7 հուլիսի 2020 - 16:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Մամեդյարովի գլխավերևում սև ամպեր են կուտակվել
Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են
Ադրբեջանում ձերբակալվել և կալանավորվել է Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան 4 պաշտոնյա, որոնցից առնվազն երեքը, ըստ տեղի ընդդիմադիր մամուլի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ընկերներն են, և զարգացող իրադարձությունների թիրախում հենց նախարարն է։ Ճիշտ է արդյոք, որ ԱԳՆ ղեկավարի և Ալիևների ջրերը նույն առվով չեն հոսում, ինչից սկսվեց ամեն ինչ և ուր է գնում, ինչ սպասելիքներ կունենա Հայաստանն այս գործընթացներից․ այս հարցերի պատասխանները ստանալու համար PanARMENIAN.net-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

Քարոզչական արշավ Մամեդյարովի դեմ

Ադրբեջանագետը պատմում է, որ Մամեդյարովի դեմ մեդիաարշավը սկսվել էր դեռ 1․5-2 ամիս առաջ, այդ ժամանակ մի շարք պատգամավորներ բավականին կոպիտ քննադատել էին Մամեդյարովին և առհասարակ Ադրբեջանի արտգործնախարարության գրեթե ամբողջ համակարգի հասցեին։

Մամեդյարովին մեղադրել էին ոչ կոմպետենտության մեջ

Անգամ խորհրդարանում բարձրացվել էր այն հարցը, որ գուցե Արցախյան հիմնահարցի հետ կապված Մամեդյարովին հրավիրեն խորհրդարան լսումների: Այդ ժամանակ որոշ պատգամավորներ էլ պաշտպանել էին Մամեդյարովին, այսինքն՝ դեռևս որևէ հստակ պատկեր չկար, և հնարավոր չէր պնդել, որ իշխանությունները Մամեդյարովի դեմ որևէ արշավ են տանում։

«Իշխանություններ ասելով նկատի ունենանք նախագահին և առաջին փոխնախագահին ու նախագահի աշխատակազմից որոշ ներկայացուցիչների, որոնք ներգերատեսչական պայքարի մեջ են արտգործնախարարության հետ հենց արցախյան հիմնահարցի և արտաքին քաղաքականության հարցով և կփորձեն օգտվել հավանական առիթից: Խոսքը, մասնավորապես, Հիքմեթ Հաջիևի մասին է (Ադրբեջանի ԱԳՆ նախկին խոսնակ, նախագահի աշխատակազմի անդամ)», - մանրամասնում է փորձագետը։

Մյուս կողմից ընդդիմադիր մամուլում սկսեցին տեղեկություններ և տվյալներ տարածվել Միացիալ Նահագներում Մամեդյարովի որդու համար գնված բնակարանների և գույքի վերաբերյալ։

Պետական անվտանգության ծառայության բացահայտնումներն Ադրբեջանի ԱԳՆ-ում

Հուլիսի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մտավ ԱԳՆ շենք՝ հատուկ քննչական գործողություններ կատարելու։ Հաջորդ օրերին ձերբակալվեց և կալանավորվեց նախարարության բարձրաստիճան 4 պաշտոնյա, որոնցից երեքը, ըստ ընդդիմադիր մամուլի, ընկերական կապեր ունեն նախարար Մամեդյարովի հետ։

Ձերբակալվածներն են ԱԳՆ Գործերի կառավարման վարչության պետ Ֆարհադ Մոլլազադեն, ֆինանսական վարչության պետ Լամիյա Ջանահմադովան, վերջինիս ամուսինը՝ Ամերիկյան երկրների վարչության պետ Անար Ջանահմադովը և Եվրոպայի հարցերով կուրատոր Էլխան Ազաևը։ Նրաք որպես մեղադրյալ են անցնում պաշտոնական լիազորությունների չարաշահման, յուրացման, կաշառակերության հոդվածներով հարուցված քրգործերով։

Ըստ Հովհաննիսյանի՝ վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները փորձում են կորոնավիրուսից ու դրան ուղեկցող նավթային տնտեսական ճգնաժամից առաջացած սոցիալական բողոքի ալիքը ուղղորդել, ցրել դեպի ավելի ներքին օղակներ ու ներկայացնել, որ իշխանությունները որոշակի քայլեր են իրականացնում կաշառակերությունը վերացնելու և գումարներն ավելի նպատակային ծախսելու ուղղությամբ։ Սակայն հաշվի առնելով ձերբակալվածների՝ նախարարի մտերիմները լինելու հանգամանաքը՝ ավելի են խորանում կասկածները, որ այս գործողությունների թիրախում հենց էլմար Մամեդյարովն է․ թերևս եթե ոչ հիմա նրան աշխատանքից ազատելու համար, այլ առնվազն հող նախապատրաստելու։

