25 ապրիլի 2020 - 16:48 AMT
ՀՈԴՎԱԾ
Լույսերը, անձրևն ու կաթիլների հետ համբարձվող հոգիները
Ծիծեռնակաբերդի լուսավորության մասին
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն անցել է տարբերվող՝ «արտակարգ» պայմաններում: Կորոնավիրուսի պատճառով ամենամյա ավանդական երթն այս տարի փոխարինվել էր վիրտուալով, իսկ գրեթե դատարկ հուշահամալիրում մոտ 10 ժամանոց կենդանի համերգ էր 160 երաժշտի մասնակցությամբ:

Բայց ամենատպավորիչն այս տարի, թերևս, Ծիծեռնակաբերդի բացառիկ լուսավորությունն էր, որն անտարբեր չէր թողել ոչ մեկի. այդ մասին են վկայում համացանցում հայտնված՝ հուշահամալիրի հարյուրավոր լուսանկարներ` արված քաղաքի տարբեր հատվածներից:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսային ձևավորումը ստանձնել է C-squared ընկերությունը: PanARMENIAN.Net -ը զրուցել է դրա համահիմնադիր Կառլեն Մադոյանի հետ գաղափարի ծագման, իրագործման և որոշ դժվարությունների մասին:

«Գաղափարը ծագել էր դեռևս 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն ժամանակ հնարավորություն չեղավ իրագործելու: Գաղափարի հեղինակը մեր տաղանդավոր լուսային դիզայներ Կարեն Վարդանյանն է: Այս տարի որոշեցինք մեր նախագիծը ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը, որտեղ այն հավանության արժանացավ, այնուհետև ընդունվեց կառավարության կողմից:

Անկեղծ ասած, բավականին ուշ ենք ներկայացրել նախագիծը, ուստի իրագործման համար ժամանակը բավականին սուղ էր: Սկսել ենք աշխատել ապրիլի 22-ից և մոտ 2 օրում կատարել լուսային ձևավորումը: Մեր թիմից բացի, ևս տասնյակ մարդիկ են աջակցել, ներգրավել ենք տարբեր գործընկերների տեխնիկա և այլն», - պատմեց Կառլենը:

Նրա խոսքով՝ եղանակային պայմանները շատ խանգարեցին գործին. անձրևի պատճառով որոշ տեխնիկա է փչացել, ընթացքում որոշ դժվարություններ են առաջացել, բացի այդ, շատ ցուրտ էր: Սակայն փորձել են հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաջողության հասել:

«Գիտեք, անձրևն ընթացքում, իհարկե, խանգարեց, բայց նաև յուրահատուկ խորհրդավորություն հաղորդեց ամենին: Շատ դժվար է նկարագրելը, երևի լուսանկարներն էլ ամբողջությամբ չեն փոխանցի իրականությունը, պետք էր այնտեղ լինել զգալու համար այդ ամենը. երբ կանգնում էիր Հավերժության տաճարի մեջտեղում և նայում վերև՝ տեսնելով անձրևը, տպավորություն էր, որ լույսի կաթիլներ են թափվում, և ամեն կաթիլը կարծես ցեղասպանության 1.5 մլն զոհերից մեկի ոգին լիներ, որ համբարձվում էր երկինք: Եվ այդ ամենը միասին՝ լույսը, կաթիլները, խորհրդավորությունը, ուղղակի անմոռանալի էր», - նկարագրեց ընկերության համահիմնադիրը:

Նա նշեց, որ գաղափարն ի սկզբանե մի քիչ ավելի մասշտաբային էր, սակայն այն իրագործելու համար պետք էին առավել հարմար եղանակային պայմաններ, մեծ ռեսուրսներ ու ծախսեր, ինչը, Կառլենի խոսքով, արդարացված չէր լինի:

«Այսպես, ինչպես կա, գոհ ենք թե՛ մեր արած աշխատանքից, թե՛ ստացված արդյունքից», - ասաց Կառլենը՝ հավելելով, որ շատ շնորհակալ են հանրությունից ջերմ արձագանքի ու բարձր գնահատականի, իսկ կառավարությունից՝ վաղեմի գաղափարն իրագործելու հնարավորության համար:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net