էին։

Էրքարդ Շյոն․ «Սատանայի պարկապզուկը» 1530-ականներ։ Մարտին Լյութերը պատկերված է որպես խեղկատակ, ումով նվագում է սատանան, նրան օգտագործելով որպես միջոց մարդկանց վրա ազդելու համար

Իսկ քննադատների պակաս նրանք չունեին։ Քաղաքական պայքարը թևակոխեց ակտիվ քարոզչական փուլ, երբ կաթոլիկ եկեղեցու դեմ դուրս եկավ նրա որդիներից մեկը՝ գերմանացի աստվածաբան ու վանական Մարտին Լյութերը։ Նախաձեռնելով հոգևոր ռեֆորմացիան, նա սկիզբ դրեց ակտիվ քարոզչական պայքարի, որտեղ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին գլխավոր թիրախն էր։ Ո՞վ եթե ոչ հենց Հռոմը պետք է ծներ սատանային, իսկ Հռոմի Պապե՞րը․ նրանց, իհարկե, նշանակում է հենց Սատանան։ Ահա այս պնդումներն էին ընկած փորագրանկարների հիմքում, որոնք սև շուկաներում կարելի էր գտնել ամենուր՝ ամբողջ Եվրոպայում։

Կաթոլիկ եկեղեցու «դեմոնիզացումը» լավագույն տարբերակն էր շարքային մարդկանց ցույց տալու ամենի գլխավոր մեղավորին։ Տեսողական քարոզչության այդ միջոցը որքան էլ պրիմիտիվ է թվում, սակայն աշխատում էր։ Ցանկանո՞ւմ ես ապացույց, ահա նայի՛ր, ՀակաՔրիստոսը խոսում է կաթոլիկ եկեղեցու անունից, Հռոմի կաթոլիկ կղերականությունը ծնունդ է Սատանայի, նրանք դուրս են գալիս սատանայի հետույքից․ փսխանք, աղտեղություն, կարճ ասած, որքան խեղված գաղափար կար, միահյուսվում էր կաթոլիկ եկեղեցու ու նրա հոգևորականության հետ։ Այս կերպարներն այնքան ազդեցիկ էին, որ նրանցից յուրաքանչյուրը շարունակում էր հաջորդ տասնամյակների ու որոշների դեպքում անգամ դարերի ընթացքում ինքնուրույն ապրել։

Ծաղրանկարիչ Թոմաս Ռոուլենդսոնի «Սատանայի երեխան» 1814 թ․ Նապոլեոնը փորագրանկարում պատկերված է սատանայի գրկում։

Մտածե՞լ եք երբևէ, թե շարքային անգլիացու համար, ով է ծնել Նապոլեոնին, իհարկե Սատանան, կամ կայսր Վիլհելմ II-ի՞ն։ Նույնը։ Այս նկարը ռուսական քարոզչական պաստառներից է։ Սատանայի նույնականացումը դարերի պատմություն ունի, ինչպես օրինակ հարյուրամյաներ անցնած այս մի պատկերագրությունը։ Կաթոլիկ եկեղեցին իր քննադատներին նույնպես հակադարձում էր։ Նման մեկը։ Սատանայի պարկապզուկը՝ Մարտին Լյութերը ստանում է «սատանայի հրահանգները»՝ 1530-ականներ։ Նույն լուծումներն ու կերպարն արդեն 1915 թվականի ցարական քարոզչական պաստառում՝ «Վիլհելմ II-ը որպես Սատանայի պարկապզուկ»։

«Ռուս ժողովրդի պայքարն ընդդեմ գերմանացիների» շարքից։ 1915 թ․ Սանկտ Պետերբուրգ․ «Վիլհելմ II-ը Սատանայի զավակ»։

Սատանիզմը որպես մեղադրանք, հարյուրամյակների պատմություն ունի և այն եվրոպական ֆենոմեն է։ Կարելի է ասել, որ Հայաստանում դեպի Եվրոպա են շարժվում ոչ միայն արևմտյան դիրքորոշում ունեցողներն, այլև պահպանողական շարժման ներկայացուցիչները։ Գիտակցված, թե՝ ոչ, ընդունենք, թե՝ ոչ սակայն քրիստոնեական քաղաքակրթությունը ծնել է հասարակական ու քաղաքական պայքարի ամենայուրատեսակ ձևերից մեկը՝ սատանայապաշտությունը ու մենք էլ այդ «պայքարի թոհուբոհից» անմասն չենք մնում անգամ 21-րդ դարում։

Անհայտ հեղինակի փորագրապատկեր 1790 թ․ Փարիզ։ «Խելագարված չարքերը»։ Սատանայական ուժերը արտաթորում են կաթոլիկ հոգևորականների։

PanARMENIAN.Net / Գևորգ Ղազարյան