Իսկ վերջին շրջանում այդ ամենը զուգորդվում է տանը նստելու ու ամբողջ աշխարհից կտրված լինելու անհրաժեշտությամբ: Մարդիկ զրկված են հարազատների ու ընկերների հետ շփումից, շատերը՝ սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորությունից, ժամանցից, սրճարաններում նստելու ու համեղ ընթրիք վայելելու բերկրանքից և այլ սովորական մանր հաճույքներից, որոնցից կազմված է կյանքը:
PanARMENIAN.Net-ը որոշել է նվազեցնել ընթերցողների սթրեսն ու «հակաընկճախտային» լրահոս ապահովել բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են «կո»-ով սկսվող վերնագրերից ու դրա մասին վատ լուրերից: Մենք սկսում ենք PANտիսթրես լուրերի շարքը, որ դուք հնարավորություն ունենաք օրվա մեջ մի քանի ժամ ապրելու մի աշխարհում, որտեղ չկա «թագերի» հետ կապված ոչ մի բան: Եկե՛ք պատկերացնենք՝ ինչպիսին կլիներ կյանքն առանց.... դե, հասկացաք՝ ինչի:
Այսպիսով՝ հոլանդական «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին գրեթե 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո արթնացել է: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի եղբայրը, ով նաև նշել է, որ Նուրին ապրում է հատուկ իր համար կառուցված տանը: Ֆուտբոլիստն արդեն կարողանում է արձագանքել իր հետ շփվողներին:
Երիտասարդ գործարար Ֆյոդոր Բելոմոևը Պետերբուրգից վաճառել է իր բիզնեսը՝ «Կոմիլֆո» քեյթերինգով զբաղվող ընկերությունը, և գումարն ուղղել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հատուկ սարքերի՝ ստեղնաշար, ձեռնոցի, պլանշետի ստեղծմանը:
NASA-նցուցադրել է ապագայի էլեկտրաինքնաթիռը՝ X-57 Maxwell-ը: Դեռ հայտնի չէ, թե երբ դրա արտադրությունն իրականություն կդառնա:
Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են էկզոկմախք, որն արագացնում է մարդու վազքը: Այն ամրացվում է սրունքներին: Փորձարկումը ցույց է տվել, որ բացի վազքի արագացումից, 15%-ով նվազում է դրա վրա ծախսված էներգիան:
Minecraft խաղում ստեղծել են Երկիր մոլորակը՝ իրականին համապատասխան չափով: Այժմ օգտատերերին կոչ են արել կառուցել իրենց քաղաքները: «Ստեղծված» Երկիր մոլորակը կարելի է տեսնել YouTube-ի հոլովակում, իսկ դրա հեղինակը պատմում է ստեղծման ընթացքի մասին:
Ամերիկացի գիտնականները փորձարկել են մարդու և մկների բջիջների մասնակի վերամշակման տեխնոլոգիան: 2-4 օրվա գործընթացի հետևանքով տարեց դոնորների բջիջներն իրենց կառուցվածքով մոտ են դարձել երիտասարդ դոնորների բջիջներին: Երիտասարդացումը մոտ 5 տարվա կտրվածքով է եղել:
Հունվարին ավստրալական անտառային հրդեհներից հետո առաջին անգամ կոալաները կվերադառնան «տուն»։ Չնայած երկրում կոալաների 3-4 միլիոնանոց պոպուլյացիայից միայն 300,000-ն են մնացել, Science for Wildlife կազմակերպությունը ջանքեր չի խնայում կենդանիներին բնություն վերադարձնելու համար։ Այրվածքներ ստացած ու հրդեհների պատճառով տեղահանված կոալաներին կգտնեն, կբուժեն ու բաց կթողնեն Նոր Հարավային Ուելս նահանգի ազգային պարկերից մեկում։ Ի դեպ, 4 մեծահասակ կոալա և մեկ ձագուկ արդեն իսկ վերադարձել են տուն։
Իսկ Հայաստանում շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենաներ կվարեն: Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում շատ վարորդներ հանում են իրենց «կատալիզատորները» և վաճառում դրանք՝ այդպիսով աղտոտելով շրջակա միջավայրը: Առաջարկվող տուգանքը քաղաքացիների համար՝ 300 հազար դրամ, պաշտոնատար անձանց՝ 500 հազար դրամ:
Intel ընկերության ինժիներներից մեկը ստեղծել է յուրահատուկ սարք՝ «Էլեկտրոնային քիթ», որը կարող է մինչև 10 տարբեր հոտ զգալ և տարբերել դրանք իրարից: Այն նույնիսկ կարողանում է զգալ և նույնականացնել իրեն ծանոթ հոտը բազում այլ հոտերով լցված սենյակում: Իհարկե, սարքը դեռ հեռու է մարդուց, որը կարողանում է մինչև 1 տրլն հոտ տարբերել, բայց հետաքրքիր հեռանկարներ է ստեղծում:
Աշխարհում անազատության մեջ գտնվող միակ շագանակագույն և սպիտակ պանդան բնական ճանապարհով զուգավորվել է մեկ այլ պանդայի հետ Չինաստանի բուծարաններից մեկում: Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ սա նաև գիտնականներին կարող է պատկերացում տալ պանդայի յուրօրինակ գունային համադրության մասին։ Իրականում, պանդաները շարունակում են մնալ վտանգված տեսակ․ կենդանիների ռեպրոդուկցիան շատ դանդաղ է լինում, քանի որ դրանք չափազանց ծույլ են։