Բայց այդ շրջանն ավարտվել է, և հուսով ենք՝ այլևս չի վերադառնա. կինոթատրոնները վերաբացվել են, իսկ դա նշանակում է, որ «մեծ կինոն մեծ էկրանին» նորից կհայտնվի մեր կյանքում: PanARMENIAN.Net -ը զրուցել է «ԿինոՊարկի» տնօրեն Արեգ Դանիելյանի հետ՝ պարզելու, թե ինչ դժվարությունների միջով է անցել կինոթատրոնը, ինչ պայմանով է այն վերաբացվել, ինչպես են նստելու դահլիճներում այցելուները և, առհասարակ, ինչ սպասումներ կան:
Թիմն ամենակարևորն է՝ «ԿինոՊարկը» չի կրճատել աշխատակազմը և շարունակել է վճարել աշխատավարձերը
«Մեզ համար այս 6 ամիսը բարդ էին, քանի որ կինոթատրոնն ընդհանրապես չէր գործում, բայց հաղթահարել ենք պատվով. մեր բոլոր աշխատակիցներին պահել ենք, որևէ կրճատում չենք արել: Այդ քաղաքականությունը որդեգրել ենք «Գալաքսի» ընկերությունների խմբից՝ թիմն ամենակարևորն է, բիզնեսից՝ ավելի: Բոլորին վճարել ենք աշխատավարձ այս ընթացքում և փորձել ենք ապահովել նրանց զբաղվածությունը: Մինչև «Երևան մոլի» վերաբացումը մեր աշխատակիցները վճարովի պարապուրդի մեջ էին գտնվում, իսկ դրանից հետո մեր և «Կապիտան Քիդի» աշխատակիցներին ներգրավեցինք մարդկանց ջերմաչափման աշխատանքի մեջ: Նրանք աշխատում էին հերթափոխով», - նշում է Դանիելյանը:
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ աշխատողներն իրենց գնահատված զգան, հատկապես այդպիսի ճգնաժամային իրավիճակներում, քանի որ «բոլորս մեկ նավի մեջ ենք»:
Կրկնակի ջերմաչափում, դիմակներ, հեռավորություն, դահլիճներում՝ առավելագույնը 60 անձ
Մինչև «ԿինոՊարկ» մուտ գործելն այցելուները 2 անգամ ջերմաչափվում են՝ «Երևան մոլի» և անմիջապես կինոթատրոնի մուտքի մոտ: Ամեն տեղ հատակին գծանշումներ են արված, որպեսզի այցելուները կարողանան պահպանել անհրաժեշտ հեռավորությունը թե տոմսարկղերի, թե դահլիճների մուտքերի մոտ: Ամեն տեղ կան ախտահանիչ նյութեր: Եվ, իհարկե՝ ո՞ւր առանց դիմակի: Ոչ մի տեղ: Առանց դիմակի այցելուներին թույլ չեն տա մուտք գործել կինոթատրոնի տարածք, կհորդորեն անպայման կրել դիմակ, իսկ չունեցողներին՝ կտրամադրեն:
«Դահլիճներում ևս դիմակներով են նստում, եթե չեն ուտում կամ խմում այդ պահին: Դահլիճներում առավելագույնը 60 անձ է նստելու: Նստելու են՝ բաց թողնելով մեկ նստատեղ: Զույգերի դեպքում, իհարկե, իրար կողքի ենք նստեցնելու: Կարող են գալ նաև խմբեր՝ առավելագույնը 5 հոգով, բայց առաջին և վերջին նստողների կողքի աթոռները լինելու են դատարկ», - ասում է կինոթատրոնի տնօրենը՝ հավելելով, որ նույնիսկ օնլայն հարթակում հնարավոր չի լինի գնել այդ տեղերը, ծրագիրը ցույց է տալու գնված տեղերն ու ավտոմատ կերպով արգելք է դնելու դրանց կողքի դատարկ աթոռների վաճառքի վրա:
«Առաջ մեկ օրում ունենում էինք 32 սեանս, բայց այժմ դրանց քանակը կկրճատվի, որովհետև ամեն ֆիլմի ցուցադրումից հետո 30 րոպե տրամադրում ենք դահլիճը հատուկ նյութերով ախտահանելուն: Կինոսեանսի ամբողջ ընթացքում գործելու է նաև օդափոխության համակարգը», - ասում է Դանիելյանը:
Ի դեպ, ֆիլմերի ժամանակացույցն այնպես է կազմված, որպեսզի տարբեր սեանսներից դուրս եկած հոսքերը չխաչվեն ընդհանուր սրահում:
Հանդիսատեսը կարոտել էր և սպասում էր կինոթատրոնի բացմանը
«ԿինոՊարկը» վերաբացվել է սեպտեմբերի 17-ից: Առաջին իսկ օրն ունեցել է մոտ 250 այցելու:
«Մեր առջև այժմ խնդիր է դրված հանդիսատեսին հետ բերելու՝ ապացուցելով, որ մեզ մոտ ամեն ինչ անվտանգ է, քանի որ հետևում ենք հակահամաճարակային բոլոր նորմերի պահպանմանը: Եվ հուսով ենք, որ մեր ոլորտը պատճառ չի դառնա վարակի նոր ալիքի տարածման, այլ նույնիսկ հակառակը՝ նորմերի խիստ պահպանմամբ կփորձենք կանխել այն», - նշում է Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք շատ մտահոգված են թե իրենց այցելուների, թե աշխատակիցների առողջությամբ:
«Մեր վերաբացման լուրն այցելուները մեծ ոգևորությամբ ընդունեցին, սոցցանցերում մեր էջերին ակտիվորեն գրում էին, հայտնում իրենց ուրախությունը: Երբ փակ էինք, այն ժամանակ էլ էին գրում, հարցնում՝ երբ ենք բացվելու, ասում, որ շատ կարոտել են մեր ֆիլմերը, միջավայրը, պոպկորնը: Բացման օրն առավոտից արդեն իսկ այցելուներ ունեինք, որոնք սպասում էին՝ երբ ենք բացվելու, որ մտնեն ներս: Դա շատ պարտավորեցնող է», - ասում է «ԿինոՊարկի» տնօրենը:
«ԿինոՊարկը» «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999-ից։ Ընկերությունների խմբում աշխատում է մոտ 3000 աշխատակից, այն ՀՀ խոշոր հարկատուների ցանկում է։