9 սեպտեմբերի 2020 - 12:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Արագ, սպորտային ու հարմարավետ
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Սփոյլեր. սա մեր առաջին թեստ-դրայվն էր, ու, կարծես, առհասարակ առաջինը՝ Հայաստանում: Քանի որ մեքենաներից այդաստիճան լավ չենք հասկանում, փորձելու ենք հնարավորինս նկարագրել այն զգացողությունները, որ ունեցանք՝ հաշվի առնելով նաև մեքենաների մասնագիտական լուսաբանման հարցում փորձի բացակայությունը: Դե, գնացինք…

Հարմարավետ, արագ, գերժամանակակից. առաջին զգացողություններն այդպիսին են, երբ նստում ես 2020-ին թողարկված թարմ-թարմ Porsche Cayenne Coupé, նույնիսկ անկախ նրանից, որ մեքենան դեռ չի հասցրել շարժվել: Այդ մասին արդեն հուշում են դիմային նստատեղերի կողային հատվածներում տեղադրված հավելյալ բռնակները, որոնք միանգամից մեծ արագություն հավաքելու կամ կտրուկ արգելակելու դեպքում օգնում են տեղում մնալ, իսկ մենք փորձեցինք:

Անկախ դրսից մեքենայի մեծ թվացող չափսերից, ներսից այն բավականին կոմպակտ է, անգամ փոքր մեքենայից հետո արտաքնապես հսկայական թվացող այս կուպեն քշելու ժամանակ անհարմար չի դառնում:

Ընտելանում ես արագ, հարմարվում՝ էլ ավելի: Ոտքդ դնում ես գազին, ու՝ թռար~ Դեպի «Ծաղկաձոր Մարրիոթ» տանող ոլոր ճանապարհն ավարտվում է մի քանի րոպեում, բայց մեքենան զգալ արդեն հասցնում ես: Արագ, մանևրային և ինքնատիպ: Porsche-ում ասում են՝ մեղավորն անկրկնելի ձևն է՝ 911 Flyline գիծը, որը, չնայած տարիներ շարունակ գոյություն ունի, բայց մշտապես կատարելագործվում է՝ մի փոքր ավելի երկարելով, ավելի բարձրանալով կամ ավելի ցածրանալով:

Cayenne Coupé-ն ադապտացվում է ցանկացած իրավիճակի՝ վայրկյանների ընթացքում հարմարվելով նոր իրողությանը: Այս մեքենան սպորտսմենների են նմանեցնում՝ շարժունակ ու ճկուն. հենց դրա համար էլ այն հագեցրել են հետևի սփոյլերով՝ ադապտիվ կարգավորմամբ:

Մեքենան սպորտային է, ու քանի որ սպորտի ամեն տեսակ տարբեր նպատակներ ունի, այն կոչված է՝ հարմարվելու: Ինչպես դիմացի, այնպես էլ հետևի նստատեղերը հարմարվելու 18 տարբերակ ունեն՝ ցանկացած մանևրի դեպքում ապահով լինելու համար:

Գեղեցիկի ու գրավիչի շարքից էր նաև պանորամային պատուհանով առաստաղը. տղաներին հատկապես կգերեն GT Design-ով 22-դյույմանոց անվադողերն ու V6 տուրբինային շարժիչը, իսկ արագ վարելու սիրահարներին՝ ընդամենը 5.9-6.0 վայրկյանում մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու կարողությունը. ստուգված է: Հատուկ նշենք նաև 340 ձիաուժ հզորությամբ շարժիչը. շրջակայքում գտնվող ձիերը ևս գնահատեցին այն։

Անկախ սպորտային լինելուց, այս մեքենան ադապտացված է առօրյա կյանքին, իսկ արդեն կախված վարորդի ցանկությունից՝ մեկ հպումով մեքենան կարելի է հարմարեցնել սպորտային իրավիճակի: Այն նաև Սպորտ+՝ ֆորսաժի հնարավորություն ունի: Եթե ուզում եք արագ պոկվել տեղից [վերհիշելով Need For Speed-ը, օրինակ], մեկ կոճակ, և 16 վայրկյանով ցանկությունն իրագործելի է:

Հատուկ նրանց համար, ովքեր ուզում են տեսնել վերևում նկարագրածի վիդեո տարբերակը, թողնենք այստեղ այս տեսահոլովակը:

Լրագրողների առաջին թեստ-դրայվի նախաձեռնությունն «Ավտոհաուս» ՍՊԸ-ինն է, նույն ինքը՝ Porsche Centre Yerevan, ում հետաքրքիր փորձառության համար ասում ենք՝ շնորհակալություն:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Գրիգոր Եփրեմյան / PAN Photo-ի համար