29 մայիսի 2020 - 18:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայի բախտ
Ինչպես կարդինալ Աղաջանյանն 2 անգամ Հռոմի պապ չդարձավ
Մենք՝ հայերս, գլուխ գովելու ևս մի պատճառ ենք կորցրել, երբ կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը կարող էր դառնալ Հռոմի պապ, բայց չի դարձել։ Վատիկանում ոչ թե մեկ, այլ երկու գաղտնի ժողովին (1958-ին ու 1963-ին) Աղաջանյանը համարվում էր պապի լուրջ թեկնածու, չնայած ասում են՝ այնքան էլ հետաքրքրված չէր

1937-1962 թվականներին Աղաջանյանը եղել է Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք և վերահսկել է Կաթոլիկ եկեղեցու միսիոներական աշխատանքն ավելի քան մեկ տասնամյակ՝ մինչև 1970 թվականը։ Ժամանակի լրատվամիջոցները միակարծիք էին, որ հայ կարդինալը կարող էր դառնալ վերջին ավելի քան 400 տարվա մեջ առաջին ազգությամբ ոչ իտալացի պապը։

Ի դեպ, 25 տարի ու երեք Հռոմի պապ հետո միայն ազգությամբ լեհ Հովհաննես Պողոս II-ը դարձավ առաջին ոչ իտալացի պապը 1520-ից ի վեր, ով գահին նստեց 1978 թվականին և որպես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ և Վատիկանի միապետ մնաց մինչև իր մահը՝ 2005 թվականը։

Madera Tribune թերթը գրում է 1958 թվականի հոկտեմբերի 15-ի համարում, որ «63-ամյա հայ կարդինալը դարձել է ամենահավանական թեկնածուն ու կդառնա Վատիկանի հաջորդ առաջնորդը, եթե Կարդինալների կոլեգիան խախտի 400-ամյա ավանդույթն ու պապ ընտրի ազգությամբ ոչ իտալացի հոգևորականի»։

Լուսանկարը՝ Դուբլին քաղաքի լուսանկարչական հավաքածուից

Վատիկանի Սիքստինյան կապելլայում տեղի ունեցող ընտրություններին ընդառաջ երկու անուն էր շրջանառվում՝ Աղաջանյանինն ու իտալացի կարդինալ Անջելո Ռանկալիինը (ով էլ ի վերջո դարձավ նոր պապը՝ Հովհաննես XIII անունով)։ Պապ ընտրվելուց երեք ամիս անց Ռանկալին ասել էր, որ իր և Աղաջանյանի անունները գաղտնի ժողովին հնչում էին «ինչպես եռացող ջրում հերթով վեր բարձրացող սիսեռի երկու հատիկ»։

Ըստ պարբերականի՝ Վատիկանի հարցերով փորձագետները համակարծիք էին, որ կարդինալ Աղաջանյանն ամենաակնառու ազգությամբ ոչ իտալացի թեկնածուն էր՝ լեզուների նախանձելի իմացությամբ և աշխարհիկ ու եկեղեցական գործերի լայն գիտելիքներով։ Վարժ խոսում էր հայերեն (մայրենի), ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն ու լատիներեն, և ուսումնասիրել էր գերմաներեն, իսպաներեն, դասական հունարեն ու արաբերեն լեզուները։

Կաթոլիկ եկեղեցուն միանալու համար հայ կարդինալն իր ամբողջ կյանքն ապրել է աքսորի մեջ, բայց շարունակել ծառայել հազարավոր կաթոլիկ հայերի։ Մահացել է 1971-ին` քաղցկեղից։ Մինչ օրս համարվում է Կաթոլիկ եկեղեցու ամենանշանավոր հայ գործիչներից։

«Չնայած այդպես էլ Կարդինալների կոլեգիայի կողմից չընտրվեց Հռոմի պապ, նա, միևնույն է, մեծ ավանդ ունեցավ եկեղեցու զարգացման և զարգացող երկրներում դրա դերի մեծացման մեջ»,- ասվում է Reuters-ի մահախոսականում:

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net