8 ապրիլի 2020 - 20:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Գիրքն ավելի լավը չէ
Հայտնի ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները
Գրքասերներից հաճախ կարելի է լսել, որ այս կամ այն հայտնի և ոչ այնքան ստեղծագործության էկրանավորումը չի փոխանցում գրքի տրամադրությունը, կորցնում է սյուժեի մի մասը, փոխում է այն կամ թերի ներկայացնում հերոսներին:

Հատկապես հիասթափեցնող է այն, երբ ինքդ քեզ համար արդեն պատկերացրել ես ստեղծագործության բոլոր մանրուքները, գլխումդ ապրում են հերոսները, իսկ էկրանից քեզ մատուցվում են ոչ թե քո, այլ ռեժիսորի պատկերացումները, որոնք հաճախ չեն համապատասխանում ոչ միայն ընթերցողի, այլև հենց գրողի մտապատկերին: Արդյունքում հաճախ կարելի է լսել, որ այսինչ ֆիլմը «վատը չէ, բայց գիրքն ավելի լավն է»:

PanARMENIAN.Net-ը հավաքել է հայտնի ստեղծագործությունների ոչ պակաս հայտնի էկրանավորումներ, որոնք ոչ միայն չեն զիջում գրքին, այլև լրացնում են այն և նույնիսկ գերազանցում:

«Գեյշայի օրագիրը» (2005). գունեղ, հյութեղ, շքեղ

Թույլ տեսողություն ունեցողներին ծանոթ է այն զգացողությունը, որն ունենում ես, երբ առանց ակնոցների երկար նայում ես ինչ-որ բանի, իսկ հետո դնում ես ակնոցներդ, ու բոլոր աղոտ պատկերները ստանում են ձև, գույն ու հստակ տեսք:

Գրեթե նույնն է լինում, երբ Արթուր Գոլդենի «Գեյշայի մեմուարները» (Memoirs of a Geisha) գրքի ընթերցումից հետո դիտում ես 2005-ին Ռոբ Մարշալի կողմից նկարահանված ֆիլմը: Գրքում, իհարկե, որոշ մանրամասներ կան, որոնք ֆիլմում բաց են թողնված, բայց փոխարենն էկրանավորումն իր հյութեղությամբ ու գույներով լրացնում է բոլոր բացերը, իսկ գլխավոր դերը կատարող՝ «անձրևի գույնի աչքեր» ունեցող հրաշք աղջիկը՝ չին դերասանուհի Չժան Ցզիին, իդեալական գլխավոր հերոսուհի է. ձեզ դժվար հաջողվի ավելի լավին ստեղծել ձեր մտքում:

«Հպարտություն և նախապաշարմունք» (1995). զուսպ սեքսուալություն` անգլիականի ոճով

Աղջիկների բազում սերունդներ են մեծացել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» (Pride and Prejudice) վեպի վրա: Միլիոնավոր աղջնակների համար տղամարդու իդեալ է դարձել պարոն Դարսին՝ հպարտ, խելացի, բարի, իսկական ջենթլմեն: Վեպը բազմաթիվ էկրանավորումներ ունի, հատկապես հայտնի է վերջինը՝ 2005-ին նկարահանվածը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Քիրա Նայթլին: Սակայն այդ էկրանավորումը հիասթափեցրել է գրքի ֆանատներին. այն կրճատված է, դերակատարները ճիշտ չեն ընտրված, կան որոշ անճշտություններ սյուժեի մասով, և, ընդհանրապես՝ ֆիլմն այդքան էլ լավ չէ փոխանցում վեպի ոգին: Նույնը չի կարելի ասել 1995-ի մինի սերիալի մասին, որը նայելիս տպավորություն է, թե գիրքն ես թերթում: Իսկ պարոն Դարսին, որին մարմնավորում է հայտնի բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը, երազանքների իսկական ասպետ է՝ ձիով ու թաքնված սեքսուալությամբ: Ֆիլմում թերևս մեկ տպավորիչ կադր կա, որը կապ չունի գրքի հետ, բայց դրա համար վեպի ֆանատները միայն շնորհակալ են սերիալի հեղինակներին:

«Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» (2006). գարշելի, բայց գայթակղիչ

«Պարֆյումեր» ֆիլմը, թերևս, ավելի հայտնի է, քան գերմանացի գրող Պատրիկ Զյուսկինդի գիրքը (Das Parfum. Die Geschichte eines Mörders), որի հիման վրա այն նկարահանվել է: Բայց երկուսն էլ արժանի են ուշադրության: Բույրերով լեցուն այս ֆիլմը ցույց է տալիս այնպիսի դետալներ, որոնք կարող են առաջացնել զզվանք, սակայն միաժամանակ ինչ-որ բան ստիպելու է ձեզ դիտել այն: Հանճարեղ է նաև գլխավոր հերոսի դերասանական խաղը՝ գարշելի, բայց գայթակղիչ: Իսկ վերջին զանգվածային տեսարանն առանձին գովասանքի է արժանի, նման բան ինքնուրույն պատկերացնելը, առավել ևս՝ բոլոր մանրամասներով, դժվար կլիներ:

«Սպասուհի» (2011). գրքի մասին՝ գրքի հիման վրա

«Սպասուհին» (The Help) հետաքրքիր դրամա է՝ Քեթրին Սթոքեթի համանուն գրքի հիման վրա նկարահանված: ԱՄՆ-ում 1960-ականներին տիրող իրավիճակը նկարագրող այդ պատմությունը լավագույնս ներկայացված է Թեյթ Թեյլորի ֆիլմում. կերպարները հաջողված են, դերասանական խաղը՝ բարձր մակարդակի վրա, ռասիզմի թեման էլ՝ ամբողջությամբ բացված: Ֆիլմը շատ կոլորիտային է ստացվել, իսկ գեղեցիկ գույներն ամբողջացնում են պատկերը:

