Մերձավոր Արևելքում կարգավորման ամբողջական 180-էջանոց պլանը, որը հաճախ անվանվում է «դարի գործարք», տեղադրվել է Սպիտակ տան կայքում և ներկայացնում է Թրամփի տեսակետը իսրայելա-պաղեստինյան հարցի կարգավորման գործընթացում:
Ըստ առաջարկի՝ պաղեստինյան կողմը կարող է օգտագործել իսրայելական 2 նավահանգստի ենթակառուցվածքները, զբոսաշրջային գոտի բացել Մեռյալ ծովի հյուսիսային մասում: Պաղեստինցիները չեն կարողանա բնակություն հաստատել Իսրայելում, ու ընտրության հնարավորություն կստանան՝ կամ տեղափոխվել պաղեստինյան պետության տարածք, կամ երրորդ երկիր: Միաժամանակ, Պաղեստինի ինքնավարությունը փաստացի կզրկվի Հորդանանի հետ ցամաքային կապից, իրավասու չի լինի բանակ ունենալ, վերահսկել իր օդային տարածքն ու սահմանային անցակետերը։ Գազայի հատվածի հետ ինքնավարության հիմնական հատվածը կապվելու է թունելով։
Հարցի խաղաղ կարգավորման համար ԱՄՆ նախագահն առաջարկում է Պաղեստինի իշխանություններին չաջակցել «Համաս» ծայրահեղական շարժմանը և հրաժարվել զինված պայքարից: Կարգավորման գործընթացին աջակցելու դիմաց Թրամփն առաջարկում է երկրում $50 մլրդ-ի ներդրում անել: Ըստ պլանի հեղինակների՝ այն կստեղծի նոր աշխատատեղեր և 2 անգամ կմեծացնի Պաղեստինի ՀՆԱ-ն:
Թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահը տեղադրել է իր ծրագրով ենթադրվող գործարքի դեպքում տարածաշրջանի նոր քարտեզը։
«Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա հանրապետությունը, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմի որոշ հատվածներում»,- գրել է ԱՄՆ նախագահը. հաղորդագրությունը տարածվել է նաև եբրայերեն և արաբերեն:
Թրամփի վարչակարզմի ներկայացրած պլանի համաձայն, Երուսաղեմը կշարունակի մնալ Իսրայելի մայրաքաղաքը: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ խաղաղության պլանով առաջարկվում է երկու՝ իսրայելական և պաղեստինյան պետությունների գոյություն: Նա նշել է, որ Իսրայելը «մեծ քայլ է անում դեպի խաղաղություն»:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում Թրամփի խաղաղության պլանը, որն ավելի հայտնի է որպես «դարի գործարք», նախատեսում է 4 տարով սառեցնել պաղեստինյան տարածքներում իսրայելական շենքերի կառուցումը: Այդ ընթացքում, ըստ գործակալության, կողմերը կքննարկեն ամբողջական կարգավորման տարբերակներ, իսկ իսրայելական բնակավայրերը կմնան Իսրայելի հսկողության տակ:
Թրամփը նախազգուշացրել է, որ ամերիկյան պլանը Պաղեստինի բնակիչների համար կարող է սեփական պետությունն ունենալու վերջին շանսը լինել: Նա նշել է, որ պաղեստինցիները «ավելի լավ կյանքի են արժանի», իսկ ներկայացված պլանը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ամենադետալիզացված առաջարկն է, որ երբևէ եղել է: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նյեթանյահուն պատրաստ է օգտվել այս պլանից՝ կարգավորման համար:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը մերժել է ԱՄՆ ղեկավարի առաջարկը՝ այն համարելով գործարք:
«Երուսաղեմը չի վաճառվում և ձեր գործարքը չի իրականանա: Մենք թույլ չենք տա անտեսել պաղեստինցի ժողովրդի պատմական իրավունքները»,- հայտարարել է Աբբասը:
«Համաս» խմբավորման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին, իր հերթին, հայտարարել է, որ պլանը նույնիսկ չարժեր այն թանաքը, որը ծախսվել է դրա գրելու վրա: Նրա խոսքով՝ Թրամփն ու իր գործարքը պատմության գիրկը կանցնեն, իսկ Պաղեստինն ու Երուսաղեմը կմնան իրենց:
1947-ի ՄԱԿ-ի 181 բանաձևով պետություն ստեղծելու իրավունք ստացած պաղեստինցիներն ու հրեաները մինչ օրս պայքարում են իրենց իրավուքնների համար:
Պաղեստինը պետություն ստեղծելու մասին որոշումը կայացրել է 1988-ին, ավելի փոքր տարածքում, քան նախատեսվում էր ՄԱԿ-ի բանաձևով: Պաղեստինցիները համարում են, որ Իսրայելն օկուպացրել է իրենց երկրի տարածքը:
Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պաղեստինցիների և արաբական երկրների որոշումը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, տարածքային կորստի: 1948-ի մայիսի 14-ից լույս 15-ի գիշերը Թել Ավիվում միակողմանի հռչակվել էր անկախ Հրեական հանրապետություն՝ Իսրայել: Անկախության հռչակումից մի քանի ժամ անց Մերձավոր Արևելքում բռնկվել էր արաբա-իսրայելական (Պաղեստինյան) առաջին պատերազմը (1948-1949թթ): Նոր ձևավորված Իսրայել պետության տարածք էին մտել հարևան արաբական երկրների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի զորքերը: Իսրայելն այդ պատերազմում արևմտյան ուժերի աջակցությամբ հաղթանակ էր տարել: Պաղեստին պետությունն այդպես էլ չէր ձևավորվել: