8 ապրիլի 2020 - 15:47 AMT
ՀՈԴՎԱԾ
«Կինոյի տղերքի» վերադարձը
Կորոնավիրուսը ստիպում է վերարժևորել գիտությունը
Արդեն մեկ ամիս է՝ Կառավարության դահլիճից մինչև խոհանոցներ՝ ցանկացած զրույց կամ քննարկում անպայմանորեն սկսվում է՝ որպես ելակետ ունենալով նոր համավարակը, որի ազդեցությունն օրըստօրե զգում ենք ավելի ուժեղ։ Նման պայմաններում գուցե ժամանակավրեպ է թվում երկարաժամկետ զարգացման հեռանկարներից խոսելը։ Սակայն բուն վարակի հաղթահարումը, որ ներկայումս թիվ մեկ խնդիրն է, թվում է ավելի հեշտ, քան այն խնդիրները, որոնք ծառանալու են մեր առջև հետկորոնավիրուսային աշխարհում։

Հենց սա է պատճառը, որ աշխարհի առաջատար մտածողները սկսել են ավելի շատ խոսել սպասվող մարտահրավերներից ու գլոբալ փոփոխություններից և փնտրել այդ ամենին նախապատրաստվելու լավագույն միջոցները։ Այս օրերին գրվում են հարյուրավոր հոդվածներ ու վերլուծություններ, որոնցում ներկայացնում են այն աշխարհը, որ, հավանաբար, գալու է 2020-ից հետո։

Բացառիկ վիրուս

Կորոնավիրուսը որպես հիվանդություն արտառոց բան չէ, սակայն յուրահատուկ է միջավայրը, որում վարակը տարածվում է։ Ամենայն հավանականությամբ, արդեն հասցրել եք ծանոթանալ այն բազմաթիվ համեմատություններին, որոնք արվել են կորոնավիրուսի և նախկինում հանդիպած այլ համաճարակների միջև։

Կորոնավիրուսի հիմնական բացառիկությունը, սակայն, այն է, որ ներկայումս աշխարհը խիստ շաղկապված է՝ առաջին հերթին տնտեսապես (պատահական չէ, որ վիրուսը ծագեց Չինաստանում, սակայն ավելի շատ մարդ վարակվեց Իտալիայում և ԱՄՆ-ում, քան Չինաստանի կենտրոնական և արևելյան նահանգներում, նույնիսկ մինչև կարանտինային միջոցառումները)։ Սա գլոբալիզմի աննախադեպ մակարդակ է, որը չկար ո՛չ իսպանական գրիպի, ո՛չ միջնադարյան ժանտախտի և ոչ էլ այլ որևէ համաճարակի ժամանակ։ Եվ հենց այս պատճառով է, որ մարդկության առջև կանգնած մարտահրավերները ոչ միայն նորություն են, այլև անկանխատեսելի են և վախեցնող։

Ինչպես ցանկացած այլ ճգնաժամ, կորոնավիրուսը ևս փոխում է ժամանակի և տարածության ներկայիս ձևաչափերը, ինչը նշանակում է, որ այդ մեծություններում գործող դերակատարների համար ստեղծվում են հնարավորություններ նորովի դիրքավորվելու։ Պատահական չէ, որ այս դժվարին օրերին, երբ ազգային կառավարությունները փորձում են լուծել առողջապահական խնդիրները, շարունակվում է մեծ աշխարհաքաղաքական և համակարգային պայքարը. տերությունները պատրաստվում են իրենց դիրքերն ամրապնդել նոր աշխարհում և մեծացնել ազդեցությունը։ Այլ կերպ ասած՝ կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է, այլև՝ հնարավորություն, նոր տասնամյակ մտնելու նոր կարողություններով ու առավելություններով։

Կորոնավիրուսը և դրա հաղթահարմանն ուղղված միջոցառումները վաղ թե ուշ ավարտվելու են։ Անխուսափելի են դրանից հետո սպասվող փոփոխությունները, որոնք անդրադառնալու են կյանքի բոլոր ոլորտների վրա՝ քաղաքականությունից մինչև սոցիալական շփումներ, կրթությունից մինչև ժամանց։ Ավելին, այդ փոփոխություններից որոշներն արդեն իսկ հստակ ուրվագծվում են, ուստի անդրադառնանք դրանցից մի քանիսին։

«Կինոյի տղեքը» կամ գիտության նոր բեմելը

Վերջին տասնամյակները կարելի է բնորոշել որպես գիտության և դրա արդյունքում՝ ճշմարտության անկման ժամանակաշրջան (որոշ քաղաքագետներ կոչում են սա հետճշմարտության շրջան)։