«Ուվեի երկրորդ կյանքը» (2015). կյանքից կտրվելու համար

Շվեդ գրող Ֆրեդրի Բակմանի «Ուվեի երկրորդ կյանքը» (En man som heter Ove) վեպի համանուն ֆիլմը լույս է տեսել 2015-ին: Ֆիլմի ընթացքն անյքան դանդաղ ու հանգիստ է, որքան կյանքը փոքր քաղաքներում, բայց դա չի խանգարում ֆիլմին լինել գրավիչ ու դիտարժան: Հանդիսատեսն անցնում է Ուվեի հետ նրա ամբողջ կյանքը. Ուվեն փոխվում է, թեև՝ շատ դանդաղ, փոփոխվում է նաև հանդիսատեսի վերաբերմունքը նրա հանդեպ: Ֆիլմը լավ միջոց է` առօրյայից կտրվելու և ուրիշի կյանքի զարգացմանը կողքից հետևելու:

«Պիի կյանքը» (2012). կյանքի բոլոր գույներով լեցուն

Յան Մարտելի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Պիի կյանքը» (Life of Pi) ֆիլմում կարելի է տեսնել բոլոր հայտնի և անհայտ գույները: Եթե չեք կարդացել գիրքը, կարդացեք այն, եթե չեք դիտել ֆիլմը՝ դիտեք, քանի որ այդ երկուսն իրար հրաշալիորեն լրացնում են: Հատկապես խորհուրդ է տրվում դիտել 3D ֆորմատով: Առանձին գովասանքի է արժանի հնդիկ սկսնակ դերասան Սուրաջ Շարմայի խաղը: Ֆիլմը բազում մրցանակների է արժանացել: Ի դեպ, ֆիլմը դիտելուց հետո կարող եք նաև առանձին նայել նկարահանումների ընթացքի վիդեոները, որոնք պակաս հետաքրքիր չեն:

«Թշվառները» (2012). թշվառ, բայց գեղեցիկ

Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» (Les Misérables) վեպը շատերը կարդացել են դեռ դպրոցական տարիներին: Այն երկար է, ծանր, բայց անչափ հետաքրքիր: Վեպն ունի բազմաթիվ էկրանավորումներ, բայց հատկապես հաջողված է 2012-ինը: Այն բացառիկ է իր աստղային դերասանական կազմի հաշվին. ֆիլմում կարելի է տեսնել Հյու Ջեքմանի, Էն Հեթեուեյի, Ռասել Քրոուի, Ամանդա Սայֆրեդի և այլ հայտնիների հոլիվուդյան ժպիտները, որոնք փոքր ինչ դրական երանգ են հաղորդում Հյուգոյի դեպրեսիվ ստեղծագործությանը: Ֆիլմը նաև հաջողությամբ փոխանցում է 19-րդ դարի Ֆրանսիայի ոգին, մտածված է ամեն մանրուք՝ զանգվածային տեսարաններից մինչև դերասանների հագուստը:

«Մեծն Գեթսբին» (2013). տոն, որը մեզ հետ է մնալու

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» (The Great Gatsby) վեպի 5-րդ՝ վերջին էկրանավորումը շլացնում է իր գույներով: Վեպը կարդալու ընթացքում, իհարկե, փորձում ես պատկերացնել երեկույթների ողջ շքեղությունը, բայց այն, ինչ ցույց է տալիս ռեժիսոր Բազ Լուրմանը, դժվար է պատկերացնել: Նրան հաջողվել է ներկայացնել իսկական շքեղություն՝ համադրելով 20-րդ դարի սկզբի ոճը մոդերն դեկորացիաների հետ և ստանալով հնի ու նորի այնպիսի «կոկտեյլ», որ մի պահ մոռանում ես, որ խոսքը գնում է նախորդ դարի մասին, թվում է, թե էկրանին ինչ-որ ժամանակակից փոփ աստղի կամ միլիարդատիրոջ երեկույթն է, պակասում են միայն սմարթֆոններն ու սելֆի անող մարդիկ: Դե իսկ գլխավոր հերոսին մարմնավորող Լեոնարդո Դի Կապրիոյի մասին խոսքերն ավելորդ են, Դի Կապրիոն Դի Կապրիո է մնում: Ի դեպ, ֆիլմը նկարահանված է 3D ֆորմատով, ուստի կարող եք դառնալ այդ տոնի մի մասը:

«Փոքրիկ կանայք» (2019). վերադառնալ պատանեկություն

Եթե կարդացել եք Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ կանայք» (Little Women) վեպը, ձեզ հաճույք կպատճառի այս վերադարձը պատանեկություն, երբ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, իսկ կյանքը՝ լի բարությամբ ու լույսով: Ֆիլմում կարելի է տեսնել հայտնի և սիրված դերասանների՝ Մերիլ Սթրիփ, Սիրշա Ռոնան, Տիմոտի Շալամե, Էմմա Ութսոն, և տեղափոխվել 1860-ականներ: Ի դեպ, ֆիլմը «Օսկար» է ստացել հագուստի լավագույն դիզայնի համար, և արձանիկը տեղին է՝ հենց հագուստը լավագույնս փոխանցում է ժամանակաշրջանի ոգին: Ֆիլմը ստացվել է բարի, լուսավոր և շատ «տաքուկ», այն կարող էր հրաշալի իլյուստրացիա դառնալ վեպի համար:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net