5 փետրվարի 2021 - 16:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Գնել ինքնաթիռ, կառուցել թռիչքուղի, դառնալ առաջին կին օդաչուն
Ինչպես Դիանան հասավ նպատակին
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանում առաջին անգամ կինը մասնավոր օդաչուի արտոնագիր է ստացել: 32-ամյա բժիշկ-ռադիոլոգ Դիանա Սահակյանը երկար ճանապարհ է անցել իր նպատակին հասնելու համար:

PanARMENIAN.Net-ը զրուցել է մասնավոր օդաչուի արտոնագիր (Private Pilot License) ստացած Դիանայի հետ և պարզել, որ ճախրելու երազանքն իրագործելու համար անհրաժեշտ է ինքնաթիռ, թռիչքուղի, օդաչու հայրիկ, լավ ընկերներ և անկոտրում կամք:

«Ընկերներիս հետ միասին օդանավ գնեցինք». իսկ ի՞նչ եք անում դուք՝ ընկերներով

«Մանկական երազանք էր: Մեզ մոտ օդաչու լինելն ընտանեկան ավանդույթ է, կարելի է ասել. պապիկս էր օդաչու, հայրս է օդաչու, եղբայրս պարապլաներիստ է: Մենք միշտ կապված ենք եղել օդի հետ: Իսկ նախանցյալ տարի ընկերներով և ընտանիքով որոշեցինք օդանավ գնել, Cessna 172 տիպի փոքր՝ 4 անձի համար նախատեսված ինքնաթիռը գնեցինք, բերեցինք այստեղ:

Այնուհետև «Ավիաուսումնական կենտրոնի» հետ միասին կարողացանք կազմակերպել դասերը: Էլի ընկերներով մեր ֆինանսական միջոցներով Եղվարդի մոտակայքում թռիչքուղի կառուցեցինք: Իսկ գիտելիքների և մարդկային ռեսուրսի տեսանկյունից շատ մեծ ներդրում ունեցավ հայրս՝ որպես մասնագետ», - պատմում է Դիանան:

45 ժամ օդում, մասնագիտական անգլերեն և տեսություն

2020-ի հունվարին սկսվեցին տեսական դասերը, որոնց ավարտից հետո Դիանան անցավ գործնական պարապմունքների՝ թռիչքների: Տեսական կուրսը մոտ 3 շաբաթ է՝ 104 ժամ: Օդաչուի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է նաև բարձր մակարդակի մասնագիտական անգլերեն ուսումնասիրել՝ 60 ժամ, և հանձնել քննություն, ինչը և արեց Դիանան: Եվ ամենակարևորն ու հաճելին՝ 45 ժամ օդում:

«45 ժամ թռիչքների ընթացքում մի քանի ստուգարք ենք ունեցել: Այդ թռիչքային ժամանակի մեջ մտնում են նաև ինքնուրույն թռիչքները: ՀՀ օրենքներով՝ կուրսանտն իրավունք չունի ինքնաթիռի մեջ միայնակ գտնվել, մեզ հետ նստում է ինստրուկտորը, սակայն ինքնուրույն թռիչքների ընթացքում նա իրավունք չունի որևէ բանով օգնել, այլապես դա չի համարվի ինքնուրույն թռիչք», - նշում է Դիանան:

Ասում է, որ նաև հնարքներ է սովորել, պարապել էքստրեմալ իրավիճակներում, սովորել՝ ինչ է պետք անել, եթե շարժիչը դուրս է գալիս շարքից:

«Կարող եմ ընկերներիս հետ թռչել՝ ուր ուզեմ»

«Ամբողջ գարուն, ամռանը և սեպտեմբերին՝ որքան հնարավոր էր, թռիչքներ էինք իրականացնում: Ես մեր խմբի միակ կինն էի, սկզբում 5-6 հոգով էինք սկսել կուրսը, այնուհետև 4-ով մնացինք: Առավոտյան ժամը 06:00-ին գնում էինք թռիչքների, այնուհետև ես գնում էի աշխատանքի:

Մեր արտոնագիրը նախատեսված է սիրողական թռիչքներ իրականացնելու համար, այսինքն՝ մենք կարող ենք մեզ համար թռչել, մեկնել որևէ տեղ, բայց կոմերցիոն թռիչքներ իրականացնելու իրավունք չունենք: Կարող ենք մեր ընկերների, ընտանիքի անդամների կամ յուրաքանչյուրի հետ, ով կուզի, ճանապարհորդել ցանկացած տեղ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ երկրից դուրս, եթե ստանանք համապատասխան թույլտվություն», - նշում է Դիանան՝ հավելելով, որ Հայաստանն աննկարագրելի գեղեցիկ է երկնքից:

$10,000 և դուք օդաչու եք

Խոսելով հարցի ֆինանսական կողմի մասին՝ Դիանան նշում է, որ թռչելը բավականին թանկ հաճույք է:

«Կախված ինքնաթիռի վարձակալությունից և այլն, թռիչքային ժամը մինչև $200 կարող է արժենալ: Ընդհանուր կուրսը՝ տեսական և թռիչքային պարապմունքները, մոտ $10,000 արժեն: Սիրողական օդաչու դառնալու համար, երևի, նորմալ է», - ժպտալով հավելում է Դիանան:

«Կան պլաններ ընդլայնվելու: Իհարկե, ամեն ինչ կախված է նաև երկրի վիճակից: Եթե ամեն ինչ լավ լինի, ուզում ենք ուսումնական կենտրոնն ավելի հիմնովին պատրաստել, որովհետև շատերն են ուզում գալ և սովորել: Ուզում ենք նաև տուրիզմի ոլորտի վրա շեշտ դնել: Լինելով բժիշկ՝ գիտակցում եմ, որ Հայաստանում նաև սանավիացիան է պետք զարգացնել: Շատ ոլորտներ կան, որտեղ ավիացիան հարկավոր է զարգացնել», - նշում է օդաչուն:

Չնայած ավիացիայի ոլորտում «ոտքը պնդացնելու» պլաններին, Դիանան չի պլանավորում հրաժեշտ տալ բժշկի մասնագիտությանը: Ասում է, որ անկախ դժվարություններից՝ համատեղելու է. «Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում: Պատրաստ չեմ լիովին թողնել»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net