Հիմնախնդիրների լուծման գիտական մոտեցումները մարդկանց համար թվում էին անկարևոր և անհրապույր։ Փոխարենը՝ ավելի մեծ կշիռ էին ձեռք բերել այս կամ այն թեմայի մասին լավագույն դեպքում մակերեսային, իսկ ավելի հաճախ՝ խեղաթյուրված պատկերացում ունեցողները, որոնք, սակայն, համացանցի շնորհիվ ունեն հսկայական լսարան և ազդում են հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ առաջարկելով «պարզ ու հեշտ» լուծումներ։

Կորոնավիրուսը փոխում է նկարագրված իրավիճակը։ Գլոբալ ճգնաժամի ընթացքում մարդկանց մեծամասնության աչքերում աճում է ֆիլմերի սուպերհերոսների հետ համեմատվող իսկական բժիշկների և գիտնականների կարևորությունը. չէ՞ որ հենց նրանք են փրկում կյանքեր և փորձում ստեղծել վարակը կանգնեցնող դեղամիջոցները։ Ճգնաժամի ընթացքում էլ ավելի արժևորվում է բանիմաց մասնագետի խոսքն ու գործը, քանի որ վերջիններս նմանվում են ճակատը պահող մարտիկների, ումից կախված են լուծումները։ Նույն տրամաբանությունից ելնելով՝ իրական գիտելիքը և փորձը կարևորում են նաև կառավարությունները։

Սա է պատճառը, որ վարակից հետո գիտնականները նորից կլինեն բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ գիտությանը տրամադրվող ֆինանսական միջոցները կավելացվեն (արդեն իսկ այդ մասին հայտարարել են մի շարք երկրներում)։ Բնականաբար, սա չի նշանակում, որ ցածրորակ «փորձագիտությունը» և դիլետանտությունը կվերանան, սակայն առնվազն կզիջեն իրենց դիրքերը։

Հայկական անելիքներ

Հետկորոնավիրուսային աշխարհում պետությունների հզորության չափանիշների մեջ գիտատեխնիկական առաջընթացը դառնալու է ամենաառանցքայինը։ Անհրաժեշտ է սա գիտակցել և հստակ ու մասշտաբային քայլեր իրականացնել հայաստանյան գիտության ոլորտի լիարժեք արդիականացման ու զարգացման համար՝ ուշադրություն դարձնելով այն ճյուղերին, որոնք ունեն դրա իրական պոտենցիալը։

Կորոնավիրոսը հուշում է, որ գիտության անտեսումը և ստորադասումը հղի է ոչ միայն աղետալի հետևանքներով այսօրվա դրությամբ, այլև զրկում է լուրջ զարգացման հեռանկարներից՝ ապագայում։

Պետք է հիշել նաև՝ գիտնականները ոչ միայն նրա համար են, որ լուծեն արդեն ծագած խնդիրները, այլև որ կանխատեսեն մոտալուտ փոփոխություններն ու հասունացող ճգնաժամերը։ Հենց այդ կանխատեսումները պետք է ընկած լինեն ազգային ռազմավարական փաստաթղթերի մշակման և ճանապարհային քարտեզների հիմքում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն բնական գիտությունների մասին է, այլև ժամանակակից հասարակությանը սպասարկող այլ գիտաճյուղերի՝ հասարակագիտության և հումանիտար գիտությունների մասին ևս։

Պետք է վերարժևորենք գիտական կոչումներն ու դրանց կրողների հասարակական ընկալումը։ Այս առումով մեծ անելիք ունեն, առաջին հերթին, գիտնականները։ Նրանք պետք է պարբերաբար ներկայացնեն իրենց գործունեությունը հասարակությանը, որովհետև հարկատուները, այն էլ՝ մեր օրերում, պետք է հասկանան, թե ինչի համար են վճարում։

Անհրաժեշտ է, որ գիտնականները հասկանալի (չպարզունակ) կերպով ներկայացնեն իրենց գործունեության ազդեցությունը հասարակության համար։ Այլ կերպ ասած՝ գիտական համայնքն ու հասարակությունը պետք է գտնվեն մշտական կապի մեջ և փոխգործակցեն։

Գիտությունը պետք է դառնա մեր ամենաառաջնային կռվանը՝ աշխարհաքաղաքական վերադասավորումներում ավելի ամուր դիրքեր ձեռքբերելու, ինչպես նաև թարմ և նորարարական լուծումներով սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար։

Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., թյուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս