5 օգոստոսի 2020 - 16:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Ամեն ինչ ավելի սարսափելի է, քան թվում է
Բեյրութահայ ընտանիքը՝ ՀՀ գալու հույսով
Բեյրութում բնակվող հայ ընտանիքներից մեկը, որը տուժել է անցած ամիսների ընթացքում Լիբանանին բաժին ընկած դժվարություններից, պլանավորում է լքել երկիրը՝ Հայաստանում նոր կյանք սկսելու հույսով։ Լիբանանն ապրում է իր պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամը, իսկ Արևելքի Փարիզը ցնցած երկու պայթյունը շատերի համար դարձել են վերջին կաթիլը։

PanARMENIAN.Net-ը զրուցել է լիբանանահայ ակտիվիստ և սյունակագիր Արազ Պետրոսի հետ, ով պատմել է, որ իրավիճակն ավելի սարսափելի է, քան կարելի է պատկերացնել։

Ինքը՝ Արազը, ամուսնու և աղջկա հետ Բեյրութի մեկ այլ հատվածում է բնակվում, բայց սկեսրոջ ու սկեսրայրի տունը գտնվում է նավանհագստի հարևանությամբ՝ պայթյունի վայրին շատ մոտ։ Տունը վնասված է, իսկ ամուսնու ծնողները տեղափոխվել են իրենց որդու տուն՝ քաղաքի ավելի հանգիստ ու ապահով հատված։ Ընտանիքն ամեն գնով ուզում է Հայաստան տեղափոխվել՝ Արազի 9-ամյա աղջկա համար ավելի լավ կյանք ապահովելու համար։

© Mohamed Azakir/Reuters

«Ամուսնուս ծնողները տանն էին, երբ քաղաքը քաոսի մեջ հայտնվեց։ Երկրից դուրս գտնվող մարդիկ գաղափար անգամ չունեն, թե ինչքան վնաս են հասցրել պայթյունները քաղաքին։ Ամեն տեղ կոտրված դռներ ու պատուհաններ են, փողոցները լիքն են վիրավոր մարդկանցով, դպրոցներ, եկեղեցիներ ու տարբեր շինություններ են վնասվել ու հողին հավասարվել, իսկ փողոցները փակ են, քանի որ այլ շենքեր ևս փլուզման վտանգի տակ են»,- պատմում է Արազը։

Ընտանիքն անցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990) միջով և հիմա ուզում է երեխային պաշտպանել հնարավոր ամեն փորձանքից։ Բայց նրանք չեն կարող բավարար գումար հանել բանկից, քանի որ Լիբանանն իր պատմության ամենածանր օրերն է ապրում՝ մեծացող արտաքին պարտք, արժույթ՝ ազատ անկման մեջ, ահագնացող գործազրկություն։

«Իրավիճակն այսիպիսին է արդեն մի քանի ամիս»,- ասում է Արազը՝ բանկային համակարգի մասին խոսելիս։

«Նույնիսկ եթե բանկում դոլարային հաշիվ ունես, դոլար չես կարող կանխիկացնել։ Միայն լիբանանյան ֆունտ են տալիս, և այդտեղ էլ սահմանափակումներ կան։ Ամիսը մեկ անգամից ավելի գումար հանել չի լինում, արտերկիր գումար ուղարկել չի կարելի, ինչը նշանակում է, որ քո ունեցած դոլարային գումարն իրականում գոյություն չունի»,- բացատրեց Արազը։

© AFP/Getty Images

Ողբերգության հենց առաջին րոպեներից սկսած՝ նրա ամուսինը մասնակցում է քաղաքում ծավալվող փրկարարական աշխատանքներին։ Արազը պատմում է, որ մարդիկ բուժօգնություն ստանալու հերթեր են կազմել, չնայած պայթյունները մեծ հարված են հասցրել երկրի բժշկական պաշարներին ևս․ նույնիսկ հիվանդանոցները բժշկական պարագների կարիք ունեն։

Ընտանիքը, որը Լիբանանում է բնակվում մեկ դարից ավելի, միակը չէ, որ մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին։

«Իմ բարեկամներից մեկը վերջերս իր աղջկան էր կարողացել ուղարկել Հայաստան և պատրաստվում է հնարավորինս շուտ միանալ նրան։ Ես շատերին եմ ճանաչում, որ վերջին ամիսներին Հայաստան են գնացել»,- ասաց Արազը։

© ANWAR AMRO/AFP via Getty Images

Բեյրութի նավահանգիստը շատ ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրն է։ Գյուղատնտեսությունն ու արտադրությունը Լիբանանի տնտեսության մեջ համեմատաբար փոքր դեր են խաղում, և կյանքի համար անհրաժեշտ շատ իրեր, ինչպես, օրինակ, ուտելիքի 80%-ը ներկրվում է ու պահեստավորվում նավահանգստում՝ մինչև երկրով մեկ բաշխվելը։

Պայթյունից շատ չանցած՝ Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն ասաց, որ նավահանգստում եղած ցորենի պաշարն այլևս օգտագործման ենթակա չէ։ Նախարարը նաև ասաց, որ երկիրն ավելի շատ հացահատիկ կներկրի, բայց մինչ այդ՝ երկրում եղած ցորենի պաշարները կբավականացնեն։

Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Ամենաքիչը 100 մարդ է մահացել, 4000-ից ավելի մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվաքներ է ստացել, իսկ շատերը դեռ անհետ կորած են համարվում։ Զոհերի ու վիրավորների մեջ կան նաև հայեր։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net