«Եթե իր ենթակայությամբ աշխատող բարձրաստիճան 4 պաշտոնյայի տարիներ ձգվող գործունեությունը գերատեսչության ղեկավարը չի նկատել, ուրեմն առնվազն այդտեղ ոչ կոմպետենտության խնդիր է առաջանում: Սակայն հասկանալի է, որ Ադրբեջանում որևէ գերատեսչությունում ինքնուրույն նման մասշտաբի գործունեություն չեն կարող ծավալել անգամ նախարարների հանձնարարությամբ, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունն այդ մասին տեղյակ չէ։ Իհարկե այս ամենն էլ կարող է ցանկության դեպքում օգտագործվել յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի դեմ», - նշում է փորձագետը։

Ինչո՞ւ հենց Մամեդյարովը

Հովհաննիսյանն ասում է՝ առանց պնդելու, որ սա ուղղված է հենց Մամեդյարովի անձի դեմ, կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանություններն առանց ցնցումների Մամեդյարովին փոխարինելու համապատասխան հող են նախապատրաստել՝ հասարակությանը տրամադրելով նրա դեմ:

«Ադրբեջանական հասարակության շրջանում շատ մեծ դժգոհություն կա Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման, կեցվածքի, քայլերի հետ կապված։ Իրենք բնակչությանը միշտ տվել են և շարունակում են տալ մեսիջներ, որոնք, որքան հնարավոր է, իրենց բնույթով առավելապաշտական են, այսինքն՝ կգնանք, բոլոր հողերը կվերցնենք, վաղը մերը կլինեն, և այլն, մյուս կողմից կա փաստացի իրականություն, որը որևէ կերպ չի համապատասխանում իրենց հայտարարություններին»,- նշում է նա։

Սա տարիների ընթացքում ավելացրել է իշխանությունների հանդեպ դժգոհությունը։ Եվ ինչպես սոցիալական հարցերում դժգոհությունները պարպելու համար իշխանություններն օգտագործում են դժգոհությունը դեպի ստորին օղակներ ցրելու մարտավարությունը, այդպես էլ այս հարցում անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել այն․ «Դե նախագահն ամեն ինչ արել է, արտգործնախարարը չի կարողացել անհրաժեշտ կերպով բանակցել, առաջ տանել Ադրբեջանի շահերը, այդ պատճառով իրենք ունեցել են դանդաղումներ կամ որոշակի ձախողումներ»։

Փորձագետը նշում է, որ սա որոշակի ժամանակահատվածի համար կարող է աշխատել, սակայն ասում՝ Ալիևի համար հեշտ որոշում չի լինի փոխարինել նախարարին․ Մամեդյարովի նման փորձառու կադրեր այդքան էլ շատ չեն Ադրբեջանի արտգործնախարարությունում։ Սակայն, ըստ անհրաժեշտության, կարելի է զոհել անգամ ամենափորձառու կադրերին։

Ինչ է շահում Հայաստանը Մամեդյարովի հեռանալուց

«Չեմ կարծում, որ մեզ համար շատ օգտակար կլինի, եթե Մամեդյարովը փոխարինվի մեկ այլ անձով: Որևէ երկրում, առավել ևս Ադրբեջանում չի կարող լինել արտգործնախարար, որը կկարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել։ Այսինքն՝ անկախ անձից որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու Արցախյան հիմնահարցի շրջանակում»։

Փորձագետը նշում է՝ այնուամենայիվ, կախված նշանակվողի անձից, աշխատանքային հարաբերությունների առումով կարող է որոշակի, սակայն աննշան թե՛ բացասական և թե՛ դրական կողմ լինել Հայաստանի համար։ Ադրբեջանագետն օրինակ է բերում արտգործնախարար դառնալու ամբիցիաներ ունեցող Հիքմեթ Հաջիևին, որն ամբողջ կյանքում աշխատել է քարոզչության և PR-ի ոլորտում․ «Այս պարագայում առանց այդ էլ Ադրբեջանի՝ աբսուրդի հասնող դիրքորոշումը շատ ավելի աբսուրդայինի կվերածվի, սակայն գլոբալ առումով Ադրբեջանի արտգործնախարարի անձը կապ չունի»։

Ադրբեջանագետի խոսքով՝ անձով պայմանավորված կարող են խնդիրներ առաջանալ նաև Ադրբեջանում՝ քաղաքականության տեսանկյունից, օրինակ՝ նորանշանակ նախարարը չկարողանա ճիշտ հարաբերվել Մինսկի խմբի հետ, դա էլ որոշակի առումով Հայաստանի առավել փորձառու դիվանագետներին հնարավարություն տա ինչ-որ նյուանսներում առավելությունների հասնել, սակայն դա էլ կախված է Հայաստանից։

Նա եզրափակում է՝ վերոնշյալները չեն կարող են լուրջ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի դիրքորոշման փոփոխության վրա։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net