26 դեկտեմբերի 2019 - 17:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Շպռոտից՝ Ռեինկարնացիա
2019-ի հայկական երգերը, որոնց համար չենք ամաչում
Ասում են՝ հայկական շոու բիզնեսն ավելի շատ բիզնես է, քան շոու, իսկ վերջերս՝ նաև մի քիչ քաղաքականություն: Հայկական էստրադայի ներկայացուցիչներին հաճախ չէ, որ հաջողվում է ներկայացնել ռեստորանային մակարդակից բարձր ստեղծագործություններ:

Չնայած՝ վերջին տարիներին դրական տենդենց է նկատվում, և հայ արտիստներն սկսել են հետևել արևմտյան թրենդներին, սակայն շատ հաճախ նրանց չի հաջողվում պահել անհրաժեշտ չափը, և արդյունքում ստացվում է ռաբիզ հայկականի և անորակ արևմտյանի անհաջող միքս:

Այնուամենայնիվ կան հայ արտիստներ, որոնց կատարումներն առանձնանում են որակով: PanARMENIAN.Net –ը հավաքել է իր ճաշակով մի քանի կատարում 2019-ից, որոնց համար չի ամաչում:

FairWind՝ «Ամեն բացվող առավոտ»

Ցուցակը սկսենք շոու բիզնեսի մեջ չմտնող մի հաճելի խմբի ոչ պակաս հաճելի կատարմամբ: Երևանյան FairWind ռոք խումբը նոր շունչ է հաղորդել Քրիստ Մանարյանի հեղինակած «Ամեն բացվող առավոտ» երգին՝ թեթև ռոքային կատարմամբ ու երևանյան հայտնի վայրերի տեսարաններով դարձնելով այն ժամանակակից: Ի դեպ, երգը FairWind-ի նոր ալբոմից է, որի անունն է «Մյուզիք»: Իսկ ալբոմը ձայնագրված է հին ու բարի ձայներիզի վրա, լրիվ ռետրո: Կասետի հետ տրվում է նաև մատիտ և ուղեցույց՝ ինչ անել այդ փոքրիկ հավաքածուի հետ: 90-ականների սերունդը լավ կհիշի կասետի և մատիտի գործածությունը:

Սիրուշո՝ «Զոմա զոմա»

Հայ երգիչները գտել են հիթեր ստեղծելու ամենահեշտ և էֆեկտիվ տարբերակը. վերցնել ժողովրդական երգ, մոդեռնիզացնել այն ժամանակակից բիթի և արևմտյան ոճի տեսահոլովակի միջոցով, և հիթը պատրաստ է: Սիրուշոն առաջին անգամը չէ, որ օգտվում է այդ մեթոդից: Նոյեմբերին երգչուհին հանրության դատին հանձնեց «Զոմա զոմա» երգի տեսահոլովակը, որն անմիջապես հիթ դարձավ: Շատերը նմանություն են գտնում տեսահոլովակում Սիրուշոյի կերպարի և ամերիկացի երիտասարդ երգչուհի Բիլլի Այլիշի ոճերի միջև՝ դեղին հագուստը, կապույտ մազերն ու մեքենայի վրա պարելը: Բայց այդ ամենը չխանգարեց, այլ միայն օգնեց Սիրուշոյին նոր հիթ ստեղծելու գործում:

Արամ MP3՝ «Կուզես»

Արամ MP3-ի վերջին երգը շատ արագ սիրվեց հանդիսատեսի կողմից: Մի քանի օր շարունակ ֆեյսբուքյան օգտատերերն ակտիվորեն տարածում էին այն և գովում երգչին: Երգը շատ մեղեդային և ռոմանտիկ է ստացվել, իսկ տեսահոլովակն առանձնանում է բարձր մակարդակի խորեոգրաֆիայով: «Կուզես»-ն արդեն 2 մլն-ից ավելի դիտում ունի YouTube-ում, ինչը հայկական ոչ ռաբիզ կատարման համար լուրջ ցուցանիշ է:

