21 օգոստոսի 2020 - 19:06 AMT
ՀՈԴՎԱԾ
Բոլորի աչքից հեռու, բոլորի աչքի առջև
Մզկիթ դարձած տաճարների Թուրքիան
Ժամանակակից Թուրքիայի՝ Օսմանյան ավանդույթներին վերադառնալու քայլերն ավելի ու ավելի կանխատեսելի են դառնում, ինչի մասին վկայում է մեկը մյուսի հետևից ոչ-մահմեդական սրբավայրերը մզկիթի վերածելու երկրի վճռականությունը։

Բյուզանդական ճարտարապետության գոհարներից Այա Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուց ընդամենը շաբաթներ անց՝ օգոստոսի 21-ին, Թուրքիան նման որոշում է ընդունել մեկ այլ կոթողի՝ Խորի Սբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ։

PanARMENIAN.Net-ը ներկայացնում է վերջին տասնամյակներում Թուրքիայում մզկիթի վերածված հուշարձաններից ու կոթողներից մի քանիսը։

Այնթափի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի/Ազատության մզկիթ

Ներկայիս Գազիանթեփում գտնվող Ազատության մզկիթը դեռ մի դար առաջ հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էր։ 1892 թվականին կառուցված եկեղեցին նախագծել էր Սարգիս Բալյանը, ով 19-րդ դարում Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետ/քանդակագործներից էր։ Երբ Ցեղասպանության տարիներին Այնթափի հայ բնակչությունն աքսորվեց Դեր Զորի անապատ ու Համա, եկեղեցին նախ վերածվեց բանտի, իսկ արդեն 1980-ականներին՝ մզկիթի։ Այսօր, սակայն, ոչ մի զբոսավար և ուղեցույց այս մասին չի հիշատակում։

Այա Սոֆիայի տաճար, Ստամբուլ

15-րդ դարում Կոստանդնուպոլսի նվաճումից հետո Ստամբուլի բոլոր եկեղեցիները դարձան մզկիթներ՝ բացառությամբ Սուրբ Մարիամ ուղղափառ եկեղեցու, որը մինչ օրս էլ գործում է որպես քրիստոնեական եկեղեցի։ Իսկ հայտնի Այա Սոֆիան, որը 360 թվականին օծման օրվանից մինչև 1453-ը ծառայել էր որպես Կայսերական մայրաքաղաքի ուղղափառ տաճար, վերածվեց մզկիթի ու մնաց այդպիսին մինչև 1931-ը, իսկ 4 տարի անց վերաբացվեց՝ որպես թանգարան։ Արդեն 2020-ի հուլիսին Այա Սոֆիայի թանգարանային կարգավիճակը վերացվեց, ու երբեմնի հայրապետական տաճարը նորից դարձավ մզկիթ։ Եվ քանի որ Իսլամն արգելում է մարդկանց, առավել ևս՝ քրիստոնեության մեջ սուրբ համարվողների պատկերումը, տաճարի որմնանկարները աղոթքների ժամանակ ծածկվում են քողով։ Ի դեպ, հատակին հսկա փիրուզագույն գորգ է փռված։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի/Քյումբեթ մզկիթ

10-րդ դարի կեսերին Կարսում կառուցված հայկական եկեղեցին առաջին անգամ մզկիթի է վերածվել 1579 թվականին։ Չնայած 19-20-րդ դարերում այն նորից ծառայում էր որպես հայկական տաճար, 1993-ին վերջնականապես դարձավ մզկիթ՝ Քյումբեթ անունով։ Թեև 2005 թվականին Կարսի արդեն նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյողլուն ասել էր, որ տաճարը վերականգնելու և այն մշակութային կենտրոն կամ թանգարան դարձնելու պլաններ կան, Կարսի եկեղեցին շարունակում է մնալ մահմեդական համալիրի մի մաս։

Այա Սոֆիա, Նիկիա

Նիկիայի Այա Սոֆիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք մզկիթի վերածված բյուզանդական եկեղեցուց մեկն է։ 6-րդ դարի տաճարն առաջին անգամ մզկիթ դարձավ 1337-ին, հետո 1935-ից շատ այլ մզկիթ դարձած տաճարների նման սկսվեց որպես թանգարան ծառայել, այց 2011-ին Էրդողանի կառավարությունն այն նորից մզկիթ դարձնելու հապճեպ որոշում կայացրեց։ Պատկերացրեք` մարդիկ մի օրը շինությունը տեսնում են «Այա Սոֆիայի թանգարան» վահանակով, հաջորդ օրն արթնանում, պարզում են, որ վերականգնման աշխատանքներ են տարվում տարածքում, իսկ մի քանի շաբաթ անց բացվում է Այա Սոֆիա մզկիթը։

Խորի Սբ Ամենափրկիչ եկեղեցին՝ Խորի մզկիթ

Քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու ամենավերջին դեպքն էլ տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, երբ Էրդողանը հատուկ հրամանագրով արդեն 75 տարի որպես թանգարան ծառայող հաստատությունը դարձրեց մզկիթ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, Օսմանյան նվաճումից հետո դարձել մզկիթ, 1945-ին՝ թանգարան, իսկ 2019-ին Թուրքիայի Պետական խորհուրդը եզրահանգեց, որ 1945-ի որոշումն ապօրինի է եղել։ Այս տաճարում ևս մեծ թվով բացառիկ բյուզանդական որմնանկարներ ու խճանկարներ կան, որոնք աղոթքների ժամանակ, ամենայն հավանականությամբ, կծածկվեն քողով։

Այլ օրինակներից արժե հիշել Անիի Մայր տաճարը։ Թեև այն մզկիթի է վերածվել Սելջուկների օրոք ու հետո նորից կարճ ժամանակ դարձել տաճար, Թուրքիայի կառավարությունը 2010 թվականին թույլատրել է երկրի ծայրահեղ ազգայնական կուսակցությանը մահմեդական կրոնական արարողություն անցկացնել միջնադարյան կարևորագույն հայկական սրբավայրում:

Առհասարակ, Թուրքիայում կան հարյուրավոր ոչ մահմեդական սրբավայրեր, որոնք տարբեր ժամանակներում դարձել են մզկիթներ։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net