22 հունվարի 2020 - 11:25 AMT
ՀՈԴՎԱԾ
Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում
Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը
Գյուղացիներն ու ֆերմերները մոտ մեկ շաբաթ է՝ բողոքում են հունվարի 15-ին ուժի մեջ մտած սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքի դեմ:

Նրանք նշում են, որ այս փոփոխությունը լրացուցիչ բեռ է իրենց համար, առանց այդ էլ քիչ եկամուտ են ստանում անասնապահությունից, իսկ դրա մի մասը չեն կարող վճարել սպանդանոցին: Ակցիաների մասնակիցները մի քանի օր Կառավարության շենքի առջև էին, իսկ հունվարի 21-ին մի քանի ժամով փակել էին Երևան-Արարատ ճանապարհը՝ նշելով, որ հարցին լուծում չտալու դեպքում ցույցերը շարունակվելու են: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խոստացել է ԱԺ-ում բարձրացնել այս հարցը, գյուղացիներն էլ նշել են՝ ակցիաները չեն դադարեցնելու այնքան ժամանակ, քանի դեռ հարցը լուծված չէ:

Ակցիայի մասնակիցները չեն ուզում հաշվի առնել նաև սանիտարահիգիենիկ պայմանների մասին հակափաստարկները: Ասում են՝ կենդանու առողջության հետ կապված մտահոգությունների դեպքում դիմում են անասնաբույժի: Բողոքողները նշում են, որ «միս արտադրողը» պետք է սպանդանոցի հետ չառնչվի:

Ե՞րբ և ինչպե՞ս է խոսվել սպանդանոցային մորթի մասին

Պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրինագծի քննարկումները սկսվել են 2017-ի սեպտեմբերից: Այդ ժամանակ նշվում էր, որ եթե սպանդանոցային պարտադիր մորթի դեմ պահանջը չկատարվի, ապա տուգանք է սահմանվելու: Այն ժամանակ հատուկ ուշադրության էր արժանացել «մատաղի» մսի հարցը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը բարձրացրել էր գյուղացու բակում մորթվող կամ մատաղ անելու ենթական կենդանու մորթի հարցը. սեփական սպառման համար գյուղացին կարող է կենդանուն մորթել նաև իր բակում, իրացման համար՝ անհրաժեշտ է սպանդանոց տանել:

Կառավարության ծրագրով 2017-ի մայիսի 1-ից փուլային տարբերակով անցում էր արվելու սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար սպանդանոցների հզորությունն աստիճանաբար ավելացնելու քայլեր անելով: Նախագծի քննարկման ժամանակ նախատեսվում էր մինչև 2018-ի հուլիս երկրում մոտ 60 սպանդանոց կառուցել:

Ինչո՞ւ պարտադիրի ժամկետն առաջարկվեց հետաձգել 2018-ից մինչև 2020-ը

2018-ի սկզբին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ-ում սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի ներդրման ժամանակացույցի սահմանմամբ: Դրանում նշվում էր, որ մինչև 2018-ի հուլիսի 1-ի սպանդանոցները կշահագործվեն:

2018-ի հունիսին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված առաջարկի համաձայն՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը հնարավոր չէ ավարտին հասցնել սպանդանոցային պարտադիր մորթի անցումը: Առաջարկվում էր ժամնետներն այնպես սահմանել, որ սպանդանոցները պատրաստ լինեն շահագործման, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում սպանդանոցային մորթը կազմակերպել լիարժեք:

Օրենքն ընդունվեց և սահմանվեց՝ 2020-ի հունվարի 15-ից հանրապետության ամբողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար սպանդանոցային մսի ծագման պահանջը կլինի պարտադիր: Ըստ օրենքի՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգության մասին հավաստող 5-րդ ձևի անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով:

Նոր քննարկումները՝ 2019-ին

2019-ի երկրորդ կեսին սպանդանոցային պարտադիր մորթ կազմակերպելու մասին խոսակցությունները նորից ակտիվացան: Որպես էական հակափաստարկ նշվում էր, որ մարզերում սպանդանոցներն անհամաչափ են բաշխված, իսկ որոշ տեղերում դեռ կառուցված չեն:

Փորձագետներն ասում էին նաև, որ նոր օրենքը կբերի շուկայում մսի գնի բարձրացման:

2019-ի սեպտեմբերի դրությամբ՝ երկրում 17 սպանդանոց կար, ևս 25-ը կառուցվում էին, 15-ը՝ նախագծվում: Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում էր, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացն անցնցում կարվի:

2020-ի՝ ներկա իրավիճակի մասին

Ներկայումս հանրապետության տարածքում 22 սպանդանոց է գործում. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց կառուցվում են, 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում: Հունվարի 15-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ բողոքող գյուղացիներն ու ֆերմերները շարունակում են պնդել՝ իրենց անհրաժեշտ չէ սպանդանոց, քանի որ դրանց միջև մրցակցություն պետք է ստեղծվի, իսկ գյուղացին, իր հերթին, որոշի՝ որ սպանդանոցին տա իր կենդանու միսը:

Անահիտ Հակոբյան/ PanARMENIAN.Net