13 հունիսի 2020 - 13:04 AMT
ՀՈԴՎԱԾ
5 գիրք, որ լայքել է Մարկ Ցուկերբերգը
Facebook-ի հիմնադրի գրադարանից
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, բացի հաջողակ, ամբիցիոզ ու նորարար լինելուց, նաև սիրում է գրքեր կարդալ։

Ասում են՝ 2015-ին Մարկն իր առաջ խնդիր էր դրել 2 շաբաթում նոն-ֆիքշն ժանրի մի գիրք կարդալ՝ կրոնի, քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների, պատմության մասին և ոչ միայն։ Ցուկերբերգի սիրելի գրքերի մեծ ցանկից PanARMENIAN.Net-ն առանձնացրել է 5-ը՝ այս ամառ կամ թեկուզ մինչև տարեվերջ ընթերցելու համար։

«Ինչու են ձախողվում ազգերը» Տարոն Աճեմօղլու, Ջեյմս Ռոբինսոն (Why Nations Fail)

Սա այն գիրքն է, որ Ցուկերբերգին օգնել է հասկանալ գլոբալ դժբախտությունների պատճառների և հաջողակ պետությունների աշխատանքի մասին։ Հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի և ամերիկացի պրոֆեսոր Ջեյմս Ռոբինսոնի 15-ամյա հետազոտությունների վրա հիմնված գիրքը ներկայացնում է քաղաքական կամ տնտեսական ինստիտուտներ, որոնց հիմքում տնտեսական հաջողություններն են կամ դրանց բացակայությունը։ «Ինչո՞ւ են մարդիկ Հյս. Կորեայում աղքատ, Հրվ. Կորեայում՝ հարուստ» հարցի պատասխանը ևս այստեղ կա։

«Բանական մարդը», Յուվալ Նոյ Հարարի (Homo Sapiens)

Ցուկերբերգն առաջարկում է շարունակել ուսումնասիրել բանական մարդուն Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Յուվալ Նոյ Հարարիի այս գրքով։ Հեղինակն այստեղ ներկայացնում է, թե ինչպես է որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվող նախամարդն էվոլյուցիայի հետևանքով ապագայի «ինքնահռչակ աստված» դարձել։ Գիրքը 2014-ին միջազգային բեսթսելլեր է եղել։

Իշխանության վերջը, Մոյզես Նայիմ, (The End of Power)

Մարկ Ցուկերբերգը մի առիթով ասել էր, որ մարդուն ավելի մեծ իշխանություն տալու թրենդն այն է, ինչին ինքն անվերապահորեն հավատում է։ Այս գիրքը հենց այն մասին է, թե ինչպես է հեղինակավոր կառավարությունների ձեռքից իշխանությունն անցնում անհատներին։

Իր պրովոկատիվ և օրիգինալ հետազոտությամբ Նայիմը ցույց է տալիս, թե ինչպես կարող են տիտանները տապալվել՝ տեղ բացելով նոր հնարավորությունների համար, իսկ երբեմն էլ պարզապես ստեղծելով քաոս։

«Կրեատիվություն», Էդ Քաթմուլ, (Creativity)

Քաթմուլը Pixar անիմացիոն ստուդիայի հիմնադիրներից է։ Նա գրքում պատմում է, թե ինչից է ամեն ինչ սկսվել, ինչպես «վարվել» կրեատիվի հետ, ինչպես ճիշտ խրախուսել կրեատիվությունն՝ ընկերության աշխատակիցների մոտ։ Գրքում հեղինակը կիսվում է նաև իր ձեռնարկատիրական և ղեկավարման հմտություններով։

Խաղացողը, Իեն Բենքս (The Player of Games)

Գիրքը զվարճալի ձևով պատմում է, թե ինչպես են տեխնոլոգիաներն էվոլուցիայի ենթարկվել։ Հեղինակը երևակայում է, թե ինչ կլիներ քաղաքակրթության հետ, եթե սուպերտեխնոլոգիաները գերազանցեին մարդկային հնարավորությունները։

Շոտլանդացի հեղինակի գիտաֆանտաստիկ աշխատանքը հրապարակվել է 1988-ին ու պատմում է խաղի մեջ ներգրավված հերոսի մասին։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net