20 օգոստոսի 2020 - 18:55 AMT
ՀՈԴՎԱԾ
«Քամուն տվեցին հայկական բարոյական արժեքները»
Հայ կնոջ մեքսիկական արկածներն ու ապտակի ուժը
Պարզվում է՝ հասարակության ու հայ կանանց միջև բարդ հարաբերությունները, նուրբ ասած, նորություն չեն՝ ԱՄՆ հայկական համայնքում առաջինը համարվող ապահարզանի պատմությունը վկա։

Այստեղ կրկին օգնության են հասնում 100 և ավելի տարվա մամուլի հրապարակումներն այն մասին, թե ինչպես է ամուսինը դիմել դատարան՝ իրեն դավաճանած ու Մեքսիկա փախած կնոջից բաժանվելու հայցով, իսկ համայնքն այդ ընթացքում պահանջել է կնոջը մահով պատժել։

The San Francisco Call-ը 1895 թվականի հրապարակման մեջ գրում է, որ սա հայկական համայնքից ԱՄՆ դատարան բերված ապահարզանի երբևէ առաջին գործն է։ Թերթը գրում է, որ ըստ հայկական համայնքում դրվածքի՝ կնոջը պետք է պատժել մահվան ամենածանր ձևով, թեև չի նշվում՝ կոնկրետ ինչպես։ Ակամայից հիշում ես «Կտոր մը երկինք» ֆիլմում հնչող «Համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր է» արտահայտությունն ու անցնում առաջ։

Իսկ «երիտասարդ և շատ գեղեցիկ» Սոֆին հյուրանոցների սեփականատեր ամուսնուն թողել էր մի վաճառականի համար, ում հետ ժամանակի ընթացքում մտերմացել էր ու հենց նրա հետ էլ հավաքել իրերն ու փախել Մեքսիկա։

«Անցյալ տարվա ապրիլին նրանք քամուն տվեցին պայմանականությունները և հայկական բարոյական արժեքները և փախուստի դիմեցին»,- գրում է թերթը։

Ասում են՝ փախուստից հետո երկուսով ճանապարհորդել են ԱՄՆ-ով ու Մեքսիկայով, բայց հենց տեղի հայերն իմացել են անհավատարմության մասին, ստիպված են եղել նորից տեղափոխվել։ Ցավոք, ժամանակի թերթերը չեն բացահայտում, թե ինչպես է ավարտվել այս պատմությունը, բայց հուսանք՝ արդյունքում ոչ ոք չի սպանվել։

Մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր դեպքի մասին կարդում ենք Sacramento Union թերթում 1913-ին լույս տեսած հոդվածում՝ ամուսնու ուղարկած «նվերների» շնորհիվ ազատության հասած տիկին Շուշանի մասին։

© Angelfire.com

Բոստոնի դատարաններից մեկը կնոջը լքված էր ճանաչել ու ապահարզան շնորհել, քանի որ կինը մեկ այլ քաղաքում գտնվող ամուսնուց գումար էր խնդրել, բայց փոխարենը ստացել էր հին հագուստ, չորացած կիտրոններ (կամ կիտրոնի չիր) և խունացած ծաղիկների փունջ։ Դատարանում տիկին Շուշանը պնդել էր, թե ըստ հայկական ավանդույթի՝ նման նվերներ ստանալը նշանակում է. «Դու ինձ համար ասես հին լաթի կտոր լինես, այլևս ինձ պետք չես»։

Դժվար է ասել՝ արդյոք նման ավանդույթ եղել է հայերի մոտ, թե` ոչ, բայց, անկասկած, հնարամիտ է թե կինը, թե ամուսինը։

Իսկ 1910 թվականին Los Angeles Herald-ում տպված հոդվածից տեղեկանում ենք, որ հայ աղջիկները ևս սիրահարվում էին լուսանկարներին ու տեղափոխվում ԱՄՆ՝ ամուսնության նպատակով։ Նման պատմություններից մեկը, սակայն, ապահարզանով է ավարտվել, որովհետև 16-ամյա Վարդուհին Սասունում ստացել է մոտ 21 տարեկան գեղեցիկ արտաքինով երիտասարդի նկարը, սիրահարվել ու համաձայնվել գնալ նրա մոտ՝ ԱՄՆ, բայց Ֆրեզնոյում նրան դիմավորել է 40-ամյա անծանոթ տղամարդ, որն էլ հենց ուղարկել էր պարզ չէ, թե ում լուսանկարը։

Ամուսնալուծության ժամանակ աղջիկն արդեն 19 տարեկան էր ու պնդում էր, որ միայն վախից էր ամուսնության համաձայնություն տվել։ Ի դեպ, ապահարզան պանաջողը հենց ամուսինն էր, ով կնոջը մեղադրել էր դաժանության մեջ ու պնդել, որ Վարդուհին իրեն հարվածել է կաթի շշով ու ժամանակ առ ժամանակ ապտակել։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net