3 ապրիլի 2020 - 19:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Արտակարգ աշխատողները
Մարդիկ, որոնք սերիալ դիտելու ժամանակ չունեն
Արտակարգ դրությունն ու դրանից բխող սահմանափակումները մի կողմից, կորոնավիրուսով վարակվելու վախն ու աշխատանքը ճշտորեն կատարելու պատասխանատվությունը՝ մյուս․ նրանց աշխատանքից ուրիշների գործունեությունն է կախված, ուսումը, թեկուզ լանչն ու ընթրիքը։

3 տարբեր մասնագետ PanARMENIAN.Net-ին պատմել են՝ ինչպես աշխատել արտակարգ, երբ դրությունն է այդպիսին։

Սիրանույշը. gg-ի գործընկեր վարորդներից

Մեր աշխատանքային առօրյան հիմա կրճատվել է, բնակչությունը միգուցե առաջին 1-2 շաբաթը սահմանափակումների լրջությունը չէր հասկանում, բայց հիմա առհասարակ շատ են քչացել պատվերները՝ հիմանակնում առաջնահերթ աշխատանք կատարողներն են՝ բժիշկեր, դեղատների աշխատակիցներ։ Մարդիկ ավելի շատ են մտածում իրենց առողջության մասին, դա ավելի գնահատելի է ու առաջնահերթ։

Ուրախ եմ նաև, որ խցանումներ չկան, քաղաքն ազատ է ու հանգիստ, իսկ վարորդները զգույշ են վարում, կարծես` ավելի զգոն ու կարգապահ են դարձել։

Զգոն են դարձել նաև ուղևորներս․ կանխիկ չեն վճարում, դա էլ է գնահատելի։

Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, առավոտը սկսվում է մեքենայի ախտահանմամբ` ալկոգելով, սպիրտային նյութով։ Յուրաքանչյուր պատվիրատուից հետո մաքրում եմ մեքենաս, ախտահանում բռնակները, որքան հնարավոր է` մաքրում, բայց, կարծում եմ, լավ է ստացվում։

Գործի ժամանակ միշտ դիմակով ու ձեռնոցով ենք, պահպանում ենք նաև դրանք 3 ժամը մեկ փոխելու կանոնը։

Պետք է շատ լուրջ ու զգույշ լինենք, ի վերջո` տանը մենք էլ հարազատներ ունենք՝ երեխաներ ու ծնողներ։ Այսօր առողջությունն առաջնային է։

Մհերը. Menu.am-ի առաքիչներից

Քաղաքում խցանում չկա, մեքենաները քիչ եմ, հեշտ ենք տեղաշարժվում, պատվերներն արագ ենք հասցնում, իմ աշխատանքում բացասական կողմ չկա։ Ու պետք է ասեմ, որ այս օրերին պատվերները զգալի շատացել են՝ սովորական օրերի համեմատ։

Ես, օրինակ, հիմա աշխատանքի մեջ եմ, այսօր պատվերների երևի 70%-ն անկանխիկ տարբերակով է։ Այդ դեպքում զանգահարում ենք հաճախորդներին, ճշտում՝ ինչ ձևով են ցանկանում պատվերը ստանալ՝ անշփում, թե առձեռն։ Հիմնականում նրանք անշփում տարբերակն են նախընտրում։ Մենք պատվերը թողնում ենք դռան դիմաց, բացում` վերցնում են, մեկ-մեկ մեզ էլ չեն հասցնում տեսնել։ Ամենակարևոր պայմաններից մեկը՝ հիգիենան պահվում է առաքման ժամանակ․ պարտադիր կերպով ձեռնոցով ենք, դիմակով ու անպայման մեզ մոտ ալկոգել ունենք, որ և՛ մեզ, և՛ հաճախորդների համար անվտանգ լինի։

Ընկեր Մանուչարյանը. Երևանի N6 արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետը

Մենք, ինչպես ՀՀ մյուս ուսհաստատությունները, դասերն անցկացնում ենք հեռավար։

Տեսազանգով հարմար չի լինում, երբեմն կապերը ծանրաբեռնված են, դրա համար այլ կերպ ենք անում․ ես տանը նկարում եմ վիդեոդաս՝ ներկայացնում եմ ուտեստի բաղադրատոմսը, երեխաները հեռավար փորձում են պատրաստել նույնը։

Սա, իհարկե, իր դրական կողմերն ունի, բայց նաև հոգնում ենք ամբողջ օրը հեռախոսներով ու պլանշետներով աշխատելուց։

Փոխարենը երեխաները շատ ոգևորված են, նույնիսկ շաբաթ-կիրակի աշխատում են, աշխատանքներն ուղարկում։ Մրցակցություն է ձևավորվել նրանց մեջ, թե ով ավելի լավ կպատրաստի։

Հիմնականում բոլոր ուսանողներս էլ մասնակցում են, երևի` մեկ-երկու երեխա, որ հարգելի պատճառով չմասնակցեն։ Հաշվի ենք առնում յուրաքանչյուր անհատական հանգամանք։

Մի նրբություն էլ կա՝ այս օրերին աշխատում ենք, այսպես ասած, թանկ մթերքներով ուտեստներ չպատրաստել, ավելի թեթև տարբերակներ ենք ընտրում։

Երեխաների աշխատանքը գնահատվում է և համացանցում և օնլայն մատյաններում։ Ես էլ իմ հերթին կիսվում եմ էջումս, ընկերներս սկսում են հետաքրքրվել ու պատրաստել՝ ինչպես աշակերտներս։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարված։ Խիստ սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net