Գարիկ և Սոնա՝ «Էսօր ուրբաթ է»

Հինը նորովի լավագույնս մատուցելու ևս մեկ վառ օրինակ է Գարիկի և Սոնայի «Էսօր ուրբաթ է» կատարումը: Այս դուետը պարբերաբար որակյալ ստեղծագործություններով փորձում է ցրել հայկական շոու բիզնեսում տիրող «գաղջը», և դա նրան հաջողվում է: Պարզվում է՝ Կոմիտաս վարդապետի երգն իդեալական համադրվում է ռոքային հնչյունների հետ, իսկ հայկական ավտոբուսներում կարելի է ոչ միայն սեղմված տուն գնալ աշխատանքից հետո, այլև «տժժալ» (չնայած՝ դա վտանգավոր է, խորհուրդ չենք տալիս փորձել պիկ ժամերին):

Dialog Project՝ «Վերադարձ»

«Վերադարձը» շատ երևանյան կատարում է մի խումբ էնտուզիաստների կողմից: «Դիալոգ» նախագիծը ներառում է տարբեր ոճերում՝ ջազից մինչև հիփ-հոփ, ելույթ ունեցող մի շարք երաժիշտների, որոնք համախմբված են մի գաղափարի շուրջ՝ ստեղծել երկխոսություն երաժշտական ժանրերի միջև: Ինչպես ասում են երաժիշտները՝ «կյանքի տարբեր ժամանակահատվածներում երբեմն բոլորս հեռանում ենք մեր ինքնությունից և մեզ ժառանգված մշակույթից»: «Վերադարձը» ստիպում է չմոռանալ մեր արմատները: «Դիալոգի» կատարումները կարելի է լսել երևանյան տարբեր երաժշտական ակումբներում:

Ռեինկարնացիա՝ «Շատ լավ է»

«Շատ լավ է ամեն ինչ մի քիչ, երբ ունես ամեն ինչից քիչ», - երգում է Ռոլանդ Գասպարյանը «Ռեինկարնացիա» խմբի նոր երգում: Խումբը, ինչպես շատ հաճախ, իր ոճի մեջ՝ թեթև կատարմամբ, բարձրացնում է սոցիալական խնդիր: Ի դեպ, սև ու սպիտակ տեսահոլովակը նկարահանվել է երևանյան փողոցներում, որտեղ խմբի մենակատար Ռոլանդը՝ գրիմի և հագուստի միջոցով անճանաչելի դարձած, երգում է քաղաքի տարբեր հատվածներում: Նրա կողքին դրված է ձեռքով գրված պաստառ՝ «Մի գրոշ տվեք երգերիս համար»: Տեսահոլովակի վերջում պարզվում է, որ 5 ժամում երգչին հաջողվում է մի քանի «գրոշ» հավաքել՝ 5000 դրամից մի քիչ ավելի:

Շպռոտ և Թաթուլ՝ Bom Bom

Եվ ի՞նչ ցուցակ առանց Շպռոտի: Եթե այլ հայ երգիչներ երկրորդ կյանք են հաղորդում հին հայկական ժողովրդական երգերին, Շպռոտն ընտրել է այլ ուղի՝ նա նոր շունչ է հաղորդում ռաբիզ կատարումներին: 2019-ին ամերիկաբնակ հայ էպատաժային երգչուհին ներկայացավ «ռաբիզի արքա» Թաթուլ Ավոյանի հետ՝ «Բոմ, բոմ» շատ... խոսքեր չենք գտնում՝ ինչ կատարմամբ: Երգի տեսահոլովակում կա ամեն ինչ՝ թանկարժեք ռետրո մեքենաներ, սեքսուալ Շպռոտ, քյարթու երիտասարդներ, «ոչ հայեցի» տեսարաններ, նույնիսկ՝ հավ: Մի խոսքով՝ շատ «բոմ-բոմ-բոմ» ստեղծագործություն է:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net