2 սեպտեմբերի 2020 - 13:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Չչափվել տղամարդու հետ, լինել հանկարծակի, չունենալ զոհի տեսք
Ինքնապաշտպանություն՝ կանանց համար
Կանայք հաճախ են դառնում բռնության զոհ. պատճառն այն է, որ հարձակվողը համարում է կնոջը համեմատաբար հեշտ զոհ և չի սպասում հանդիպել ուժեղ դիմադրության: Բայց արդյո՞ք դա այդպես է:

PanARMENIAN.Net-ը զրուցել է Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հիմնադիր և գլխավոր ինստրուկտոր, ինքնապաշտպանության էքսպերտ Սարգիս Բազինյանի հետ՝ պարզելու, թե ինչու են կանայք սովորում պաշտպանվել, ինչպես գործել վտանգավոր իրավիճակներում, և ինչպես են դուրս գալիս դժվարություններից ինքնապաշտպանության հնարքներին տիրապետող կանայք:

Ինքնապաշտպանության դասընթացներին դիմում են կյանքին «վարդագույն ակնոցներով» չնայող կանայք

«Կրավ Մագան ժամանակակից ինքնապաշտպանության համակարգ է, մարտարվեստ կամ մարզաձև չէ, այլ տարբեր մարտարվեստների և մեթոդների հավաքածու՝ նախատեսված տարիքային տարբեր խմբերի և սեռերի կողմից էքստրեմալ իրավիճակներում կիրառելու համար: Այն հեշտ է սովորել, չի պարունակում տեխնիկական բարդ տարրեր և հասանելի է բոլորին», - բացատրում է Սարգիսը, ով զարգացնում է Կրավ Մագան Հայաստանում 2009-ից, իսկ 2011-ից՝ ուսուցանում է: Պարապում է թե կանանց, թե տղամարդկանց հետ:

Խոսելով այն մասին, թե որ դեպքերում են կանայք դիմում իրենց, Սարգիսն առանձնացրեց հիմնական 2 պատճառ. «Կան կանայք, որոնք հասկանում են, որ պետք չէ կյանքին վարդագույն ակնոցներով նայել, և ուզում են պատրաստ լինել: Եվ կան մեզ դիմող կանայք, որոնց հետ արդեն իսկ պատահել են որոշ դեպքեր՝ փողոցում ինչ-որ այլասերվածի հանդիպելուց մինչև ընտանեկան բռնություն, գողությունից մինչև բռնաբարություն»:

Կրավ Մագայի վարպետի խոսքով՝ ինքնապաշտպանության համար բազային գիտելիքները կարելի է ձեռք բերել 4 ամսում, իսկ հետագա դասընթացների ընթացքում խորացնել դրանք ու բարձրաձնել բարդության աստիճանը:

Չչափվել տղամարդու հետ, լինել սթրեսադիմացկուն ու հանկարծակի

Սարգիսը նշում է, որ իրենց դիմած կանանց նախ և առաջ սովորեցնում են, որ պետք չէ պայքարել, կռվել իրենց վրա հարձակվող տղամարդկանց հետ, «պետք չէ չափվել տղամարդկանց հետ, որովհետև բնությունը մեզ ավելի ուժեղ է ստեղծել»:

«Ամենակարևոր գործոնը հանկարծակիությունն է. եթե կինը կարողանում է օգտագործել այն, ամենայն հավանականությանբ, նրա մոտ ամեն ինչ կստացվի: Ինքնապաշտպանությունն ավելի շատ ոչ թե ուժի մասին է, այլ պատրաստվածության ու հմտությունների, որովհետև էքստրեմալ իրավիճակներում ընդամենը 2 բան է կարևոր՝ սթրեսակայունությունը և մկանային ճիշտ հիշողությունը, որոնց կարելի է հասնել պարապմունքների արդյունքում», - պատմում է Սարգիսը՝ բերելով ավտոմեքենա վարելու օրինակը, երբ ժամանակի ընթացքում այն վերածվում է սովորական հմտության, և վարորդը շատ բան անում է մեքենայաբար՝ առանց կենտրոնանալու գործողությունների վրա:

Կրավ Մագայի մասնագետի խոսքով՝ իրենք միշտ սովորեցնում են, որ էքստրեմալ իրավիճակը շրջանցելն ավելի հեշտ է, քան փորձել այն հաղթահարել. «Մեր բոլոր մարզումները տանում են նրան, որ մարդ սկսում է ավելի ուշադիր, շրջահայաց լինել, նկատել բաներ, որոնք առաջ չէր տեսնում: Օրինակ, ավազակային հարձակման, կողոպուտի դեպքում ինչպե՞ս են ընտրում զոհին: Կենդանիների պես՝ ընտրում են թույլին: Նույն կերպ հանցագործներն ընտրում են թույլ զոհ. ընտրում են կանանց, որոնք ավելի քիչ դիմադրություն ցույց կտան: Հաշվի են առնում մի շարք հանգամանքներ՝ անվստահ կեցվածք, թույլ կազմվածք և այլն. այս ամենն ազդակներ են պոտենցիալ հանցագործի համար ձեզ թիրախավորելու: Եվ եթե մինչև մարզումները մեզ մոտ եկողները կընտրեին տուն վերադառնալու համար սխալ ճանապարհ, կամ կմտնեին մութ շքամուտք, կամ անծանոթ մարդկանց հետ վերելակ կմտնեին, ինչը մի քանի անգամ մեծացնում է զոհի վերածվելու հավանականությունը, ապա դասընթացներից հետո մեր աղջիկները խուսափում են նմանատիպ իրավիճակներից»:

Միշտ սպասել հարձակման, միշտ լինել պատրաստ

«Մենք սովորեցնում ենք ինքնապաշտպանվել տարբեր իրավիճակներում. երբ մեզ վրա հարձակվում են դիմացից, կողքից, մեջքից, փողոցում, փակ տարածության մեջ, նեղ տեղում, աստիճանավանդակի վրա և այլն: Տարբերություն չկա, թե հարձակումը տեղի է ունեցել փողոցում, թե տանը, մեզ մոտ պարապողները միշտ սպասում են որևէ լարված իրավիճակի», - ասում է Սարգիսը:

Ըստ նրա, եթե մտնում եք որևէ տարածք, նախ և առաջ պետք է հասկանաք ու գնահատեք այդ տարածքի խոցելի հատվածները: Օրինակ` եթե մտնում եք որևէ ակումբ կամ ռեստորան, պետք է հասկանաք՝ քանի մուտք ու ելք ունի, երբ նստում եք սեղանի մոտ, պետք է նկատեք՝ ինչից է պատրաստված այն և աթոռը, որպեսզի գնահատեք՝ կկարողանաք արդյոք արագ վեր կենալ ձեր տեղից հարձակման դեպքում, կամ սեղանին դրված իրերից ինչը կարելի է օգտագործել ինքնապաշտպանության համար:

«Երբ մենք մտավոր կերպով և հոգեպես միշտ պատրաստ ենք ագրեսիայից ինքնապաշտպանվելուն, այդ ամենը մեզ մոտ շատ ավելի հեշտ է ստացվում», - վստահեցնում է Սարգիսը՝ հավելելով, որ դա խաղի պես է դառնում, երբ ինքդ քո առջև չելենջներ ես դնում:

«Ինքնապաշտպանությունը ոչ թե արդյունք է, այլ՝ պրոցես: Բերեմ թիկնապահի օրինակը. մարդիկ թիկնապահ չեն վարձում, որպեսզի նա ամեն օր ամեն պահի պայքարի նրանց կյանքի համար: Ոչ, նրանք կարող է 10 տարի վարձատրեն թիկնապահին մեկ օրվա համար, երբ թիկնապահը ճիշտ պահին ճիշտ գործողություն կկատարի և կփրկի նրանց: Ինքնապաշտպանության դեպքում նույնն է. մենք չենք մարզվում, որպեսզի ամեն օր ստիպված լինենք պայքարել, մենք մարզվում ենք, որպեսզի մի օր, երբ լինի դրա կարիքը, կարողանանք ճիշտ կողմնորոշվել», - ասում է 15-ից ավելի երկրում վերապատրաստված մարզիչը:

Ինքնապաշտպանությունն ընդդեմ ընտանեկան բռնության և բռնաբարության փորձի

«Ունեինք մի 40 տարեկան կին, ում ամուսինը տարվա մի մասը արտագնա աշխատանքի էր լինում: Իսկ Հայաստանում գտնվելու ընթացքում խմում էր ու կնոջը բռնության ենթարկում: Կինը մոտ 6 ամիս մեզ մոտ էր պարապում, երբ ամուսինը հերթական անգամ վերադարձել էր Հայաստան և կրկին բռնության փորձեր էր անում: Եվ եթե առաջ, երբ քաշում էր կնոջ ձեռքից, կինը չէր ընդդիմանում, հիմա արդեն շատ գրագետ դուրս էր գալիս այդ բռնվածքից: Իսկ երբ կինը տեսնում էր, որ արդեն ինքը պետք է ուժ գործադրի, պարզապես որոշ ժամանակով դուրս էր գալիս բնակարանից, մինչև ամուսինը կհանգստանար: Տղամարդն իրականում վատ մարդ չէր, պարզապես խմելուց էր «գժվում»: Միտքն այն է, որ մենք չենք սովորեցնում մարդ ծեծել, մեր նպատակն էքստրեմալ իրավիճակից նվազագույն կորուստներով կամ անկորուստ դուրս գալն է», - նշում է Սարգիսը:

Մարզիչը թարմերից մեկ այլ դեպք էլ է հիշում. «Ունեինք աղջիկ, որի հետ որևէ բան չէր պատահել, նա պարզապես որոշել էր ինքնապաշտպանություն սովորել: Պարապմունքներից ընդամենը 1.5-2 ամիս էր անցել, երբ այդ աղջիկը նշանածի հետ գնացել էր ինչ-որ խնջույքի, որտեղ տղան խմել էր ու փորձել սեռական բնույթի բռնի գործողություն կատարել աղջկա նկատմամբ: Աղջիկը մեզ պատմեց հետո, որ եթե դա լիներ մի քանի ամիս առաջ, չգիտեր՝ ինչ կաներ նման իրավիճակում, ինչ հոգեկան վիճակում կգտնվեր: Իսկ այդ ժամանակ արդեն պատրաստված էր և կարողացավ բավականին կոպիտ, բայց իրավաչափ հակահարված տալ: Այժմ այլևս իրար հետ չեն, բայց մեր աղջիկը չի զղջում»:

Ի դեպ, մարզումների ընթացքում սովորում են նաև ինքնապաշտպանության թույլատրելի սահմանները, քաղաքացիական պաշտպանության, իրավագիտության և մինչբժշկական ու առաջին օգնության հիմունքները, ինչպես նաև կոնֆլիկտաբանություն՝ վիճելի իրավիճակներից դուրս գալու համար: Կարևոր է հիշել՝ ինքնապաշտպանությունը չպետք է խախտի թույլատրելիի սահմանը, որպեսզի հետագայում հենց պաշտպանվողը չենթարկվի քրեական պատասխանատվության:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net