25 նոյեմբերի 2020 - 16:10 AMT
ՀՈԴՎԱԾ
Էլ չենք տեսնի Արցախում
Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Նոյեմբերի 10-ին Արցախում հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմին է անցնելու ազատագրված Աղդամը, Քարվաճառն ու Լաչինը, ԼՂ-ում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու, կողմերը կանգ են առնելու իրենց զբաղեցրած տարածքներում։

Ադրբեջանին անցնող պատմամշակութային կոթողների վերջնական ցանկն Արցախի մշակույթի նախարարությունը դեռ հստակեցնում է: PanARMENIAN.Net-ը մեկտեղել է պատերազմի դադարեցման հայտարարության արդյունքում ադրբեջանական կողմին անցնող պատմամշակութային մի քանի հուշարձան, որոնք հայերը մոտ ապագայում այլևս չեն կարող այցելել. ցանկը հաստատել են նաև Արցախի մշնախից։

- Մ.թ.ա. 1 դարում՝ Տիգրան Մեծի օրոք կառուցված Տիգրանակերտ քաղաքը մեկն էր Տիգրան Մեծի օրոք իր կայսրության մեջ կառուցված 4 Տիգրանակերտներից։ Քաղաքի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին, 2006-ից սկսվել են պեղումները։ 2010-ի մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը։ Պատերազմից հետո ադրբեջանական կողմին է անցնում Տիգրանակերտի ամրոցն ու անտիկ քաղաքի՝ հայ գիտնականների պեղումների արդյունքում բացահայտված հատվածը։

- Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն էր, Արցախի խորհրդանիշերից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։ Խորհրդային տարիներին այն փակ էր, հետագայում եկեղեցին վերականգնվել է ու սկսել գործել։

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ընթացքում Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը երկու անգամ հրթիռակոծվել է ադրբեջանական ուժերի կողմից, հետագայում նաև վանդալիզմի ենթարկվել։ Շուշիի եկեղեցին մնալու է «ադրբեջանական տարածքում»։

- Քարվաճառի Տաք ջրեր կամ Ջերմաջուր հանքային աղբյուրների խումբը գտնվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանի վերին հոսանքում, 2200-2400 մ բարձրության վրա։ Տաք ջրերը հարուստ են բնական տաք աղբյուրներով, իսկ այդ աղբյուրները՝ հայտնի իրենց բուժիչ նշանակությամբ։

- Ադրբեջանի հսկողության տակ է հայտնվելու նաև Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին (Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի)։ Այն կառուցվել է 1818 թվականին, տեսանելի է Շուշիի գրեթե ամեն կետից։ Եկեղեցին այդ անունը ստացել է, քանի որ ժամանակին դրա գմբեթը եղել է կանաչ, պատերազմի ավարտից մի քանի օր անց գմբեթը ոչնչացվել է։

- Արցախի ամենահայտնի ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող Հունոտի կիրճը ևս անցնում է Ադրբեջանին։ Բնապատմական այս արգելոցը գտնվում է Շուշիի շրջանում: Այստեղ են նաև պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր: Ամենահայտնիներից մեկը Մամռոտ Քար ջրվեժն է, ավելի հայտնի որպես «Զոնտիկներ»: Այն սկիզբ է առնում կիրճի ներսից, ջուրը թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝ բնական լողավազանի մոտ: Այս կիրճում են նաև Ավանա Կարան և Ալեքսանա Ղուզե քարանձավները, Ջդրդուզ դաշտը, Շուշիի պարիսպները, Հունոտի ջրաղացն ու Հունոտ գյուղը։

- Հադրութի շրջանում գտնվող Գտչավանք վանական համալիրը, որը հիշատակվում է դեռ վաղ միջնադարյան աղբյուրներում, նույնպես մնում է ադրբեջանական կողմին։ Գտչավանքը հոգևոր մեծ ժառանգություն լինելուց զատ նաև մշակութային կենտրոն էր․ 15-18-րդ դարերում այդտեղ բազմաթիվ պատմաազգագիտական երկեր են գրվել։ Վանական համալիրի պատերին 13-14-րդ դարերի արձանագրությունները ևս փոխանցում են կարևոր տեղեկություններ։ Վանական համալիրի բոլոր առանձնահատկություններին գումարվում է նաև ճարտարապետությունը․19-րդ դարում Լեոյի «Իմ հիշատակարանում» վանքի ճարտարապետությունը բնութագրվում է որպես Բագրատունյաց ոճի կնիքը կրող: Գտչավանքի տարածքում նաև բազմաթիվ խաչքարեր կան։

Ոչ հայկական և ոչ էլ ադրբեջանական են մնում Դադիվանքն ու Ամարասը. դրանք կհսկեն ռուս խաղաղապահները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net