30 հուլիսի 2020 - 18:34 AMT
ՀՈԴՎԱԾ
«Տառականը» ընդդեմ երեք կնոջ
Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններին 1994-ից իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ լուրջ փորձության առաջ կկանգնի։ Նախագահի վարկանիշը ցածր է տնտեսական խնդիրների ու կորոնավիրուսի ֆոնին, իսկ ընդդիմությունը երկար տարիների ընթացքում առաջին անգամ մասսայական ցույցեր է հավաքում։

Հուլիսի 29-ին երկրում ձերբակալվել են Կրեմլին մոտ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններ, ինչից հետո Մինսկն ակնարկեց Մոսկվայի՝ երկրում նախընտրական պայքարին խառնվելու ցնակության մասին։ PanARMENIAN.Net-ը կարճ պատմում է՝ ինչ է կատարվում Բելառուսում ընտրություններից առաջ։

Կռվի մեջ են մտնում կանայք

«Բատկայի» դեմ 3 պոտենցիալ ուժեղ թեկնածու էր դուրս եկել․ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որը երկրով մեկ Լուկաշենկոյի բեղերը ծաղրող «Ստոպ, Տառական» ակցիաներ էր անում, բանկիր Վիկտոր Բաբարիկոն և IT-պարկի տնօրեն Սերգեյ Ցեպլակոն։ Տիխանովսկին ու Ցեպկալոն ընտրապայքարի կեսից հայտնվեցին բելառուսական Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մեկուսարանում, իսկ Ցեպկալոն երեխայի հետ փախավ Մոսկվա։ Սակայն պայքարի մեջ մտան կանայք՝ Վերոնիկա Ցեպկալոն, Սվետլանա Տիխանովսկայան ու Բաբարիկոյի շտաբի պետ Մարիա Կոլեսնիկովան, որոնք հանդես եկան մեկ միասնական թեկնածուով՝ ի դեմս Սվետլանայի։ Կինը պնդում է, թե իշխանության չի ձգտում․ նպատակն ամուսնուն տուն վերադարձնելն ու նրա համար կոտլետներ սարքելն է։ Երեքով պայմանավորվել են, որ Լուկաշենկոյին հաղթելու դեպքում կլինեն նոր ընտրություններ։ Լճացման երկար տարիներից հետո բելառուսական մեծ ու փոքր քաղաքներում առաջին անգամ, տեղի մասշտաբներով, հուժկու ընդդիմադիր ցույցեր են լինում՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։

Շտաբի համակարգող Մարիա Կոլեսնիկովան, Ցեպկալոյի տիկին Վերոնիկան և Տիխանովսկու՝ Սվետլանան

3%

Երկրում լուրջ վստահություն ներշնչող սոցհարցումներ չեն անցկացվել: Դեռ 2012 թվականին Բելառուսում արգելվել էր հասարակական կարծիքի մասին անօրինական հարցումներ անել։ Պաշտոնապես պնդում են Լուկաշենկոյի 70%-ից բարձր վարկանիշի մասին, դրան ոչ ոք չի հավատում, իսկ տարբեր ԶԼՄ-ներում սիրողական հարցումներում նրա օգտին 3%-ն է քվեարկել, ինչի արդյունքում երկրի գործող նախագահը ստացել է «Սաշա 3%» մականունը։ Դրանից հետո ԶԼՄ-ներին «խորհուրդ են տվել» հեռացնել հարցումները, իսկ ոստիկանությունը հետապնդում է «ПСИХ03%» գրությամբ շապիկներ վաճառող խանութի տիրոջը։

Մի՞նսկ, թե՝ Սուդան

Հուլիսի 29-ին՝ ընտրություններից 10 օր առաջ, Բելառուսը հայտարարում է երկրում ռուսական մասնավոր «Վագներ» կազմակերպության վարձկաններին ձերբակալելու մասին, որոնք, ըստ տեղեկությունների՝ երկրի տարածք են ժամանել ընտրարշավից առաջ իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Սրանից դեռ մեկ ամիս առաջ Tut.by կայքը հիշեցրել էր, որ Բելառուսում ընտրություններից և ցույցերից առաջ «միշտ զինյալներ են հայտնվում»։ «Ազատություն» ռադիոկայանի ենթադրություններով՝ Մինսկում ձերբակալվածներ անձինք Բելառուսի տարածքո ուղևորվելիս են եղել Սուդան: Ձերբակալման կադրերում երևում է Սուդանի 20 ֆունտ թղթադրամ և հեռախոսային քարտ, որի վրա պատկերված է Կասալայի մզկիթներից մեկը։ Սրանից դեռ մեկ ամիս առաջ Tut.by կայքը հիշեցրել էր, որ Բելառուսում ընտրություններից և ցույցերից առաջ «միշտ զինյալներ են հայտնվում»։

Սիրիայում կռվող ռուսաստանյան զինվորական մասնավոր «Վագների» խմբի վարձկանները

«Դուք դասեր չեք քաղել Անդիժանից»

Դժգոհության ու ընդդիմության՝ Բելառուսի չափանիշներով մեծ ցույցերի ֆոնին Լուկաշենկոն հաճախ հեգնում ու վիրավորում է ընտրողներին և ընդդիմությանը, մեկ անգամ նույնիսկ [հայկական] «Դասեր չեք քաղել Մարտի 1-ից» արտահայտությանը հավասար կոչ արեց։ Նրա կարծիքով՝ ռուս օլիգարխների գումարներով որոշ ուժեր փորձում են ապակայունացնել երկիրը, իսկ նպատակը «մայդանչիկ» կազմակերպելն է։

Հուլիսին նա հայտարարեց, որ Բելառուսն անարյուն պատմություն է ունեցել անկախությունից հետո ու հիշեց, ինչպես Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը ճնշեց երկրում խռովությունը՝ Անդիժանում հազարավոր մարդկանց գնդակահարելով․ նրան քննադատում էին, բայց երբ մահացավ, ծնկաչոք ողբում էին։

«Մենք նման վիճակ չենք ունեցել ու չենք ուզում գնահատել՝ առնվազն, ոմանք։ Դե, կհիշեցնենք» , - ասել է նա։

Երկրում այդ խոսքերն ընկալեցին որպես անհրաժեշտության դեպքում արյուն թափելու սպառնալիք։

Սվետլանա Տիխանովսկայային աջակցող ցույցերից

Մոսկվան ու Արևմուտքը

Այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի հետ Բելառուսի հարաբերությունների համեմատական առաջընթացին զուգահեռ: 2008 թվականից ի վեր առաջին անգամ հուլիսին Բելառուսը դեսպան նշանակեց Վաշինգտոնում։

Իսկ հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են հայտարարությունների մակարդակով սրված մնալ: Նախ Բելառուսը հայտարարում է, որ Մոսկվան աջակցում է բանկիր Բաբարիկոյին նախագահական ընտրություններում, ինչը թե Մոսկվան, թե Բաբարիկոն հերքում են։ Բացի այդ, Լուկաշենկոն շարունակում է Ռուսաստանից վառելիքի գնիջեցում պահանջել, նաև նավթի ու գազի ալտերնատիվ աղբյուրներ է փնտրում։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net